Մրցաշրջան-2010-ը մոտենում է ավարտին: Եկել է արդյունքներն ու կատարված աշխատանքներն ամփոփելու ժամանակը: Այսօր «Ազգի» հյուրն է հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ, հանդբոլի հանրապետության բազմակի չեմպիոն, նախկին դարպասապահ Սարգիս Գրիգորյանը:
- Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս կգնահատեք մրցաշրջան-2010-ը հայ հանդբոլիստների համար:
- Ամենակարեւորն այն է, որ հաջողվեց ամբողջովին իրագործել տարեսկզբին ծրագրավորածը: Նախ եւ առաջ անցկացրինք տարիքային տարբեր խմբերի աղջիկների եւ պատանիների Հայաստանի առաջնությունները, որոնցում մրցանակային տեղերի համար սուր մրցապայքար ընթացավ: Մեծահասակների առաջնությունն ընդամենը մի քանի թիմով անցկացնելը նպատակահարմար չէր: Ուստի որոշել ենք հաջորդ տարի առաջնություններն անցկացնել մարզային սկզբունքով: Սկզբում մարզերում կանցկացվեն ներքին առաջնություններ, ապա ուժեղագույնները կմասնակցեն եզրափակիչ փուլին: Օրինակ, Լոռու մարզում ուժեղ թիմեր ունեն Վանաձորը, Ալավերդին, Ստեփանավանը: Արդեն 6-րդ տարին առաջնությանը մասնակցում են Արցախի ներկայացուցիչները: Առանձին թիմեր ունեն Լաչինը եւ Ստեփանակերտը: Մեր միակ մտահոգությունն այն է, որ Գյումրին չմասնակցեց առաջնությանը: Ինչպես երեւում է, Գյումրիի քաղաքապետարանը չի ցանկանում զբաղվել խաղային մարզաձեւերով, մարզիչներն էլ չեն պարապում սաների հետ: Հավանաբար հարկ կլինի փոխել Գյումրիի հանդբոլի ֆեդերացիայի ողջ կազմը, իսկ անհրաժեշտության դեպքում Երեւանից մարզիչներ գործուղել:
Երկրորդ կարեւոր պահը միջազգային մրցումներում մասնակցությունն է: Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը Բելգրադում մասնակցեց Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Մրցակիցները շատ ուժեղ էին, բայց մենք ամենեւին էլ ջախջախիչ պարտություններ չկրեցինք: Հավաքականի կազմում ընդգրկել էինք նաեւ ֆրանսահայ պատանիների: Մրցաշարը շատ կարեւոր էր մեզ համար, քանի որ հանդբոլիստները մրցակցային հարուստ փորձ ձեռք բերեցին: Մեր աղջիկները հաջող խաղացին «Չելեստրոֆ» մրցաշարում, ունեցանք նաեւ հաղթանակներ, որոնք ոգեշնչում են մեզ:
Վանաձորում այս տարի 2-րդ անգամ անցկացրինք ՀՀ վարչապետի գավաթի խաղարկությունը: Մեր պատանեկան հավաքականը, որում կրկին հանդես եկան ֆրանսահայ հանդբոլիստներ, գրավեց պատվավոր 2-րդ տեղըՙ հաղթելով Իրանի եւ Վրաստանի հավաքականներին, առաջ թողնելով միայն բելառուսներին: Ասեմ, որ Մարսելում գործում է «Աջակցություն Հայաստանի հանդբոլին» կազմակերպությունը, որն իր ուժերով միջոցներ է հայթայթում եւ հայազգի հանդբոլիստներին հնարավորություն է ընձեռում հանդես գալու Հայաստանի հավաքականում: Դա մեզ համար մեծ օգնություն է: Ֆրանսիայում հանդբոլը մեծ մասսայականություն է վայելում, նույնիսկ 4-5-րդ դիվիզիոնում շատ ուժեղ խաղացողներ կան: Պետք էր տեսնել, թե ֆրանսահայ պատանիները, որոնցից շատերն առաջին անգամ էին Հայաստան այցելել, ինչպիսի նվիրումով էին խաղում:
- Ձեր կարծիքով, հայկական հանդբոլը ե՞րբ գոնե մեկ աստիճանով առաջընթաց կունենա:
- Երբ որ ֆեդերացիայի տարեկան բյուջեն 1 մլն դոլար կազմի: Համեմատության համար ասեմ, որ պետբյուջեից մեզ հատկացված 18 մլն դրամը բավարարում է միայն ներքին առաջնությունների կազմակերպմանը: Հովանավորների շնորհիվ ֆեդերացիան նշված գումարի կրկնակին է ծախսել գոնե միջազգային մի քանի մրցաշարերի մասնակցությունն ապահովելու համար: Այսօրվա ֆինանսական միջոցների առկայությամբ մենք կարող ենք միայն հանդբոլը պահել սիրողական մակարդակի վրա: Իսկ ուժեղ հանդբոլ ունենալու համար միլիոնավոր դոլարներ են անհրաժեշտ: Հարկավոր է ստեղծել պրոֆեսիոնալ ակումբներ, որոնք պետք է ունենան մարզումային եւ խաղեր անցկացնելու անհրաժեշտ բոլոր պայմանները: Ֆինանսական եւ նյութական հզոր բազա է անհրաժեշտ ստեղծել: Ցավոք մեր գործարարները շատ քիչ են ներդրումներ կատարում սպորտում, կատարելու դեպքում էլ դրանք երկարաժամկետ չեն: Իսկ սպորտում հաջողությունների հասնելու համար բավական երկար ժամանակ է անհրաժեշտ:
- Իսկ մարզաձեւի միջազգային ֆեդերացիան չի՞ աջակցում ձեզ:
- Իհարկե աջակցում է, սակայն դա բավարար չէ: Ամեն տարի հանդբոլի գնդակներ է ուղարկում Հայաստան, որոնք բաժանվում են մարզվողներին: Ներկայումս իրականացվում է «Սմարթ» ծրագիրը, որը նախատեսված է 3 տարվա համար: Այս ծրագիրն իրականացնում է հանդբոլի եվրոպական ֆեդերացիան, որով Հայաստանի հանրակրթական մի շարք դպրոցներում աշակերտներն իրենց ֆիզկուլտուրայի ուսուցչի ղեկավարությամբ հանդբոլի պարապմունքներ են անցկացնում: Կազմավորվում են հանդբոլի թիմեր, իսկ մարզիչները եվրոպական ֆեդերացիայի կողմից 50 եվրո աշխատավարձ են ստանում: Ունենք ծրագրի ղեկավարներ, որոնք լինում են տեղերում եւ ստուգում կատարվող աշխատանքների արդյունավետությունը:
- Ընդհանուր առմամբ քանի՞ երեխա է ընդգրկված այս ծրագրում:
- Մոտ 500 աշակերտ այսօր տարբեր դպրոցներում ընդգրկված են հանդբոլի խմբերում: Դպրոցներն ընտրելիս հաշվի ենք առնում սովորողների ընդհանուր թիվը, մարզումների համար նպաստավոր պայմանների առկայությունը: Շատ դեպքերում իրենք են մեզ դիմում ծրագրում ընդգրկվելու համար: Օրինակ, Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արայիկ Քոթանջյանը դիմել էր մեզ, որ իրենց դպրոցներից մեկում անպայման ստեղծվեն հանդբոլի խմբեր: Այնպես որ մարզաձեւի նկատմամբ հետաքրքրություն կա, եւ մենք հետագայում պետք է ձգտենք զարկ տալ մասսայականությանը:
- Վերջում անդրադառնանք հաջորդ տարվա ծրագրերին:
- Ինչպես արդեն նշել եմ, հաջորդ տարի Հայաստանի առաջնությունն անցկացվելու է մարզային սկզբունքով: Միջազգային ասպարեզում առաջնահերթը մինչեւ 17 տարեկանների աղջիկների Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղերն են, որոնք կայանալու են Ռումինիայում: Շատ ուժեղ խմբում ենք հայտնվել: Բացի տանտերերից, մեր մրցակիցները կլինեն նաեւ Հոլանդիայի եւ Իսրայելի հավաքականները: Ամեն դեպքում ձգտելու ենք արժանավայել խաղ ցուցադրել: Մեր հավաքականում ընդգրկվելու է 5 աղջիկ Ֆրանսիայից: Ուստի մարտին հավաքականը Ֆրանսիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի, տարբեր թիմերի հետ 3 հանդիպում կունենա: Մինչ այդ էլ, հունվարին կամ փետրվարին ուսումնամարզական հավաք կանցկացնենք Վրաստանում:
Պատանիների հավաքականը կմասնակցի «Չելեստրոֆ» մրցաշարին: Ցանկանում ենք նաեւ հայտ ներկայացնել Հայաստանում միջազգային մրցաշար կազմակերպելու համար, քանի որ նորակառույց ֆուտբոլի ակադեմիայում կա համապատասխան մարզադահլիճ: Եթե մեզ թույլատրեն հաջորդ տարի Երեւանում միջազգային մրցաշար կազմակերպել, ապա ՀՀ վարչապետի գավաթի խաղարկությունը կանցկացնենք 2012-ին: Հուսով եմ, որ հաջորդ տարի էլ կհաջողվի իրագործել նախատեսած ողջ ծրագիրը: