«Ազգ» թերթից իմացա. նշվելու է Ռոբերտ Պետրոսյանի 80-ամյակը հոբելյանական համերգովՙ ֆիլհարմոնիկի դահլիճում: Անկեղծ ասած, անսպասելի էր,բայց շատ շոյիչ:
Չգիտեմ ինչու, կարծում եմ, որ եթե կենդանի լիներ, թերեւս, այս ժամանակներում, չնշվեր նրա 80-ամյակը նախ եւ առաջ այն պատճառով, որ ինքը, մեր Ռոբերտ Պետրոսյանը, իր մեծարման հարցով չէր դիմի եւ ոչ մեկին չէր դիմի, որովհետեւ... եւ ոչ մի հարցում էլ չի դիմել: Գլուխը կախ աշխատել ու կերտել է ի փառս հայրենյաց: Կերտել ու շահել է բոլոր ժանրերում, թե մեծերի եւ թե փոքրերի համար: Եվ եթե նրա ստացած մրցանակները մեկ առ մեկ բաժանեինք մեր բոլորիս վրա, ապա մոտ 80-90 կոմպոզիտորներ ավելի կերջանկանային: Այդքան մրցանակներ ուներ: Այդքան մրցանակների պարագայում էլ նույնչափ քչախոս էր իր ձեռքբերումների մեջ:
Վաղամեռիկ Հրաչյա Մելիք Մուրադյանը («Կարմիր գլխարկ» բալետի հեղինակը) մի առիթով ասաց ինձ,- քո Հախինյանը (ես սովորել եմ երկու մեծ Գրիգորների դասարանումՙ Հախինյան եւ Եղիազարյան) գիտե քյամանչայից մինչեւ ...սաքսոֆոն: Նույնը կասեմ Ռոբերտ Պետրոսյանի մասինՙ նրա համար ոչ մի երաժշտական գործիք գաղտնիքներ չունի, այստեղից էլ բխող նրա գործիքային, նվագախմբային երաժշտության հնչեղության փայլը: Անգամ ժողգործիքների նվագախումբը նրա մոտ, թե՛ որպես մենանվագ եւ թե՛ որպես ձայնակցող, միեւնույն է, հնչում էր ասես ինչպես սիմֆոնիկ նվագախումբ, սրա հետ մեկտեղ պահպանելով ժողգործիքներին բնորոշ երանգը, համն ու կոլորիտը: Իսկ նրա երգչախմբային փայլուն ստեղծագործությունների մասին այստեղ թերեւս ավելի լավ կասեն մեր ճանաչված խմբավարները: Հայ կոմպոզիտոր էր իր ամբողջ ուղն ու ծուծով, հոգով ու մտածելակերպով:
Երջանկություն եմ ունեցել կատարվելու Ռոբերտ Պետրոսյանի հետ բացի Կոմպոզիտորների միության կազմակերպած զանազան համերգներում, նաեւ Սովետ Միության մեջ, մասնավորապես Ռիգայում, Վագների տանը, որտեղի մանկական երգչախումբը կատարեց նրա խմբերգըՙ արժանանալով բուռն ծափահարությունների: Իսկ համերգից հետո այն կատարվեց եւս մեկ անգամ հատուկ տեսագրող հեռուստատեսության համար: Խարկովում կազմակերպված հայ փողային երաժշտության համերգում ղեկավարել ենք նվագախումբը մեր ստեղծագործություններով: Մենք մոտ էինք, կար փոխադարձ հարգանք: Իսրայել տեղափոխվելուց հետո երբեմն-երբեմն զանգահարում էի: Վերջին շրջանում արդեն գիտեի առողջական վիճակի մասին: Խոսեցինք իրար հետ: Չբողոքեց...
Մահվան բոթը ինձ հասցրեց Երուսաղեմում գործուղումով աշխատող Ռոբերտի փեսան: Զանգահարեցի իրենց տուն...խոսելը ծանր էր... հիմա էլ ծանր է...: Կինը ասացՙ հոգեհանգիստը պիտի լինի երգչախմբային ընկերությունում: Լավ զգացի: Եվ չնայած վստահ էի հարգարժան Դավիթ Ղազարյանի մարդկային արժանիքներին, այնուամենայնիվ, չգիտես ինչու, ես նույնպես զանգահարեցի Դավիթ Գարսեվանովին, համոզվելու եւ ասես ամրացնելու համար իմ մեջ նրա առաքինի որոշումը եւ հայտնեցի շնորհակալությունս:
Ասածս զավեշտ չընդունեք, բայց ահա թե ինչ եմ ուզում առաջարկել այսօր: Մեզ բոլորիս հայտնի է «հետմահու» օգտագործվող արտահայտությունը, մանավանդ, երբ սխրանք գործող հերոսին պարգեւատրում են այս կամ այն պարգեւով: Խնդրելով դիմում եմ մշակույթի նախարարությանը, որ հաշվի առնելով մեր Ռոբերտ Պետրոսյանի ավանդն ու հետքը հայ երաժշտության մեջ, պարգեւել նրան հետմահու Արվեստի վաստակավոր գործչի կոչում: Հավատացնում եմ ձեզ, որ վերջին շրջանում զանազան կոչումներ ստացած բազմաթիվ անցողիկ անձանց կողքին նրա փայլը չէր խամրելու: Վերջում հոգաչափ շնորհակալ եմ այսօրվա, այս հուշ-երեկոյի կազմակերպիչներին: Սեղմում են Պետոսյան ընտանիքի ձեռքը: Հպարտացեք:
ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ, Հայֆա, Իսրայել, 19.12.10.
Հ. Գ. - Երեկ, ֆիլհարմոնիկի դահլիճում Ռոբերտ Պետրոսյանի 80-ամյակին նվիրված համերգին չկային մշակույթի նախարարության եւ ոչ մի պաշտոնյա, նաեւ կոմպոզիտորների միության նախագահը: Այսպես ասաց այսօր, հեռախոսազրույցի ժամանակ կոմպոզիտորի կինը:
Բայց ներկա էր 90-ամյա ՄԵՐ Էդվարդ Միրզոյանը...
Վերեւի նամակը համերգի ընթացքում լեփ-լեցուն դահլիճին կարդացել էր մեր Տիգրան Հեքեքյանը, իր հերթին, իր երգչախմբով հարգանքի տուրք մատուցելով մեր գործընկերոջ հիշատակին:
20.12.10., Ն. Ա.