Մեր գործընկերներից, ՌԱԿ պաշտոնաթերթեր «Ապագայ» (Կանադա) եւ «Արմինյն միրոր սփեքթեյթր» (Մ. Նահանգներ) շաբաթաթերթերը նոյեմբերի 13-ին եւ դեկտեմբերի 9-ին տոնել են համապատասխանաբար իրենց հրատարակման 35 եւ 78-ամյակները:
«Ապագայի» գալահամերգ-ճաշկերույթը տեղի է ունեցել կանադահայոց թեմի առաջնորդՙ Բագրատ եպս. Գալստանյանի հովանավորությամբ եւ տիար Հովիկ եւ տիկին Ծովակ Կեպենլյանի պատվո նախագահությամբ, Թեքեյան մշակութային միության կենտրոնում: Մասնակցել են Ռաֆայել Փաքեթին (սոպրանո), Կարո Նշանյանը (բաս-բարիտոն) եւ Գրիգոր Շահվերդյանը (դաշնամուր) հայկական եւ միջազգային դասական եւ ժողովրդական երգերով:
Իսկ Մ. Նահանգներում առաջին անգլիալեզու շաբաթաթերթն իր 78-ամյակը նշել է Բոստոնի «Թաջ Բոստոն» հյուրանոցի շքեղ դահլիճումՙ որպես բանախոսի հրավիրելով բեյսբոլի ճանաչված մեկնաբան եւ «ESPN TV»-ի հեռուստակայանի եւ «Բեյսբոլ թունայթ» ու «Սպորտս սենտր» պարբերականների թղթակից Թիմ Քյուրքչյանին, որն արդեն 30 տարի մեկնաբանում է բեյսբոլի խաղերը: Վաստակաշատ եւ մրցանակակիր Սթիվն Քյուրքչյանի զարմիկը հեղինակ է երկուՙ «Ամերիկայի խաղը» (2000 թ.) եւ «Սա իրոք մե՞ծ խաղ է, թե՞...» (2007 թ.) գրքերի:
Երեկոյի ընթացքում «Գերազանցության մրցանակներ» են շնորհվել «Իմպրոպըր Բոստոնյընի» հրատարակիչ Ուենդի Սիմոնյան Էպիչին եւ Թիմ Քյուրքչյանին: Հանդիսավարն է եղել Քրիս Թալանյանը: Մրցանակները իրենց տերերին են հանձնել նախկինում նույն մրցանակի արժանացածներ Սթիվն Քյուրքչյանը («Բոստոն գլոբ» թերթից) եւ Արմեն Քեթեյանը («CBS նյուզից»):
Մաղթում ենք հարատեւություն մեր գործընկերներին:
Հ. Ծ.