Անցնող տարվա օգոստոսը տարածաշրջանի համար բախտորոշ ամիս էր: Բախտորոշ այն առումով, որ օգոստոսին Երեւանում եւ Բաքվում տեղի ունեցած իրադարձություններից հետո հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսումը խիստ կասկածելի է դառնում, եթե չասենքՙ անհնարին: Հիշում ենք, որ այս տարի Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի համաժողովին մասնակից Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Մոսկվայի հարաբերությունները գործընկերային են: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենն էլ «պատասխան ժեստով» ընդգծեց, որ Դաշինքը Մոսկվային չի համարում սպառնալիք անդամ պետությունների համար:
Այս օրերին էլ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի այս կազմը իր լիազորությունները վայր է դնում ռուս-ամերիկյան ռազմական համաձայնագիրը քննարկելով, որն, ամենայն հավանականությամբ, կհաստատվի: Օրեր առաջ էլ Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի հրամանատարը հայտարարեց, որ 2011-ին «սեւծովայինները համատեղ զորավարժություններ կանեն առանձին ՆԱՏՕ-ի, ինչպես նաեւ դրա անդամ Թուրքիայի հետ հենց Սեւ ծովում»:
Որպես այս համայնապատկերի լրացում նշենք, որ նախագահ Բուշի ձեռնարկած Արեւելյան Եվրոպայի երկրներում ՆԱՏՕ-ական հակահրթիռային կայանների տեղադրումը նախագահ Օբամայի օրոք ի չիք դարձավ, երբ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Հիլարի Քլինթոնը «սեղմեցին ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբեռնման կոճակը»:
Ուրեմն հենց այս իրադարձությունների ֆոնին անցնող տարվա օգոստոսին նախագահ Գյուլը ժամանեց Բաքու, իսկ նրա ռուս գործընկերը` Երեւան: Երկուսի այցն էլ պետական էր, երկուսն էլ, համապատասխանաբար Երեւանում եւ Բաքվում, խոսեցին երկկողմ ռազմավարական, դարավոր հարաբերություններից ու դրանք խորացնելու պատրաստակամություն հայտնեցին: Իսկ եթե փաստերով, ապա օգոստոսի 20-ին Մոսկվան երկկողմ համաձայնագրով պարտավորվեց «ՀՀ զինված ուժերի հետ համատեղ ապահովել Հայաստանի անվտանգությունը` արտաքին ագրեսիաներից պետական սահմանի ողջ երկայնքով», հիշեցնենք` հայ-ռուսական նախորդ նմանօրինակ համաձայնագրով Մոսկվան «դա անում էր» միայն հայ-թուրքական սահմանի մասով:
Մի քանի օր առաջ, սակայն, օգոստոսի 16-ին նախագահ Գյուլը կանխավ «պատասխանել էր» հայ-ռուսականին` Ադրբեջանի հետ կնքելով «Ռազմավարական գործընկերության եւ փոխօգնության մասին» համաձայնագիր, որը դեկտեմբերի 21-ինՙ ճիշտ լուսնի լրիվ խավարման օրը, Ադրբեջանի խորհրդարանը 93 կողմ, 1 դեմ ձայների տարբերությամբ, վավերացրեց:
Եթե հայ-ռուսական համաձայնագիրն ըստ էության որոշակիորեն պարզ է, մանավանդ որ ռուսաստանցի տարբեր ռազմական փորձագետներ պարբերաբար հայտարարում են, որ Մոսկվան արմատապես դեմ է նոր` հայ-ադրբեջանական պատերազմին, «քանի որ այդ պարագայում ստիպված կլինի կատարել դաշնագրային պարտականությունները», բացի այդ` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է արտահայտում կազմակերպության անհանգստությունը Ադրբեջանի ռազմական բյուջեի «անհամաչափ մեծացումից», ապա թուրք-ադրբեջանականը թերեւս կարիք ունի որոշ մանրամասնումների:
5 գլխից եւ 23 հոդվածից կազմված փաստաթղթի «հայտնի մասում» մասնավորապես նշված է. «Եթե պայմանագիրը ստորագրած կողմերից մեկը զինված հարձակման կամ ագրեսիայի ենթարկվի այլ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա մյուսը պարտավորվում է փոխադարձ օգնություն տրամադրել` առկա բոլոր հնարավորությունների կիրառմամբ»: Դե հիմա մի պահ պատկերացնենք, որ Ադրբեջանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, «մի կողմ նետելով բազմամիլիոնանոց պետական, նույնն է թե` սեփական հարստությունը», հայկական պետությունների դեմ պատերազմի հրաման է տալիս:
Բնականաբար, Ռուսաստանը, ավելին` ՀԱՊԿ-ը, ներառյալ մահմեդական Ուզբեկստանը, պարտավոր են ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին, որն էլ տրամաբանական է, որ կանցնի հակագրոհի ու կմտնի Ադրբեջանի տարածք: Այստեղ արդեն Թուրքիան է պարտավոր ցուցաբերել իր օժանդակությունը` «բոլոր առկա միջոցներով»: Իսկ եթե նկատում ենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ապա դեպքերի այս զարգացումը Ադրբեջանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին ոչ ոք թույլ չի տա:
Այս վերջինը նույնիսկ համաձայնագրի տեսք ունի. 1999-ին Բաքուն ու Անկարան ստորագրել են եւս մի «ռազմավարական համագործակցության մասին» համաձայնագիր, որն, ի դեպ, 2010-ի օգոստոսի 16-ին ստորագրածով անվավեր չի ճանաչվում: 1999-ի համաձայնագրով` «Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել որեւէ երկրի կամ պետությունների խմբի դեմՙ առանց Թուրքիայի համապատասխան որոշման»:
Հաշվի առնելով, որ ՆԱՏՕ-ն Մոսկվային «այլեւս չի համարում սպառնալիք անդամ երկրներից որեւէ մեկի նկատմամբ», անհավանական է թվում, որ դաշինքի ներկայացուցիչ Թուրքիան կարող է համաձայնություն տալ մի պատերազմի, որը փաստորեն նաեւ Ռուսաստանի դեմ է: Հետեւաբար, որքան խորանան թուրք-ադրբեջանական ռազմական հարաբերությունները ու զուգահեռաբար հայ-ռուսական նույն գործակցությունը, այնքան պատերազմը, որը ոչ մեկին պետք չէ, հեռու կմնա հայկական երկու պետություններից ու Ադրբեջանից, իհարկեՙ քանի դեռ «ՆԱՏՕ-ն Ռուսաստանի գործընկերն է»:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ