«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2010-12-21 | #236, 2010-12-22 | #237, 2010-12-23


ԲԱՑՎԵՑ ԲԵՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՈՒՇԱՔԱՐԸ

Հայ մանրաքանդակի հիմնադիր Բենիկ Պետրոսյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին «Ազգը» մանրամասն անդրադարձել է: Այդ շարքից երեկ, Թումանյան 9 հասցեում, որտեղ գտնվում էր Բենիկ Պետրոսյանի արվեստանոցը, շենքի պատին բացվեց քանդակագործի հուշաքարը: Միջոցառմանը ներկա էին Բենիկի ընտանիքը, հարազատները, ընկերները եւ նրա արվեստի երկրպագուները:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, հուշաքարի հեղինակ Լեւոն Իգիթյանը, արվեստաբան Սարո Սարուխանյանը մեկ անգամ եւս անդրադարձան Բենիկ Պետրոսյանի բարձրարժեք ստեղծագործություններինՙ նշելով, որ սերունդները շատ բան ունեն սովորելու նրա ստեղծած մանրաքանդակներից, մոնումենտալ գործերից, դաջվածքներից, քարի ու մետաղի համադրությամբ ստեղծված աշխատանքներից:

Կամերային թատրոնի գլխ. ռեժիսոր Արա Երնջակյանը նշեց, որ հենց այս արվեստանոցում է Բենիկը մտահղացել Կամերային թատրոնի ճեմասրահը զարդարող իր քանդակները, որոնք ամեն պահ հիշեցնում են նրա ներկայությունը:

Այսուհետեւ, երբ կանցնեք Թումանյան 9 շենքի մոտով, մի պահ կանգ առեք ու հիշեք, որ հենց այս վայրում երկու տասնամյակից ավելի ստեղծագործել ու իր մտքի թռիչքն է հաղորդել քարին, մետաղին ու փայտին արվեստագետ Բենիկ Պետրոսյանը:

Մ. ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4