«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2010-12-21 | #236, 2010-12-22 | #237, 2010-12-23


«ԱՄԵՐԻԱ» ԽՈՒՄԲԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՄԻԱՍՆԱԲԱՐ ՕԳՆԵԼ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՂ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ

Դեկտեմբերի 21-ի երեկոյան «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում անսովոր մթնոլորտ էր: Այստեղ «Ամերիա» խումբը բարեգործական միջոցառում էր կազմակերպել` երեխաների նկարների ցուցահանդես-վաճառք եւ աճուրդ: Ստացված ողջ հասույթը փոխանցվելու է 13 երեխաների, որոնք բուժվում են այսօր ու գումարային օգնության կարիք ունեն: Միջոցառումը, որի նպատակն էր աջակցել քաղցկեղային ու հեմատոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաներին, յուրահատուկ ձեւով իմաստավորում է Ամանորի ու Սուրբ Ծննդյան խորհուրդը: «Ամերիա» խմբի ղեկավարությունը նաեւ որոշում է կայացրել ամանորյա ավանդական նվերների համար նախատեսված գումարները նվիրաբերել վերոնշյալ հիվանդություններն ունեցող երեխաներին: Ամսի 21-ի միջոցառման ընթացքում աճուրդից, նկարների վաճառքից եւ առանձին նվիրատվություններից հավաքված գումարը կազմեց 18 միլիոն դրամ: «Ամերիաբանկի» զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց. «Ամեն տարի մեր ընկերությունը, առհասարակ Հայաստանում խոշոր ընկերությունները որոշակի բյուջե են հատկացնում, որպեսզի նվերներ տան միմյանց, տարբեր պաշտոնյաներին, գործընկերներին ու հաճախորդներին, սակայն կարծում եմ` որոշակի իմաստով մոռանում ենք Ս. Ծննդյան խորհուրդը. իրականում դա բարության, հոգատարության ու մարդասիրության տոն է»: Տիգրան Ջրբաշյանը խոսելով միջոցառումից` ավելացրեց. «Որոշեցինք մի ավանդույթ ստեղծել ու կոչ անել մեր բոլոր գործընկերներին, ընկերություններին իմաստավորելու այս տոները ոչ թե միմյանց նվերներ տալով, այլ փորձենք որոշակի մարդասիրական վերաբերմունք ցույց տալ նրանց, ովքեր իսկապես դրա կարիքն ունեն»:

Միջոցառման ժամանակ ներկայացվել էին Գեղագիտության ազգային կենտրոնի, Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության, ՍՕՍ մանկական գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամի, «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության եւ «Զատիկ» մանկատան երեխաների նկարները: Երեխաները ներկայացրել էին «100 տարին Ձեր աչքերով», «Նվիրիր կյանք» եւ «Հայկական հեքիաթ» թեմաներով նկարներ: Միջոցառման ժյուրին իր հերթին բարձր գնահատեց երեխաների աշխատանքները: Ժյուրիի անդամներից ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը նշեց. «Մեզ պատիվ է ընձեռվել ընտրելու երեխաների լավագույն նկարները», ապա անդրադառնալով ակցիային` Դ. Սահակյանցը հավելեց. «Ցանկալի է, որ այսպիսի միջոցառումներն ավելի հաճախ լինեն, բայց եթե նույնիսկ տարեկան մի անգամ է լինում, դարձյալ ողջունելի է»:

Նույն օրը նաեւ մրցանակաբաշխություն եղավ, ու երեխաներին նվերներ տվեցին:

Եկող տարվա հունվարին «Ամերիաբանկը» կներկայացնի հաշվետվություն նվիրատվություն կատարած անձանց, յուրաքանչյուր երեխային հատկացված միջոցների , դրանց օգտագործման ուղղությունների ու երեխաների բուժման ընթացքի վերաբերյալ: Այս տարի «Ամերիա» խումբն արդեն ավելի քան 3,6 միլիոն դրամ է փոխանցել 4 երեխայի բուժման համար եւ որոշել է «Ամերիա» խմբի գործընկերների ու հաճախորդների ամանորյա ավանդական նվերների համար նախատեսված գումարը եւս օգտագործել այդ նպատակով:

Տիգրան Ջրբաբաշյանը հույս հայտնեց, որ միջոցառումն ավանդույթ կդառնա. «Եվ մեզ կմիանան բոլոր ընկերությունները: Հիմա մենք ունենք երեխաների հստակ ցուցակը: 13 երեխաներ այսօր հուսով են, որ մարդիկ կմտածեն նաեւ իրենց մասին»:

Միջոցառումով ոգեւորված էին նաեւ այն երեխաները, որոնք նկարներ էին ներկայացրել: 9-ամյա Լիանա Վարդանյանը նկարել էր ձեռքեր, որոնք օգնություն էին տալիս: Լիանան ցանկություն հայտնեց, որ աշխարհի բոլոր երեխաները ընտանիք ունենան ու առողջ լինեն:

ՍՕՍ մանկական գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը ասաց, որ «Ամերիաբանկը» երեխաների հանդեպ միշտ էլ հոգատարություն է դրսեւորել. «Բանկի հետ մենք սերտորեն համագործակցում ենք, այստեղ մեր երեխաների 8 աշխատանքներ են ներկայացվել»:

Նվիրաբերության համար հեռախոսազանգերն ու այցելությունները «Ամերիաբանկ» շարունակվում են: Այն անձինք ու կազմակերպությունները, որոնք ցանկություն ունեն մասնակցելու «Ամերիայի» նախաձեռնությանը, կարող են գումարները փոխանցել «Ամերիաբանկում» բացված 15700 38410778000 հաշվեհամարին: Զանգահարելով «Ամերիաբանկ» 561111 հեռախոսահամարով` հնարավոր է ծանոթանալ 13 երեխաների տվյալներին, նրանց բուժման համար անհրաժեշտ գումարի չափին: Հայաստանում այսօր օգնության կարիք է զգում հեմատոլոգիական եւ քաղցկեղային հիվանդություններ ունեցող ավելի քան 100 երեխա:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4