«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2010-12-21 | #236, 2010-12-22 | #237, 2010-12-23


20 ՏԱՐՎԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈՙ «ԱԻԴԱՆ» ՄԵՐ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Սուեզի ջրանցքի բացման առիթով եգիպտական կառավարության պատվերով 1869-ին իտալացի կոմպոզիտոր Ջուզեպե Վերդին գրում է «Աիդա» օպերան, որը երկու տարի անց ցուցադրվել է Կահիրեի օպերային թատրոնի բացմանը: Հայաստանում 1941-ին առաջին անգամ «Աիդան» բեմադրվել է Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում ռեժիսոր Արմեն Գուլակյանի կողմից: Եվ ահա երկարատեւ ընդմիջումից հետո, 1,5 տարի առաջ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ՀՀ-ում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինիի հետ նախաձեռնեցին մի ծրագիր, որի շնորհիվ այսօր հայ օպերային թատրոնը նոր էջ բացեց ներկայացնելով Վերդիի «Աիդա» օպերան, որը համարվում է իտալական օպերային արվեստի գլուխգործոցը: Նախարարության եւ դեսպանության առաջարկով օպերան բեմադրելու համար Հայաստան հրավիրվեց իտալացի հայտնի ռեժիսոր Մարիո Կոռադին, որի բեմադրած ավելի քան 50 ներկայացումները ընդգրկված են աշխարհի լավագույն օպերային թատրոնների խաղացանկերում: Եվ ահա հինգ ամիս քրտնաջան աշխատանքից հետո դեկտեմբերի 23-ին, 25-ին եւ 26-ին հայ երաժշտասերների դատին կհանձնվի «Աիդա» օպերան:

Դեկտեմբերի 21-ին լրագրողներին տրվեց հնարավորությունՙ դիտելու օպերայի գլխավոր փորձը: Աիդայի դերերգով հանդես եկավ միջազգային ճանաչում ունեցող սոպրանո, ՀՀ ժող. արտիստ Հասմիկ Պապյանը, ով բնակվում է Ավստրիայում եւ Հայաստանում է հատուկ այս ներկայացմանը մասնակցելու համար: Ի դեպ, մի քանի ներկայացումից հետո Հասմիկ Պապյանը կմեկնի եւ եթովպացի ստրկուհու սիրո դրամատիկ պատմությունը կներկայացվի մեր օպերային թատրոնի մեներգիչներՙ Մարինե Դեինյանի, Մագդա Մկրտչյանի, Աննա Մնացականյանի եւ Լիլիթ Սողոմոնյանի կատարմամբ: Ռադամեսի դերակատարներ են ընտրվել Ռուբեն Նուրիջանյանը եւ Սարգիս Աղամալյանը, որոնք հանդես կգանՙ երբ Երեւանից կմեկնի Մյունխենի օպերային թատրոնի մեներգիչ, ազգությամբ վրացի տենոր Գեորգի Օնիանին: Ամներիսի դերակատարներ են ընտրվել Քրիստինա Սահակյանը, Նարինո Անանիկյանը, Գոհար Ազիզյանը, Ամոնասրոյիՙ Գեւորգ Հակոբյանը, Դավիթ Բաբայանցը եւ այլք: Բեմադրության մեջ զբաղված են 300 դերակատարներ, այդ թվում Ոստիկանական ակադեմիայի ուսանողներըՙ զանգվածային տեսարաններում: Իսկ հիասքանչ ու տպավորիչ դեկորները օպերային թատրոնի բեմադրող-նկարիչ Ավետիս Բարսեղյանի էսքիզներով: Նրա էսքիզներով են պատրաստվել փարավոնների ժամանակաշրջանին բնորոշ շուրջ 400 կոստյումները, Ազգային պատկերասրահում եղած նյութերի հիման վրա: Այդ հրաշալի ներկայացումը հնարավոր չէր լինի իրականացնել, եթե չլինեին հովանավորներն ու աջակիցները, երեկ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ շնորհակալություն հայտնեց ծրագրի գլխ. հովանավոր «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխ. տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, Ռոսգոսստրախին, Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ին, Կոնվերսբանկին, օպերայի տնօրենությանը, գլխ. դիրիժոր Կարեն Դուրգարյանին եւ ԱրտԹիմի ղեկավար Ռուբեն Թորոսյանին, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ իրականացավ հրաշալի մի օպերա:

Ասուլիսին հովանավորներից զատ ներկա էին դեսպան Բրունո Սկապինին, բեմադրիչ-ռեժիսոր Մարիո Կոռադին, դիրիժոր Կարեն Դուրգարյանը, Իտալիայից հրավիրված լուսային ռեժիսոր Անդրեա Բորելլին եւ ուրիշներ: Կոռադին պատասխանելով լրագրողների հարցերին ասաց, որ փորձել է օպերան բեմադրել այնպես, ինչպես եղել է Վերդիի ժամանակաշրջանում եւ ինքը չի ընդունում, երբ երգիչները արիաների ընթացքում շատ շարժումներ են անում: «Մենք հասնում ենք մի ճանապարհորդության ավարտին, որը սկիզբ է առել 1,5 տարի առաջ: «Աիդան» այն խոշոր օպերաներից է, որ միայն շատ խոշոր օպերային թատրոններ կարող են իրականացնել: Կարծում եմ «Աիդայով» ձեր օպերային թատրոնը բարձր հիմքերի վրա կկանգնի»: «Ազգի» հարցին պատասխանելով բեմադրիչն ասաց. «Ես 2 շաբաթ լսել ու ընտրել եմ գլխավոր դերակատարներին ու ինձ հաճելի էր նրանց հետ զուգահեռ աշխատել: Յուրաքանչյուր երկիր կերազեր, որ «Աիդա» բեմադրեր եւ դեռ ավելինՙ ունենար Աիդայի 5 մեներգչուհի: Դուք երջանիկ եք եւ ես հպարտորեն ասում եմ, որ շատ երկրներում եմ «Աիդա» բեմադրել, բայց ձեր երկրում մի այլ մտահղացմամբ այն իրականացրի: Հուսամ կհավանեք»:

Գոհ էր համագործակցությունից նաեւ դեսպան Սկապինին, որը խոստացավ շարունակել համագործակցությունը մշակույթի նախարարության հետ ու նշեց. «Ես շատ երկրներում եմ աշխատել, բայց որեւէ երկրում չեմ նկատել, որ մշակույթի նախարարը այսքան մտահոգ ու հետեւողական լինի ծրագրի նկատմամբ: Հենց այդ փաստն էլ վկայում է, որ մենք դեռ երկար ենք համագործակցելու»: Դիրիժոր Կարեն Դուրգարյանը նշեց, որ պրոֆեսիոնալ մարդկանց հետ աշխատելը ե՛ւ հաճույք է ե՛ւ պատիվ, որի արդյունքում ծնվեց «Աիդան»: Իհարկե, գլխավոր փորձից հետո ե՛ւ նախարարը ե՛ւ ստեղծագործական խումբը որոշ թերությունների ու բացթողումների մասին հայտնել են բեմադրիչին, որն էլ խոստացել է շտկել մինչեւ պրեմիերա:

Իսկ այժմ ներկայացնենք մի քանի կարծիքներ այն արվեստագետներից, որոնք դիտել էին գլխավոր փորձը: ՀՀ ժող. արտիստ Հրաչյա Աշուղյան . «Հրաշալի ներկայացում, հրաշալի ձեւավորում, հրաշալի դերասանական անսամբլ, որոնք հրաշալի տրամադրություն պարգեւեցին: Ես նայել եմ Արմեն Գուլակյանի բեմադրած «Աիդան» եւ եթե համեմատելու լինեմ, իհարկե սա ուրիշ մակարդակ է իր բոլոր չափորոշիչներով»: Օպերայի մեներգչուհի, Աիդայի դերերգի կատարող Մարինե Դեինյանը շատ ուրախ էր, որ մասնակցում է այս ծրագրին: «Սա մի մեծ գեղեցիկ ներկայացում է ստացվել մեր ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունքում: Շատ հաճելի է աշխատել իտալացի հայտնի ռեժիսորի հետ, որի ընթացքում ես ունեցա նոր էմոցիաներ, նոր զգացողություններ, նոր, հետաքրքրական մեկնաբանության առիթներ, ինչը շատ օգտակար է Աիդայի կերպարի համար»: Օպերայի դիրիժոր, կոնսերվատորիայի պրոֆեսոր Վիլեն Չառչողլյանը նույնպես վերհիշեց Գուլակյանի բեմադրած «Աիդան» ու մեկիկ-մեկիկ թվեց մեներգիչներին, որոնք տարբեր տարիներին հանդես են եկել մեր օպերային թատրոնում: Դրանք ենՙ Օլգա Գաբաեւա, Գոհար Գալաչյան, Եվգենի Խաչիկյան, Ելենա Միքայելյան, Լուսին Ամարա, Ելենա Վարդանյան, Զինաիդա Պալի (Ռումինիայից), Սեւայդա (Թուրքիայից), Լիլի Չուքասզյան, Սերգեյ Դանիելյան, Դավիթ Պողոսյան եւ ուրիշներ: «Այսօրվա «Աիդան» ռեժիսորի մտահղացման նոր ձեւ է: Չեմ կարող չխոսել շքեղ բեմական ձեւավորման, հագուստների մասին: Ներկայացումը ստացվել էր եւ դեռ մի քանի մանր-մունր շտկումների կարիք ունի»: Կոմպոզիտոր Արամ Սաթյանը ոգեւորված նշեց. «Վաղուց այսպիսի իրադարձություն չի եղել: Այսպիսի շքեղություն, այսպիսի պրոֆեսիոնալ մոտեցում, նման մտածելակերպ, նման մատուցման ձեւն ու ճաշակը խոսում է բարձրարժեք մի գործի մասին, որը վերջին տասնամյակներում բացակայում էր ազգային օպերային թատրոնում: «Աիդան» եկավ առաջին պլան եւ իր հետեւում թողեց «Սպարտակ» բալետը»: Հույս ունեմ եւ շատ կուզեի, որ մի օր էլ հայ հեղինակներից մեկի գործը նման շքեղությամբ բեմադրվեր»:

Մենք էլ շնորհավորելով բոլոր աշխատակիցներին ու ստեղծագործական խմբին, մաղթենք որ Հասմիկ Պապյանները մեր օպերայում մշտապես փայլեն իրենց կատարողական անզուգական արվեստով:

Նշենք, որ «Աիդա» օպերան իրականացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4