«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2010-12-18 | #235, 2010-12-21 | #236, 2010-12-22


ՉՏԵՍՆՎԱԾ ԵՎ ՉԼՍՎԱԾ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ

Չեք հավատա, գողացել են մեր երեխաների ներկան եւ ապագան

Գողացել են երեխաների ամենասիրված հեռուստակայանը` «Հայրենիքը», միակ հեռուստակայանը, որ աշխատում էր միայն երեխաների համար, երեխաներին լավ մարդ դարձնելու համար: Հեռուստակայան, որը միակն էր, որ գովազդ չուներ եւ չէր քննադատվում, այլ միշտ գովաբանվում էր, որովհետեւ բարիություն ու մարդասիրություն էր սերմանում: Համաշխարհային եւ մեր ազգային բարձր կարգի մշակույթն էր պրոպագանդում, ամենակարեւորը` երեխաներին կտրում էր գորշ հեռուստաալիքներից, բթացնող, գռեհիկ «Epe-1»-ից, թունավոր «Վիտամիններից», «32 ատամներից», փողոցային ժարգոնից, կրիմինալի գովերգումից եւ հրամցնում էր բարձր արվեստ ու մշակույթ: Օգնում էր գեղեցիկ ձեւավորել երեխաների ապագան: Մեր ամենաոխերիմ թշնամին անգամ երեխաների նկատմամբ նման քայլ չէր անի:

Տեսնես պրն Ամալյանը երեխաներ եւ թոռներ ունի՞, լավ, բա հանձնաժողովի մյուս անդամներն է՞լ երեխա չունեն, թե՞ նրանք կարիք չունեն դաստիարակման: Եվ ո՞վ է ստեղծել ազգային հանձնաժողովը: Ի՞նչ ազգային, այսուհետեւ պետք է կոչել հակաազգային: Եվ ի՞նչ են պատճառաբանել: Ոչ ոք իրավունք չունի երկու հեռուստակայան ունենալու (չնայած մարդ կաՙ 5 հեռուստաալիքներում բաժին ունի): Բայց ո՞վ ասաց, որ «Հայրենիքը» Հրանտ Վարդանյանի սեփականությունն է:

Ո՛չ, «Հայրենիքը» մեր երեխաներինն է, որը նվեր են ստացել Հրանտ Վարդանյանից, որի համար ե՛ւ մեր երեխաները, ե՛ւ հետագա սերունդները երախտապարտ կլինեն նրան: Մի՞թե Հայաստանում կա մեկը, որ չիմանա, որ այդ կայանով Հրանտ Վարդանյանը ոչ մի լումա չի աշխատում, ընդհակառակը, նա մեծ գումարներ է դնում կայանը աշխատեցնելու համար: Եվ դա անում է միայն ու միայն երեխաների համար: Չեմ զարմանա, որ վաղը գան ու Վարդանյանին ասեն. «Դու տուգանված ես, ինչո՞ւ ես կենդանի փիղ պահում, դեռ անունդ էլ վրան դնում, ինչպես բերել ես, այնպես էլ տար այդ վայրի կենդանուն»... Մի՛ ծիծաղեք: Մի օր էլ դա կասեն: Ուրեմն անհապաղ վերադարձրեք մեր երեխաների ունեցվածքը, պարոն հանձնաժողովականներ:

Հիմա մի փոքր կանգ առնենք մի հեռուստակայանի երկու ժամվա աշխատանքի վրա, հեռուստակայան, որը շատ են սիրում հանձնաժողովի անդամները եւ նրանց կառավարողները: «Արմենիա»-ով վերջին ամիսներին ցուցադրում են «Վերադարձ» հայկական հեռուստասերիալը: Ես եւ շատ-շատերը վաղուց չենք դիտում «Արմենիան», բայց այդ սերիալը դիտում ենք, չնայած թերություններին: Անհամբեր սպասում ենք, որովհետեւ ֆիլմի բովանդակությունը շատ է հարազատ, հատկապես իմ սերնդինՙ երկրաշարժի ողբերգությամբ եւ ղարաբաղյան պատերազմի հերոսությամբ ու հաղթանակով: Իհարկե, չկա մի ընտանիք, որ երկրաշարժի կամ էլ պատերազմի ժամանակ կորուստ չունենար, ահա թե ինչու այդ կինոնկարը դիտելիս ե՛ւ արտասվում ենք, ե՛ւ հպարտանում: Սակայն այդ լավ գործն էլ «Արմենիան» չի կարողանում պատշաճ կարգով մատուցել:

Դատեք ինքներդ: Բացեք «Արմենիայի» վերջին ամիսների հաղորդումների ծրագիրը, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ ժամը 21:30-ից մինչեւ 22:30-ը ցուցադրելու են «Վերադարձը»: Հիմա ուշադրություն դարձրեք: Իրականում 21:30-ից սկսվում է գովազդը եւ, երեւի չհավատաք, առանց ընդմիջման տեւում է մինչեւ 22:30-ը, նորից եմ կրկնում, մեկժամանոց գովազդից հետո, մեկ ժամ ուշացումով սկսվում է «Վերադարձը», որի առաջին 5 րոպեն նախորդ օրվա վերջին կադրերն են ցուցադրում, հինգ րոպեից հետո այս անգամ 6-րոպեանոց գովազդ է, իսկ 22:50-ին սերիան վերջանում է, ցուցադրելով ընդամենը 18 րոպե: Եվ այսպես ամեն օր, բացի շաբաթ եւ կիրակի օրերից: Իհարկե, եթե մենք կարգին հանձնաժողով ունենայինք, այսպիսի խայտառակություն տեղի չէր ունենա:

Չեմ հասկանում, ո՞ւմ է ծաղրում «Արմենիան»: Հեռուստադիտողի՞ն, իր գործից լրիվ անտեղյակ Ամալյանի՞ն, թե՞ իրեն:

Միակ փրկության միջոցը թե՛ իրենց համար, թե՛ ժողովրդի համար ՀՌԱՀ-ից ազատվելն է: Ուստի Հայաստանի բոլոր երեխաների անունից պահանջում եմ ՀՌԱՀ-ի հրաժարականը, չեղյալ համարելով նրանց վերջին ազգավնաս որոշումը: Ստեղծել լրիվ նոր հանձնաժողով` հոգիները չվաճառած, բարձր կուլտուրայի տեր գրագետ պրոֆեսիոնալներից:

ԿԱՌԼԵՆ ՔԱԼԱՇՅԱՆ, Մանկավարժ-լրագրող


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4