Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը ամփոփեց անցնող տարին
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ տարվերջյան մամուլի ասուլիս էր հրավիրել, ներկայացնելու, իր խոսքով, «այս տարվա ձեռքբերումները»: Ըստ նախարարի ներկայացրած տվյալների, 2010-ին արտադրվել է 6,5 մլրդ կվտ/ժ էլեկտրաէերգիա, ինչը 821 մլն կվտ/ժ-ով կամ 15 տոկոսով ավելի է 2009-ին արտադրվածից: Փոքր հիդրոէլեկտրակայանները այս տարի 38 տոկոսով ավելի էլեկտրաէներգիա են արտադրել, ատոմակայանում ժամանակին կատարվել են բոլոր աշխատանքները: Մի խոսքով, Արմեն Մովսիսյանի հավաստմամբ, էներգետիկ համակարգը պատրաստ է ձմռանը: Նա նաեւ ավելացրեց, որ այս տարի կառուցվել է Երեւանի շոգեգազային նոր էներգաբլոկը, որ հնարավորություն տվեց գազի թանկացման պայմաններում անփոփոխ պահել էլեկտրաէներգիայի արտադրությունը:
Ինչ վերաբերում է բնական ռեսուրսներին եւ հանքարդյունաբերությանը, ապա այս տարի արդյունահանվել է 16 տոկոսով ավելի հանքաքար, որից արտադրվել է 32 տոկոսով ավելի պղնձի խտանյութ քան անցած տարի, 0,2 տոկոսով ավելի մոլիբդենի, 98 տոկոսով ավելի բազմամետաղների, այդ թվում 121 տոկոսով ավելի ցինկի խտանյութեր: Խտանյութերի արտադրանքը անցյալ տարվա ցուցանիշի համեմատ 140 մլրդ դրամով կամ 59 տոկոսով ավելի է եղել: Դա, ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի, խոսում է այն մասին, թե ինչ թափով է ճգնաժամից հետո վերականգնվել այս ոլորտը:
Քիմիական արդյունաբերության արտադրանքը 8,7 տոկոսով ավելի է եղել, իսկ դրամային արտահայտությամբՙ 70 տոկոսով: Հիմնականում դա Վանաձորի քիմպրոմի կողմից կորունդների արտադրության շնորհիվ է, ինչպես նաեւ «Նաիրիտի» արտադրանք: Թեեւ բնեղեն արտահայտությամբ «Նաիրիտը» ավելի քիչ արտադրանք է թողարկել: Ի դեպ, «Նաիրիտի» վերաբերյալ Արմեն Մովսիսյանը հայտնեց, որ քննարկվում է ընկերության վերագործարկման ծրագիրը, իսկ աշխատակիցների աշխատավարձերի պարտքն արդեն վճարվել է:
Այս տարվա ընթացքում իրականացման փուլ մտած նախագծերից նախարարը հիշատակեց Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի, Մեղրու ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ իրանական կողմի հետ կնքված պայմանագրերը:
«Ազգի» հարցին, թե Հայաստանում ե՞րբ պղնձաձուլարան կստեղծվի, որպեսզի պղնձի խտանյութի փոխարեն մաքուր պղինձ արտահանենք, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը պատասխանեց, որ նման մեծ ներդրում պահանջող գործի համար անհրաժեշտ է իրավական դաշտը գրավիչ դարձնել եւ պղնձի թողարկման ծավալները հասցնել այնպիսի մակարդակի, որպեսզի պղնձաձուլարանը տնտեսապես շահավետ գործի: Համենայն դեպս, Արմեն Մովսիսյանը հավաստիացրեց, որ այս ուղղություննեով աշխատանքներ տարվում են:
Այս տարի նախատեսվող, բայց դեռ չսկսված ծրագրերից Արմեն Մովսիսյանը նշեց Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերակառուցումը, որը կավարտվի եկող տարվա առաջին եռամսյակի վերջում եւ Իրան-Հայաստան նավթատար խողովակը, որի շինարարությունը նախատեսվում է եկող տարվա 2-րդ եռամսյակին:
Հայաստանում ուրանի պաշարների առկայության մասին տրված հարցին, նախարարը այս անգամ էլ պատասխանեց, որ հաստատված պաշարներ մեզ մոտ չկան եւ այժմ հետախուզական աշխատանքներ են տարվում: Եթե դրանք հայտնաբերվեն, ապա կախված նրանից, թե ինչ ծավալներ կան եւ տնտեսապես շահավե՞տ է դրանց արդյունահանումը, պետություն կորոշի, թե ինչպես դրանք շահագործիՙ նվազագույն ազդեցությամբ շրջակա միջավայրի վրա: Արմեն Մովիսյանը տեղեկացրեց, որ պաշարների առկայության մասին հայտնի կդառնա եկող տարվա վերջին:
Նոր ատոմակայանի վերաբերյալ տրված հարցին պատասխանելով, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն ասաց, որ Ռուսաստանն է կառուցելու ռեակտորը եւ նրա կղզյակը, բայց շինարարությանը մասնակցելու բազմաթիվ ցանկություն հայտնողներ կան: Նրանց համար մարտ ամսին կկազմակերպվի կոնֆերանս, եւ կներկայացվեն բոլոր պահանջները: