Խաչիկ Հարությունյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսին, որը տեղի ունեցավ «Ակադեմիա» պատկերասրահում, անցած հինգշաբթի, ներկայացվեց նաեւ նրա բանաստեղծությունների, նոթատետրային գրառումների, գրաֆիկական գործերի ալբոմը, որ «Գիրք» խորագիրն է կրում: Հեղինակը Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի գեղանկարի բաժնի կրթություն ունի, ՀՆՄ անդամ է 1988 թ.-ից, անհատական ցուցահանդեսներ բացի Հայաստանից ունեցել է Գերմանիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Ռուսաստանում: Ներկայում կեցության վայրը Երեւանն ու Մոսկվան են:
Առաջին արտաքին տպավորությունը ալբոմի ձեւավորումիցՙ հաճելի զգացում առաջացնող, փոփոխվում է, երբ սկսում ես թերթել եւ բավական արագ ես հետեւում բանաստեղծական ապրումների ինքնակերտումի ճանապարհին: Ստեղծագործական ես-ի ձեւավորման ընթացքը այստեղ զարգանում է տարերայնորեն, անհատական ձեռագրի որոնումը գրանցում է կյանքային, մտածողական ու արվեստային տարբեր ձեւեր, գեղագիտական որոշակի իդեալի կամ հավատամքի նշմարումով:
Արվեստագետը ինքնաարտահայտման միջոց ընտրել է նկարչությունն ու պոեզիան, առաջինի պարագայումՙ գրաֆիկայի ժանրը, որտեղ բացահայտված է տրամադրությունների այն նույն գամման, որ առավել ակնհայտորեն բանաստեղծական ձեւերում է ներկա: Սրանք արտաքին աշխարհի հետ շատ քիչ աղերսներ ունեն, քանի որ ներհայեցողական մտաշխարհի ստվերներ են, ինքնորոնման ներքին իրականության խոստովանություն. «Հրեշտակն իր բույնն է հյուսել իմ մեջ/ Մի օր թռչի-կգնաՙ/ Թողնելով ինձ անտեր» :
Զգայական աշխարհի իր տպավորությունները, ապրումները հաճախ են քնարական զեղումների վերածվում. «Ահա եւ ամեն գիշեր միայնությունը շոյում է ինձ իր քնքշությամբ...», ինչը հաճախ մտածողական ռացիոնալ շերտի տակ հակվում է ավելի կենսափիլիսոփայության: «Գիշերը ժամանակի ստվերն է.../ Երբ ես ինձ զգում եմ ժամանակից դուրս, ստեղծագործական վիճակը բացահայտվում է:/ Նկարի ծնունդն ինձ հեռացնում է իրականությունից, որը բառերից դուրս է ու... ժամանակից» : Սակայն բանաստեղծական աբստրակցիան, միեւնույն է, գրեթե միշտ տիրապետող է դառնում, այսու չափածո կառույցը ընթերցելիս անավարտության տպավորություն թողնելովՙ մարդու միտքը, զգայությունները տարերային վիճակների է մղում. «Անկարողությունից այն կողմ/ ինչ-որ բան է կոտրվում:/ Անկարողությունից մի կողմ/ ստվերներ են անորոշ» : Ի դեպՙ անորոշության մասին. չափածո մտածողության այս միջավայրը այսպես ասած անորոշ ձեւատարրերից է բաղկացած: Դրանք երազային անուրջներ, տարբեր մտաէակներ, հրեշտակներ են, որպես մետաֆորային պատկերներ հանդես են գալիս մոխրագույն մշուշը, մութը, անձրեւը, վարդը կամ լռությունը: Սրանք ստեղծում են կես պատրանքային իրականություն, որտեղ լողում են երազանքի ծվեններ կամ հուսահատության ձորձեր: Անորոշության այս մթնոլորտը շատ բնորոշ է նաեւ նրա գրաֆիկական գործերին, կարելի է ասել ներքին լեյտմոտիվն է նույնիսկ: Դրանք կանացի մերկ մարմիններ ենՙ տարբեր դիրքերով, երբեմն շատ հաջողված զուտ արտաքին ձեւի արտահայտչականության առումով եւ հիմնականումՙ մելանխոլիայի մեջ ընկղմված: Որով էլ ներդաշն միասնություն է ստեղծվում բանաստեղծական տրամադրությունների հետՙ ապահովելով ալբոմի ներքին իմաստային ամբողջականությունը:
«Անորոշ վիճակ է/ ոչ պարտվել եմ, ոչ հաղթել» . բանաստեղծությունների ընթերցմանը մշտապես ուղեկցող այսպիսի տրամադրությունները, որ երբեմն թվում են սուբյեկտիվ զգացողության կամ հոգնածության հետեւանք, հակառակը, ավելի հաստատուն են դառնում նոթատետրային գրառումներին հասնելիս ( «Ծնունդի հետ մեկտեղ ծնվում է մահը: Եվ ինչպես թիկնապահ նա ինձ ուղեկցում է ամենուր, որպեսզի ոչ ոք չտիրանա իրենից բացի...» ). սրանց զուգադիր գրաֆիկական թերթերը շատ ավելի հետաքրքրական ենՙ նախկին միատոնությունից դուրս, ավելի պոռթկուն, ներքին դինամիզմի առկայությամբ, ի տարբերություն թախծի մեջ ներսուզված կերպարների:
Իբրեւ ավարտուն չափածո կառույցներՙ հաջողված մի շարք բանաստեղծություններ զերծ են անորոշության «բարդույթից» եւ բանաստեղծական պատկերներն առավել արտահայտիչ են, գունային են, հստակ ու ռիթմիկ ձեւերով. «Պատուհանից ներսՙ/ մի ծաղկեփունջ ծաղկամանում,/ պատուհանից դուրսՙ/ սիրահարված մի կեչի» կամ «Երբ անձրեւում է,/ ոտնահետքերը նավակների պես/ լողում են:/ Երբ անձրեւում է,/ լուռ շշնջում են կրծքերը/ զույգ քույրերի նման:/ Երբ անձրեւում է, մուրացիկը զգույշ/ ծածկում է գլխարկը:/ ...Երբ անձրեւում է,/ տապանաքարերը/ տերեւներ են դառնում/ Երբ անձրեւում է,/ մենք դառնում ենք կաթիլներ,/ ինչ-որ տեղ ենք հոսում», կամՙ «Պոետներ են դառնում բոլորը,/ Երբ հարբում են գինուց եւ վշտից... / Պոետ են դառնում բոլորը, / Երբ հարբում են սիրուց ու ցավից» :
«Գրքի» ենթախորագիր կարելի է համարել «Թափառականը երբեք չի մոլորվում» բնաբանը, առաջաբանիՙ Ռոմիկ Սարդարյանի խոսքը պատկերավոր ու տպավորիչ է: Ալբոմը լույս է տեսել «Էդիտ Պրինտ» տպագրատանը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ