«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2010-12-21 | #236, 2010-12-22 | #237, 2010-12-23


ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ

Անցնող տարին Երեւանի պետհամալսարանի կյանքում կարեւոր ներդրում էին ուսումնական եւ ուսումնագիտական լաբորատորիաների տեխնիկական վերազինման ծրագրերը: Քանի որ լաբորատորիաները մեծ մասամբ գործում էին հին սարքավորումներով եւ, ըստ էության, բավարար չեն կարող համարվել հատկապես ներկայիս նոր մասնագիտացումների առկայությամբ: Այս խնդիրներին էր վերաբերում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի ասուլիսը, որը հանգամանորեն ծանոթացրեց ինչպես ծրագրերի բնույթին, նաեւ դրանց իրականացման հանգամանքներին:

Ծրագրերում ներառված են ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության եւ երկրաբանության, մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետները: Յուրաքանչյուր տարի արտերկրի առաջատար ընկերություններից շուրջ կես միլիոն դոլարի գնումներ են կատարվում ինչպես ամբողջական լաբորատորիաների ձեռքբերման, այնպես էլ դրանց վերազինման համար, որ ծառայում է մասնավորապես մագիստրոսների ուսումնասիրություններին: Այս տարի ձեռք բերված սարքավորումների գինը կազմում է 158 մլն դրամ, որից 58 միլիոնը ստացվել է համալսարանից, իսկ 100 միլիոնը ՀՀ նախագահի աջակցությամբ բարեգործական հիմնադրամներից: Շուրջ 67.000 դոլարի սարքավորումները կոմպլեկտավորվում են ԱՄՆ-ումՙ հիմնականում ռադիոֆիզիկայի ֆակուլտետին անհրաժեշտ, որոնք գնվում են Հայկական բարեգործական ընդհանուր միությանՙ համալսարանին հասանելիք չափաբաժնի հաշվին:

ԵՊՀ ռեկտորն ընդգծեց, որ եռամյա այս ծրագիրն իրականանում է ՀՀ նախագահի անմիջական հովանու ներքո. Սերժ Սարգսյանը նաեւ ԵՊՀ խորհրդի նախագահն է: Ծրագրի հաջող ընթացքի արդյունքում ԵՊՀ-ում ստեղծվելիք անհրաժեշտ ուսումնագիտական-փորձարարական բազան, ինչ խոսք, բուհական ուսումնառությունը առավել արդիական մակարդակի կփոխադրի:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4