«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2010-12-21 | #236, 2010-12-22 | #237, 2010-12-23


ԿԱՂԱՆԴ ՊԱՊԻ ԳԵՂԵՑԻԿ ՀԵՔԻԱԹԸ ՍԿՍՈՒՄ Է ՄԱՐՄԻՆ ԱՌՆԵԼ

Աշխարհի բոլոր մանուկների համար յուրաքանչյուր մոտեցող Ամանորի գլխավոր «գործող անձն», անշուշտ, Ձմեռ պապն է: Նայած որ երկրում` նրան կոչում են նաեւ Սառնամանիք պապի, Սանտա Կլաուս, իսկ որպես նրա բնակության վայր, որտեղից հրաշագործ պապին գալիս է ու իր նվերները բերում, նշում են ինչ-որ Լապլանդիա եւ այլն: Իսկ չէ՞ որ այդ տարբեր պապիներից գուցե նույնիսկ շատ առաջ մենք ունեցել ենք մեր Կաղանդ պապին` հայոց Ձմեռ պապը: Վերջինիս կերպարը վերստին կյանքի կոչելու մասին դեռ անցյալ տարվանից էր մտածում Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի նախաձեռնող խումբը, միաժամանակ «որոնելով» նաեւ նրա բնակատեղը: Անշուշտ, դա լինելու էր Հայաստանի ամենացուրտ ու ձյունառատ վայրը, որտեղ կամ որի մերձակայքում կարելի է նաեւ մանուկների ու մեծերի զանգվածային ուրախ միջոցառումներ եւ հանգիստ կազմակերպել:

Ինչպես ժամանակին «Ազգի» ընթերցողներին տեղեկացրել ենք, նախաձեռնող խումբը երկար ուսումնասիրություններից ու «որոնումներից» հետո ի վերջո այս տարվա գարնանը, մեր հանրապետության ցրտի բեւեռը հանդիսացող Ամասիայի շրջանում «հայտնաբերել» էր Կաղանդ պապի կեցավայրը: Դա, ինչպես այն ժամանակ հայտարարել էին, Շիրակի այս հեռավոր եզերքի Ցուրտավ խորհրդանշական անունով սարն է (2950 մ), որը գտնվում է Արփի լճի մոտ` Մեծ Եղնախաղ (3042 մ) եւ Եռակատար (3008 մ) լեռնագագաթների միջեւ: Խումբը մայիսի 28-ին «Կաղանդ պապին» հանդիպել էր նրա բնակատեղին մոտիկ գտնվող Եղնաջուր գյուղում, որը դարձրել է հետագա հանդիպումների մշտական վայրը: Մի քանի հանդիպումներից ու Պապին վերստին ակտիվացնելու ուղղված համառ «թախանձանքներից» հետո, հաշվի առնելով հայ մանուկների ցանկությունը, համաձայնություն էր ձեռք բերվել նրան օգնելու նպատակով Գյումրիում ստեղծել Կաղանդ պապ-Ձմեռ պապի գրասենյակ: Անցած մի քանի ամիսներին գրասենյակի անդամներն աշխատել, նաեւ առաջին արձագանքողների ու աջակիցների օգնությամբ քայլեր են ձեռնարկել իրենց հղացած գեղեցիկ գաղափարն առարկայացնելու համար:

Եվ ահա օրերս, մոտեցող Ամանորից երկու շաբաթ առաջ, այդ գրասենյակի ղեկավարներ Սեյրան Մարտիրոսյանը, Ալեքսան Տեր-Մինասյանը եւ Համլետ Մոսինյանը հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեցին, որ դեկտեմբերի 18-ից Գյումրու «Բեռլին» հյուրերի տան հյուրընկալ հարկի ներքո, հյուրատան բակում տեղադրված խորհրդանշական վրանում սկսում է ակտիվորեն գործել Ձմեռ պապի գրասենյակը: Այստեղ Ձմեռ պապի պատասխանատուները, կամավորները բոլոր ցանկացողներից կընդունեն նամակներ` մաղթանքներով, ցանկություններով, այդ բոլորը տեղ կհասցնեն եւ կաշխատեն, որ ամենը իրականություն դառնա: Տարածքում նախամանորյա օրերին նախատեսվում են հետաքրքրական ժամանցի միջոցառումներ ու հնարավորություններ, անակնկալներ, երաժշտական, համերգային ծրագրեր, տոնավաճառ եւ այլն:

Ասուլիսում ընթերցվեց Կաղանդ պապի` Հայաստանի Ձմեռ պապի հրովարտակը, որով հայտնելով այս ամենի մասին, նա կոչ է անում. «Բոլորին` նորածիններից մինչեւ ծերունիներ, հրավիրում եմ «Բեռլին» հյուրերի տան բակ` Ամանորը տոնելու: Թող գան հազար-հազար մանուկներ, որ խինդով լցվեն: Թող գան հազար-հազար ջահելներ, որ երգ ասեն ու պար բռնեն: Թող գան հազար-հազար տարեցներ, որ նրանց օրհնեն...»:

Հրավիրվում են գործարարները, գյուղի մարդիկ իրենց արարած բարիքներով, մշակույթի գործիչները, բոլորը: Բոլոր նրանք, ովքեր կցանկանան մասնակից լինել կամ նաեւ օգնել, որ նախամանորյա լարված ու հոգսաշատ առօրյայի մեջ այս օրերը ամենքին իսկապես ուրախացնող տոն լինեն...

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4