«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2010-12-18 | #235, 2010-12-21 | #236, 2010-12-22


ՓՈԹՈՐԿԻ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԵՎ «ԱՐՄԵՆԻԱ»-Ի ՀԱՐՍԸ

Կարծեմ ոչ հեռավոր անցյալում ես արդեն օգտագործել եմ այդպիսի վերնագիր: Փոթորկի նախազգուշացում: Եվ անշուշտ, նավարկության այս երկար տարիների ընթացքում չէի կարող չանդրադառնալ այդ թեմային: Այս բառակապակցությունը լայնորեն տարածված է ոչ միայն ծովայինների շրջանում: Կամչատկայում անցկացրած տասը տարիներին ես թերեւս հազար անգամ տեղական ռադիոյով լսել եմ այդ, ես կասեիՙ վեհ ու մարդասիրական հաղորդումը: Ով գիտի, թե քանի՜-քանի՜ մարդիկ են փրկվել հենց միայն վտանգի նախազգուշացման շնորհիվ ե՛ւ ծովում, ե՛ւ տունդրայում, ե՛ւ դեպի Ավաչա հրաբուխ կամ Հեյզերների հովիտ կատարվող սիրված արշավների ընթացքում:

Սակայն լավ է, երբ գտնվում ես նավահանգստում եւ, լսելով փոթորկի նախազգուշացման մասին, ճոպաններն ավելի ամուր ես կապում կառանակոճղերին: Իրականում այդ նախազգուշացումը հավասար է օրենքի, եւ այն էլՙ բառացիորեն: Իրավունք չունես ծով դուրս գալու: Քեզ պարզապես թույլ չեն տա: Եվ այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն փոխել հրամանը, նստի՛ր քո տեղում: Բայց ահա ի՞նչ անել, եթե արդեն ծովում ես գտնվում, կամ ինչպես մենք հիմաՙ բաց օվկիանոսում: Ոչ մի բան: Չէ՞ որ ցանկացած շուրջերկրյա նավարկության երթուղում կան ճանապարհահատվածներ, երբ միայն ամսվա ընթացքում փոթորիկները երբեմն կարող են երեք շաբաթ տեւել: Օրինակ, մենք Լա Պալմա կղզուց Բարբադոս կղզի հասանք քսաներկու օրում: Եվ այդ ընթացքում ցամաքում հավանաբար բազմաթիվ անգամներ փոթորկի նախազգուշացում էր հայտարարվել: Մենք էլ ոչ մեկ անգամ մեր մաշկի վրա զգացինք ցիկլոնի «քիթը» կամ «պոչը», որի պատճառով ափին ինչ-որ տեղ ամուր փակվել էին նավահանգիստները: Մի խոսքով, եթե բաց ծովում ես, թաքնվելու տեղ չունես: Պարզապես մենք տեղեկություն ստացանք, որ փակել են Սան-Ֆերնանդո նավահանգիստը: Բայց չէ՞ որ բառացիորեն մի քանի օր առաջ էլ մենք նստել էինք Սան-Ֆերնանդոյում փոթորկի նախազգուշացման պատճառով: Այնպես որ, նման բան էլ է պատահում: Ի դեպ, երեք շաբաթ մենք աշխատեցինք նավահանգստում, նախապատրաստվելով դուրս գալ օվկիանոս, եւ բոլոր օրերն առանց բացառության հանգիստ էին, եթե չասենքՙ անհողմ: Այդպիսի բան էլ է պատահում:

Եվ այսպես, մենք անցնում ենք փոթորկի միջով, իմանալով որ փակ են քարտեզի վրա մեր ճանապարհին գտնվող բոլոր մոտակա նավահանգիստները: Ուզում եմ ասել նաեւ, որ փոթորկի նախազգուշացումը մեծապես վերաբերում է եւ նրանց, ովքեր արդեն գտնվում են ծովում: Եվ դա շատ էլ տրամաբանական է: Չէ՞ որ խոսքն այն շրջանի մասին է, որտեղ լողում ես, եւ որտեղ մոլեգնում է տարերքը: Մի՞թե մեզ համար կարեւոր չէ իմանալ այդ ցիկլոնի պարամետրերը: Ասենքՙ քամու արագությունը, որն այժմ մեզ մոտ հասնում է ժամում 40-45 կիլոմետրի: Եվ կամ քամու ու հոսանքի ուղղությունը: Մեր դեպքում դրանք ավելի հարավում են գտնվում, այսինքնՙ փչում են հարավից դեպի հյուսիս: Իսկ մենք շարժվում ենք հյուսիսից դեպի հարավ: Առագաստի համար կարո՞ղ է ավելի նողկալի մի բան լինել, քան հանդիպակաց քամին: Կան նաեւ ցիկլոնի երկարության ու լայնության ընդգրկման ցուցանիշներ: Դրանք էլ շատ կարեւոր են: Նման դեպքերում կարելի է խուսանավել, կախված նրանից, թե ինչ տեղում ես գտնվում եւ ցիկլոնի որ մասում: Խուսանավելՙ նշանակում է միաժամանակ երկարացնել տարածությունը: Քանզի փոխել հալսըՙ նույնն է, թե մղոններ կորցնել: Եվ ի՞նչ: Այդ բոլոր հաշվարկները կարող են փրկօղակ դառնալ այն դեպքում, երբ գործուն են: Իսկ մեր անձնակազմն առավել քան փորձառու է, այն էլ մի այնպիսի ասս-նավապետի ձեռքի տակ, ինչպիսին Սամվել Կարապետյանն է:

...Վաղուց չէինք եղել ճոճքի մեջ: Ամենից դժվար, իհարկե, մեր նորեկիՙ Սարգիս Կուզանյանի համար էր: Որքան էլ որ զգուշացրել էինք, որ ամուր տուփավորի իր ողջ ամանեղենը, միեւնույնն է, ժամանակ առ ժամանակ կամբուզից շրխկոցներ էին լսվում: Բնականաբար նավում չունենք մի հատիկ աման, մի հատիկ սպասք, մի խոսքովՙ ոչ մի այնպիսի բան, որ կարող է ճաքել, փշուր-փշուր լինել: Այդ ժառանգությունը Սաքոն ստացել է մեր անմոռանալի Սամվելից: Պետք է ասել, որ Սաքոն ինքն էլ արդեն հավաքել ու ընտրել է այն ամենը, ինչ չէր բավականացնում:

...Կարծում եմ, նրանք, ովքեր հետեւում են աշխարհաշուրջի ընթացքին, չգիտեն, որ մեր ղեկակալ Վահագն Մաթեւոսյանը մի ահռելի նորություն ունի: Նա իր հարսանիքը ծրագրել էր միայն շուրջերկրյա նավարկության ավարտին, բայց օգտվելով դրա ակամա ընդհատումից, առաջ անցավ իր սեւանցի ամուրի հայրենակցիցՙ «Արմենիա»-ի բոցման Մուշեղ Բարսեղյանից: Եվ ահա փետրվարի կեսերին, երբ արդեն ոչ մի ռեպորտաժ չէր տպագրվում, ողջ անձնակազմը (ճիշտ է, առանց կոկի, առանց Սամվել Սարգսյանի) եւ Սեւան քաղաքի կեսը բավական աղմկոտ հարսանիք թնդացրին: Եվ մեր հարս Անուշիկը դարձավ «Արմենիա»-ի ղեկակալի, առագաստային սպորտի Հայաստանի չեմպիոն, Ֆիզկուլտուրայի հայկական ինստիտուտի շրջանավարտ, սպորտի վարպետ Վահագն Մաթեւոսյանի կինը: Եվ ահա վերջերս, հիշելով մեծ զանգեզուրցի Սերո Խանզադյանին, ողջ անձնակազմի ներկայությամբ դիմեցի Վահագնին. «Նման դեպքերում Սերո Խանզադյանն ասում էրՙ մուկը կարասը չի՞ ընկել»: Վահագնն ամբողջովին շառագունեց: Ապա ծիծաղեց եւ համեստորեն ասաց. «Ընկել է»: Բնականաբար չորս կողմից հետաքրքրվեցինՙ տղա է, թե՞ աղջիկ: Չէ՞ որ հիմա, ցավոք, բոլորը նախապես են իմանում այդ մեծ ու խորհրդավոր գաղտնիքը: Եվ խեղճ Վահագնը, գլուխը կախ, հազիվ արտաբերեց. «Սկզբում ասացինՙ տղա է, հետո էլ, թե աղջիկ է»: Քրքիջը լցրեց ընդհանուր նավասենյակը: Խեղճ Վահագնը ստիպված էր միանալ բոլորին: Ծիծաղում էր, կարմրելով: Մինչ նրան կհանգստացնեին, թե շատ լավ է, երբ առաջինը աղջիկ է լինում, թե ավելի լավ է, երբ երկրորդն էլ է աղջիկ լինում, որովհետեւ այդ դեպքում, տղայի սպասելով, կծնվի երրորդ, մեկ էլ տեսարՙ չորրորդ երեխան, ես արդեն նավախելից հեռախոսով խոսում էի Մոր եւ մանկան կենտրոնի ղեկավար Գեորգի Օկոեւի հետ: Նրան պատմեցի նավում ստեղծված իրադրության մասին: Ապա զանգեցի Սեւանՙ Անուշիկին եւ հրամայելու կարգով ասացի, որ հաջորդ օրն իսկ գնա Երեւան, Օկոեւի մոտ:

Հաջորդ օրը կեսօրին, երբ մեզ մոտ վաղ առավոտ էր, զանգեց Օկոեւը եւ բավական բարձր ու պարզորոշ, մի ինչ-որ վերամբարձ տոնով տեղեկացրեց. «Ես պաշտոնապես հայտարարում եմ, երաշխավորում եմ հարյուր տոկոսով, եթե ոչ ավելի, որ «Արմենիա»-ի նավաստի Վահագն Մաթեւոսյանը տղա է ունենալու»: Ճիշտ է, ես չգիտեմ, ի՞նչ նկատի ուներ Գոգա Օկոեւը, երբ ասացՙ «եթե ոչ ավելի» բայց երբեք չեմ մոռանա Վահագնի աչքերն այդ պահին:

...Սողում ենք զիգզագներով, ժամանակ առ ժամանակ փոխելով հալսը, առագաստի երեսը թեքելով դեպի հանդիպակաց քամի: Որքան էլ շտապում ենք, չենք կարող շրջանցել Մար դել Պլատա նավահանգիստը, որտեղ կա հայկական փոքր համայնք:

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4