Էն Արբորի «Կարավան Բուքս» հրատարակչատունը հրատարակել է Ռոբերտ Թոմսոնի «Սբ. Գրիգորի կյանքերը: Ագաթանգեղոսին վերագրված պատմության հայկական, հունական, արաբական եւ ասորական (սիրիական) տարբերակները» ուսումնասիրությունը: Անգլերեն թարգմանության առաջաբանով եւ մեկնաբանություններով հատորը, ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի, բաղկացած է 546 էջից եւ մեկ քարտեզից: Գրքի արժեքն է 90 դոլար:
Հեղինակը Օքսֆորդի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի «Գալուստ Գյուլբենկյան» մրցանակի արժանացած վաստակավոր պրոֆեսոր է, ով 1969-ից 1992 թվերին Հարվարդի համալսարանում է դասավանդել, իսկ 1984-ից 1989 թթ. եղել է Վաշինգտոնի «Դումբարտոն Օուքս-ի» տնօրենը: Հեղինակ է բազմաթիվ պատմական, փիլիսոփայական եւ աստվածաբանական ուսումնասիրությունների: 1995-ից բրիտանական ակադեմիայի անդամ է:
Սբ Գրիգոր Լուսավորչի կյանքի եւ գործունեության ավանդական պատմությունները այլ լեզուներում գրի առնված տարբերակների համեմատությամբ հետաքրքրական մանրամասներով հարստացնում են հայկական վաղ շրջանի եկեղեցու պատմության զարգացման փուլերը: Գիրքը մեծ ներդրում է քրիստոնեական աշխարհում հայոց պատմությամբ հետաքրքրվողների համար:
Հավելյալ տեղեկությունների եւ գրքի ձեռքբերման համար այցելել http://www.scholarsbooklist.com կայքը կամ գրել «Academic Resources, Post office Box 5934, CareFree, Arizona հասցեին:
Հ. Ծ.