ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, ինչպես նաեւ ԵԱՀԿ հոբելյանական տարվա կապակցությամբ գրասենյակը Հայաստանի արտգործնախարարության հետ համատեղ ջանքերով թարգմանել եւ տպագրել է ԵԱՀԿ երեք փաստաթղթերի հայերեն տարբերակները` Հելսինկյան եզրափակիչ ակտը, Նոր Եվրոպայի համար Փարիզի հռչակագիրը եւ Կոպենհագենի փաստաթուղթը:
Ինչպես երեկ «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում տեղի ունեցած շնորհանդեսին հայտարարեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը , երեք փաստաթղթերն էլ հիմնարար ու կարեւոր են ԵԱՀԿ տարածաշրջանում, ընդ որում, այդ երեք փաստաթղթերի արդիականությունն ու նշանակությունը եւս մեկ անգամ փաստվեցին Աստանայում` հռչակագրի ընդունմամբ:
Շնորհանդեսին ներկաՙ Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանն իր հերթին նշեց, որ Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ սկզբունքների եւ պարտավորությունների անխախտ կատարումը ԵԱՀԿ անդամ երկրների կողմից` որպես անվտանգության երաշխիքներ: Կիրակոսյանի ընդգծմամբ, կարեւոր է, որ ԵԱՀԿ անդամ երկրները հարգեն իրենց իսկ ստանձնած պարտավորությունները, հատկապես որ աշխարհն այսքան արագորեն փոփոխվում է: Հայաստանի փոխարտգործնախարարի հավաստիացմամբ, Հայաստանը ԵԱՀԿ այն փոքրաթիվ երկրներից է, որտեղ այս կազմակերպության գործունեության հիմնարար նշված երեք փաստաթղթերը թարգմանվել են տեղական լեզվով:
Ա. Հ.