Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը երեկ «Հենարան» ակումբում ներկայացրեց հեռարձակման թվայնացման վերաբերյալ այլընտրանքային առաջարկությունների փաթեթը: Կոմիտեի աշխատանքային խումբը 2010 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում հեռուստառադիոհեռարձակման թվայնացման համակարգին անցնելու գործընթացն է ուսումնասիրել: Կոմիտեի փորձագետները հետազոտել են օրենսդրական եւ այլ նորմատիվ փաստաթղթերը, հետեւել դրանց կիրառմանը: «Մենք ստեղծել ենք մի մոդել, որը ներառում է ինչպես օրենսդրական, այնպես էլ տեխնիկական ու հանրային աշխատանք», ասաց Աշոտ Միքայելյանը եւ բացատրեց, որ օրենսդրական մոդելի հիմքում պարզ լիցենզավորման գաղափարն է: Այսինքն` հեռարձակողը, տվյալ դեպքումՙ հեռուստաընկերությունը, պետք է լիցենզիա ստանա պարզ ընթացակարգով եւ հետո որոշի` արդյոք ուզո՞ւմ է մասնակցել հեռարձակման պետական մրցույթներին, թե՞ ընտրում է ինտերնետային, կաբելային կամ արբանյակային հեռարձակման տարբերակները: «Ստացվում է, որ պարզ ընթացակարգով լիցենզիա ստանալու պարագայում տվյալ սուբյեկտը ինքն է որոշում, թե ի՞նչ եղանակով պետք է տարածի իր հաղորդումները»:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանն էլ անդրադառնալով իրենց օրենսդրական առաջարկություններին` նշեց. «Ովքեր ցանկանում են իրականացնել հեռարձակում, հարկ է` ոչ թե մասնակցեն լիցենզավորման ինչ-որ մրցույթների, այլ պարզ ընթացակարգով ստանան իրենց լիցենզիան: Համաձայն այս փոփոխությունների` մրցույթներ նախատեսված են միայն պետական շահագործման կապուղիներով հեռարձակելու համար»:
Աշոտ Մելիքյանը տեղեկացրեց, որ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն պատրաստվում է առաջարկությունների փաթեթը ներկայացնել Ազգային ժողովի 5 կուսակցություններին, գործադիր իշխանության իրավասու մարմիններին, միջազգային կազմակերպություններին եւ մարդու իրավունքների պաշտպանի հովանու ներքո գործող աշխատանքային խմբին:
Ի. Պ.