Մինչ արտգործնախարարությունը «կպարզեր` համապատասխանո՞ւմ է իրականությանը, որ Եվրոխորհրդարանի պատգամավոր Տոմաշ Պորեբան այցելել է «Ադրբեջանի օկուպացված տարածքներ»», Միլլի մեջլիսի խոսնակ Աքթայ Ասադովը հիմարի տեղ դրեց սեփական երկրի ԱԳՆ-ին եւ հարցը խորհրդարանի քննարկման առարկա դարձրեց:
Երեւույթն, ի դեպ, վկայում է, որ Ադրբեջանում «աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում»: Եթե ընդունենք, որ այդ երկրում արտաքին քաղաքականությունն իրականացնում է նախագահը, որը միաժամանակ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, ապա խորհրդարանը փաստորեն չէր կարող ավելի իրազեկված լինել: Իրականում, սակայն, Օքթայ Ասադովը Մեջլիսի նիստում առարկություն չվերցնող ոճով հայտարարել է, որ «ցավոք, Եվրոխորհրդարանի Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հարցով զեկուցող Տոմաշ Պորեբան ապօրինաբար այցելել է Ադրբեջանի «օկուպացված տարածքներ»` Լեռնային Ղարաբաղ մեկնելով Հայաստանից»:
Բացառված չէ, որ եթե Ասադովը չհաստատեր եվրոխորհրդարանականի ղարաբաղյան այցի փաստը, Ադրբեջանի արտգործնախարարությունը հերթական անգամ «բացահայտեր հայկական լրատվամիջոցների կեղծիքը»: Բայց խորհրդարանի խոսնակը փաստորեն ամեն ինչ ասաց, ինչից պիտի ենթադրել, որ կամ Իլհամ Ալիեւը չի վերահսկում ներքաղաքական իրավիճակը, կամ նա սեւ աշխատանքի «պատիվը» վերապահել է նրանց, որոնք հավանաբար հենց այդ նպատակով էլ արժանացել են «ժողովրդի ընտրյալի» կոչման:
Դժվար է, սակայն, Ասադովին նույնիսկ սեւ գործի վարպետ քաղաքական գործիչ համարել: Բանն այն է, որ նա եվրոխորհրդարանականի հասցեին թույլ է տվել արտահայտություն, որն այլ դեպքերում կարող էր դառնալ դիվանագիտական սկանդալի պատճառ: Ըստ Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակիՙ Լեռնային Ղարաբաղ այցելությունը «վկայում է Տոմաշ Պորեբայի ցածր մակարդակը»:
Որեւէ երկրի խորհրդարանում, այն էլ` խոսնակի շուրթերից, ամենայն հավանականությամբ, նման գռեհիկ արտահայտություն երբեւէ չի հնչել այլ երկրի խորհրդարանականի հասցեին: Բայց սա, ինչպես ասում են, Ադրբեջանն է, այստեղ ուրիշ բարքեր եւ ոճ է իշխում: Այստեղ պատրաստ են ամենավերջին քաղցրախոսությամբ պատվել նրանց, ովքեր «պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» եւ, ընդհակառակը, հայհոյել բոլորին, եթե ինչ-որ բան այնպես չի ստացվում, ինչպես կցանկանային իրենք:
Մի բան թերեւս ամենաուշագրավն է: Օքթայ Ասադովն «ապօրինի» է համարում այցը Լեռնային Ղարաբաղ, եթե կատարվում է Հայաստանի տարածքով: Սա, ճիշտն ասած, հիշեցնում է քսանամյա վաղեմության իրավիճակը, երբ ԼՂ-ում կասկածով էին նայում մոսկովյան այն պաշտոնյաներին, ովքեր Ստեփանակերտ էին ժամանում Բաքվից: Բայց այն ժամանակ մենք ապրում էինք այլ երկրում: Եվ կարեւորը ոչ թե երթուղին էր դիտվում, այլ` որ մոսկովյան պաշտոնյաներին Բաքվում կարող էին կաշառել:
Օքթայ Ասադովը հավանաբար մնացել է հին ժամանակներում: Եվ եվրոխորհրդարանականին նա շփոթում է խորհրդային մոսկովյան չինովնիկների, Երեւանը` Բաքվի հետ: Ահա այս մտածողությունը, թվում է, լավագույնս է բնութագրում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի ինտելեկտուալ եւ բարոյական մակարդակը:
Ի՞նչ տարբերություն, թե ո՞ր երթուղով է Ստեփանակերտ հասնում եվրոխորհրդարանականը կամ մեկ այլ պաշտոնյա: Մի՞թե այն բանից, որ ԼՂՀ իշխանությունները բարեհաճ են գտնվել եւ արտոնել են, որ Փոլադ Բյուլբյուլօղլին Ստեփանակերտ ժամանի` հատելով ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գիծը, Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը վերականգնվել է» կամ Արցախում դույզն-ինչ փոխվել է խնդրի կարգավորման պատկերացումը: Իհարկե` ոչ: Եվ այդ մասին Բաքվում քաջ գիտեն: Պարզապես փրփուրներից են կառչում:
Ահա Միլլիի մեջլիսի պատգամավորներից մեկն էլ առաջարկել է, որ արգելվի Տոմաշ Պորեբայի մուտքն Ադրբեջան: Հետո ի՞նչ: Ասենք թե արգելվեց, ասենք թե Եվրոխորհրդարանն ստիպված եղավ փոխել Ադրբեջանի հարցով զեկուցողին: Ի՞նչ է դրանից շահելու Ադրբեջանը: Ըստ էության` ոչինչ: Մի բան էլ ավելի` լրացուցիչ բարդություններ է ունենալու Եվրոխորհրդարանի հետ, քանի որ բացառված է, որ զեկուցողն առանց համապատասխան խորհրդատվությունների ԼՂ այցելելու որոշում ընդունած լինի միայն սեփական հայեցողությամբ:
Հարկավոր է իրականությանը նայել բաց աչքերով. Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է, իրավականորեն ամրագրված պատասխանատվություն է կրում հակամարտության գոտում իրավիճակի համար: Իսկ որտեղ կա պատասխանատվություն, կա նաեւ իրավունք: Ընդ որումՙ մեկ անգամ չէ, որ Ադրբեջանը ճանաչել է ԼՂ-ի ե՛ւ պատասխանատվությունը, ե՛ւ, իհարկե, իրավունքները:
Ներկա բանակցային գործընթացն ամբողջովին խարսխվում է զինադադարի համաձայնագրի վրա, իսկ Լեռնային Ղարաբաղն այդ համաձայնագիրն ստորագրած կողմ է: Եվ որքան էլ Բաքվի իշխանությունները գլուխները խոր թաղեն Ապշերոնյան ծովեզերքի ավազներում, իրականությունը միշտ ավելի զորեղ է գտնվելու, քան նրանց տղայական ցանկությունը:
Իսկ եթե Ադրբեջանում իրոք ինչ-որ «սեւ ցուցակ» են կազմում, ապա թերեւս հարկ կա խորհուրդ տալ, որ առաջին տեղում գրվի «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւի անունը: Չէ՞ որ հենց նա է առաջինն ուղղակի բանակցություններ վարել ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Չէ՞ որ նրա անմիջական ցուցումով է ներկայիս պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը մի քանի անգամ հանդիպել ղարաբաղյան իր գործընկերոջ հետ: Վերջապես, նրա առանձնասենյակում է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակն ստորագրել Բիշքեկի արձանագրությունը, որն ամրագրված է նաեւ ԼՂՀ ԳԽ նախագահի ստորագրությամբ:
Այսքանից հետո ի՞նչ իրավունքով է Ադրբեջանն ընդդիմանում եվրոխորհրդարանականի ղարաբաղյան այցին: Այս հարցի պատասխանը գուցե գտնվում է Ադրբեջանի ներքաղաքական կյանքի հակասություններում: Զարմանալի է, բայց` փաստ. նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը վերջերս մի գիրք է հեղինակել, որտեղ պատմվում են երկրի «հաջողությունները»` սկսած 2003 թվականից: Իսկ դա, ինչպես հայտնի է, շատ խորհրդանշական է. այդ տարում է կյանքից հեռացել Հեյդար Ալիեւը, եւ որդին` ժառանգել «գահը»: Պետք է ենթադրել, որ Մեհթիեւը Հեյդար Ալիեւի կառավարման տարիները «հաջողությունների» դարաշրջան չի՞ համարում: Որդին հրաժարվո՞ւմ է հոր ժառանգությունից:
Սա, խոստովանենք, արդեն չափազանց լուրջ է: Գուցե մի օր էլ Իլհամ Ալիեւը որոշելու է ցած գլորել հոր պատվին կանգնեցված արձաննե՞րը: Բայց չէ՞որ նրա իշխանության միակ հենարանը դա է` «համազգային մեծ առաջնորդի իրավահաջորդությունը»: Դժվար է հավատալ, թե նա կկտրի այն ճյուղը, որի վրա նստած է: Բայց մյուս կողմից էլ ինչքա՞ն կարելի է ապրել եւ կառավարել որպես իրական իշխանավորի ստվեր:
Այսպես թե այնպես` փաստն այն է, որ Ադրբեջանի Միլլի մեջլիսը հենց առաջին քայլերից ի ցույց դրեց իր իսկական «մակարդակը»` փողոցային հայհոյախոսությունը դարձնելով լուրջ խնդիրների քննարկման` Բաքվում ընդունելի միակ ոճը: Եզրակացության իրավունքը պետք է թողնել նրանց, ովքեր այդ ամենի հասցատերն են:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ