Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմասնակցի 2011-ի հուլիսին Չինաստանի Նինբո քաղաքում կայանալիք աշխարհի թիմային առաջնությանը: Նման որոշում է կայացրել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, որին էր տրված առաջնության վերջինՙ 10-րդ մասնակցի ընտրության իրավունքը:
Շախմատասերներին տեղեկացնենք, որ աշխարհի թիմային առաջնությունում հանդես են գալու ներկայիս չեմպիոն Ռուսաստանը, Եվրոպայի թիմային չեմպիոն Ադրբեջանը, շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներ Ուկրաինան, Իսրայելը եւ Հունգարիան, առաջնության կազմակերպիչ երկիր Չինաստանը, ինչպես նաեւ Ամերիկայի, Աֆրիկայի եւ Ասիայի չեմպիոնները:
Հայաստանի հավաքականը 1993-ից մասնակցել է աշխարհի թիմային բոլոր առաջնություններին: 1997-ին Լյուցեռնում, 2001-ին Երեւանում եւ 2005-ին Բեերշեւայում հայ շախմատիստները նվաճել են աշխարհի առաջնության բրոնզե մեդալները: