«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2010-12-23 | #238, 2010-12-24 | #239, 2010-12-25


ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ԷՐ, ՈՐ ԲԱՆԱՁԵՎԸ ՉԴՐՎԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ, ՔԱՆ ՄԵՐԺՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ

Հետեւաբար Նենսի Փելոսիի արարքն ամենեւին էլ դատապարտելի չէ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

  «Ազգը» նախորդ համարում, անդրադառնալով ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեկտեմբերի 21-ի նիստին, որտեղ օրակարգ չէր դրվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, գրել էր. «Թեեւ պալատի դեմոկրատ նախագահ տիկին Նենսի Փելոսին բանաձեւը պաշտպանող կոնգրեսականների ներկայությունը նիստում ապահովելու համար հեռաձայնել էր վերջիններիս, նույնիսկ Հանրապետական կուսակցությունը եւս կոչով դիմել էր իր խմբակցության անդամներին, բայց ապարդյուն»:

Այս տողերի համար հիմք էին ծառայել թուրքական մամուլի ոչ հստակ տեղեկությունները: Ըստ երեւույթին բանաձեւի քվեարկության հավանականությունից խուճապի մատնված լինելով, այդ մամուլն ի վիճակի չի եղել ճիշտ ընկալելու ստացած տեղեկությունը: Հիրավի տիկին Փելոսին մեկ առ մեկ հեռաձայնել է դեմոկրատ կոնգրեսականներին, որ կարողանա քվեարկության դնել բանաձեւը եւ դնելու դեպքում ապահովել քվեարկության հաջողությունը:

Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցությանը, ապա նա էլ նիստին ներկա լինելու կոչ է արել իր խմբակցության անդամներին, որ քվեարկությունը տապալի: Այդ մասին երեկ գրել է «Զամանը»: Համենայն դեպս, Նենսի Փելոսին հնարավոր ձախողման մտահոգությամբ է, որ բանաձեւը քվեարկության չի դրել: Թերեւս դրանով էլ փրկել է հավանական ձախողումից:

Այդ առումով պատահական չէ, որ Ամերիկայի հայկական համագումարը շնորհակալություն է հայտնել տիկին Փելոսիին: Հակառակ դրան, Ամերիկայի հայկական ազգային կոմիտենՙ ANCA-ն, ի դեմս նախագահ Քեն Խաչիկյանի, Նենսի Փելոսիին, թուրքական թերթերի վկայությամբ, ոչ միայն մեղադրել է ԱՄՆ-ի հայ համայնքի վստահությունը չարաշահելու մեջ, այլեւ ամերիկահայերին կոչ է արել, որ հաղորդագրություններով դատապարտեն Ներկայացուցիչների պալատի արդեն նախկին խոսնակին: Այդ ընթացքում «Ասպարէզ» թերթը տիկին Փելոսիին բնութագրել է «վախկոտ», ապա եւ սպառնացել է, նշելով. «Հատել է Ամերիկայի հայ համայնքի համբերությունը: Պատասխանը կստանա առաջիկա ընտրություններում»:

Կարելի է հասկանալ ՀՅ Դաշնակցության «Ասպարէզին»: Հասկանալի է նաեւ Ներկայացուցիչների պալատի դեկտեմբերի 21-ի նիստում ամերիկահայության ապրած հիասթափությունը, ինչպես նաեւ այդ հիասթափությունից բխող հակազդեցությունը: Չպետք է սակայն մոռանալ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, անկախ հիասթափությունից, անդառնալի բնույթ է ստացել ԱՄՆ-ում: Այսինքն, դեկտեմբերի 21-ին բանաձեւն ընդամենը դուրս է մնացել նիստի, այլ ոչ թե Ներկայացուցիչների պալատի օրակարգից:

Բացի այդ, նախընտրելի է, որ Հայոց ցեղասպանության բանաձեւը առանց դրական արդյունքների մասին նախապես վստահ լինելու, քվեարկության չդրվի, քան քվեարկությամբ մերժվի, որովհետեւ մերժվելու դեպքում անտեղի կչարչրկվի: Ավելին, դրանով բանաձեւի հակառակորդները կստանան դա Ներկայացուցիչների պալատի օրակարգից առհասարակ դուրս մղելու հնարավորություն, այսպիսով թուրքերի զգուշավոր գոհունակությունը կվերածվի լիարժեք ոգեւորության:

Որքան էլ Թուրքիայի նախագահ Գյուլը, վարչապետ Էրդողանը եւ արտգործնախարար Դավութօղլուն գոհունակությամբ արտահայտվեն Ներկայացուցիչների պալատի դեկտեմբերի 21-ի նիստի մասին, այնուամենայնիվ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը, ինչպես «Զամանն» է նշում, նախորդ օրվա մամուլի ասուլիսում ընդգծել է. «Բանաձեւի քվեարկության չդրվելը չի նշանակում, որ սպառվել են դրա կանխարգելմանն ուղղված աշխատանքները»:

Այլ կերպ, դեկտեմբերի 21-ի նիստը ամենեւին չի բացառում բանաձեւի քվեարկությունը նորընտիր Ներկայացուցիչների պալատում, մանավանդ որ դրա համահեղինակներից դեմոկրատական Ադամ Շիֆը առաջիկա տարում բանաձեւը քվեարկության դնելու համար նախաձեռնությամբ հանդես գալու պատրաստակամություն արդեն հայտնել է:

Ակնհայտ է, որ այդ նախաձեռնությունը ինքնուրույն չի լինելու, այլ դրան մասնակցելու են դեմոկրատ կոնգրեսականները, որոնց գլխավորելու է նույն Փելոսին: Պարզապես նրա կարգավիճակն է փոխվելու Ներկայացուցիչների պալատում: Նա հանդես է գալու ոչ թե որպես մեծամասնության ղեկավար նախագահի, այլ ընդդիմության ղեկավարի կարգավիճակով: Անկախ կարգավիճակից տիկին Նենսի Փելոսին ԱՄՆ Կոնգրեսի առաջնակարգ գործիչներից է, ընդ որում հայամետ: Հետեւաբար նրա աջակցությունը միշտ անհրաժեշտ է լինելու ամերիկահայ համայնքին ոչ միայն ցեղասպանության բանաձեւի հարցերում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4