«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2010-12-21 | #236, 2010-12-22 | #237, 2010-12-23


ԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Համաշխարհային վիճակագրության համաձայն` աշխարհում տպագրվող գիտահանրամատչելի նյութերի 50-90 տոկոսն առնչվում է տիեզերական թեմաներին` աստղագիտությանը, աստղաֆիզիկային, տիեզերական թռիչքներին ու աղետներին, աստղակենսաբանությանը եւ այլն: Այս մասին երեկ լրագրողներին ասաց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը : Նա նաեւ տեղեկացրեց, որ վերջերս ստեղծվել է գիտության մասին գրող լրագրողների խումբ, որի նպատակն է Հայաստանում զարգացնել գիտական լրագրությունը եւ հասարակությանը փոխանցել գիտության վերաբերյալ նորությունները: Որ Հայաստանում գիտության ոլորտը լավ չի լուսաբանվում, Արեգ Միքայելյանն այդ հարցում մեղադրում է ոչ թե լրագրողներին, այլՙ գիտնականներին, որոնք հաճախ չեն բարեհաճում լրագրողներին հանրամատչելի ձեւով ներկայացնել իրենց մտքերը: «Գաղտնիք չէ, որ Հայաստանը մտքի երկիր է: Ճիշտ է, իր տնտեսությամբ թույլ երկիր է, սակայն գիտությամբ առաջատարներից է», «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց Արեգ Միքայելյանը: Հայաստանի գիտությունը նա չի համեմատում Միացյալ Նահանգների կամ Ֆրանսիայի նման զարգացած երկրների գիտության հետ, բայց ասում է. «Եթե չհաշվենք առաջատար շուրջ 15-20 երկրների, ապա մյուսների հետ Հայաստանը հանգիստ կարող է մրցակցության մեջ մտնել: Հայ երիտասարդները շատ խելացի են, եւ մեր երկիրը մեծ ներուժ ունի»: Օրինակ` աստղագիտության օլիմպիադաների ժամանակ հայ պատանիները բավականին շատ հաջողություններ են ունենում, հետո ընդունվում են բուհ, գիտության վերաբերյալ գիտելիքներ են ստանում, կրթվում, բայց ավարտելուց հետո աշխատում են ոչ թե գիտության, այլ միանգամայն ուրիշ ոլորտում: «Երիտասարդները եթե իմանան, որ գիտնական լինելով հետագայում կարող են ընտանիք պահել, ապա գիտնական դառնալուց չեն հրաժարվի», նշեց Արեգ Միքայելյանը, իսկ մի երկրում եթե մասնագետներն իրենց համապատասխան տեղերում չեն աշխատում, ապա այդ երկիրը զարգանալ չի կարող:

Գիտության խնդիրներից բանախոսն առանձնացրեց ֆինանսավորման խնդիրը: Ներկայումս գիտության ֆինանսավորումը տասնյակ անգամներ ավելի ցածր է, քան պետք է լիներ: Արեգ Միքայելյանը միեւնույն ժամանակ նշում է, որ աշխարհում ոչ մի գիտնական հարստանալու համար չէ, որ գիտնական է դարձել: Գիտության խնդիրները տարաբնույթ են` աստղագուշակությունից մինչեւ ֆինանսավորում:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4