«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2010-12-23 | #238, 2010-12-24 | #239, 2010-12-25


ԺԵԿԵՐԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ ԿԱՄ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐ

Դատի են տալու բնակչության կեսի՞ն

Ժամանակակից կյանքի ռիթմը պահանջում է կենսախնդիրների լուծման օպտիմալ տարբերակներ: Արդի տեխնոլոգիական համակարգն է դա թելադրում, այլընտրանք պարզապես չկա: Մեր կյանքը, նրա բոլոր ոլորտները թվայնացվում են շատ արագ եւ դա ավելի դյուրին է դարձնում ապրելակերպըՙ հատկապես սպասարկման ոլորտին վերաբերող: Կոմունալ ծառայությունների վճարումային մեխանիզմը վաղուց արդեն տեղափոխվել է այս դաշտՙ խնայելով մեր նյարդերըՙ կուտակվող հերթերից պրկվող, իսկ հատկապես ինտերնետային ճանապարհը հրաշալի միջոց է. մեկ-երկու կոճակի հպում եւ անհրաժեշտ փոխանցումներն արված են: Այսպես վճարվում են էլեկտրաէներգիայի, ջրի ու գազի մատակարարման, հեռախոսային եւ ինտերնետային կապի ծառայությունների դիմաց:

Եվ եթե այդ ժեկեր կոչվածները (համայնատիրություն նոր անվանումով, բայց էությամբ սովետական նույն մնացուկները), որոշակի ծառայություններ են մատուցում, ինչո՞ւ այս նույն մեխանիզմով չեն գործում: Ո՞վ է իրավասու դարձրել ինչ-որ հսկիչի կամ որեւէ այլ աշխատակցիՙ օրվա որեւէ ժամի բնակչի դուռը թակելու եւ կամ հեռախոսով ահազանգելու, պայմանագրով չհաստատված ինչ-որ պարտքի չվճարման համար եւ այն էլՙ դատարան քարշ տալու սպառնալիքով: Մարդու իրավունքների ոտնահարման ամենատարածված այս ձեւը ե՞րբ է վերջնականապես օտարվելու մեր կյանքից:

Տարածքը, որի մասին գրում եմ, Արաբկիր համայնքի Նիկոլ Դուման, Քեռու փողոցների հատվածն է, որի սպասարկումը իբր իրականացնում է Կիեւյան փողոցի շենքերից մեկի ներքնահարկում գտնվող ժեկը, որտեղ որեւէ փոփոխությունՙ ո՛չ միջավայրի, ոչ մարդկանց հետ հարաբերվելու, ոչ սպասարկման մակարդակի, խորհրդային շրջանից այս կողմ, տեղի չի ունեցել. նույն ժանգոտ, գորշ մթնոլորտը:

Հիմա դառնանք ժեկերի ծառայություններին: 95 թվականից ապրում եմ այս նույն շենքում եւ ինչ հիշում եմՙ նույն վիճակն է. բնակիչների բողոքներ անձրեւներից կաթող տանիքներից, ներքնահարկի ջրատար խողովակների անմխիթար վիճակներից, ինչ-որ մեկի ավտոտնակից օրեր շարունակ բակ լցվող կոյուղու ջրերից, անպատուհան ու անլույս մուտքերից, կեղտոտ աստիճանավանդակներից, անբարեկարգ բակից, տարիներ շարունակ տարբեր վթարներից ծեփաթափվող միջանցքի առաստաղներից ու պատերից (վերելակի ծառայությունը սրանց հետ կապ չունի, անդուռ մուտքի երկաթե դռներն էլ ժամանակին թաղապետական ընտրությունների ժամանակ շահագրգիռ մարդիկ արեցին): Ուրեմն էլ ո՞ր սպասարկման դիմաց բնակիչը, երբ տեղյակ չի դրանցից, պիտի դրամ մուծի: Աղբահավաքությունը. այս մասին են անվերջ թմբկահարում ժեկի աշխատողն ու պետերը: Բոլոր երեւանցիներն այս առումով փաստելու առատ նյութ ունենՙ մեր քաղաքը աղբակուտակումներով հպարտանալու այնքան տեղ ունի: Ինչ վերաբերում է շենքերի աղբատարներին, ապա դրանք մեծ մասամբ երբեք կանոնավորապես չեն մաքրվում, ամռանը հատկապես աղբի սոսկալի կուտակումները հակասանիտարական վիճակներ բավական հաճախ էին ստեղծում, շենքի հարկերում աղբատար անցքերի մոտ անթիվ տոպրակների գոյությամբ, էլ չեմ ասում շենքից վերեւ մի տարածքում տեղադրված խոշոր մետաղե տարաների մասին, որոնց շուրջբոլոր աղբի բաց կուտակումները ապականում էին մթնոլորտը այն աստիճանի, որ նեխահոտը լցվում էր տները: Եվ բացի դա, աղբահանության որոշակի կայուն սակագին գրանցված չէ, քաղաքի տարբեր շրջանի բնակիչներ տարբեր գումարներ են վճարում, իսկ մի մասն այն կարծիքին է, թե իր չիմացած ծառայությունների դիմաց ինչու պիտի վճարի: Կրկին դեմ ենք առնում միեւնույն խնդրինՙ համապատասխան պարտավորությունների կատարման եւ ֆիքսված սակագներով երկկողմանի պայմանագրային անհրաժեշտությանը:

Նույն ժեկից հարեւանուհուս միջոցով օրերից մի օր ինձ է փոխանցվում ինչ-որ գրքույկ-պայմանագիր ու ամենազավեշտալինՙ միակողմանի ստորագրությամբ, պարտադիր նորմերի վճարՙ բնակ. ընդ. մակ-1460 դրամ եւ կոշտ կենցաղային աղբՙ 600 դրամ բովանդակությամբ, եւ առանց սպառողի համաձայնության:

Մեր թերթում 2 օր առաջ տպագրված հոդվածի իրավացիությունըՙ համատիրությունների անորոշ ու անհայտ գործունեությանը վերաբերող, մեր ժեկը հաստատեց անմիջապես հաջորդ օրը, իր հաշվապահի առավոտյան ահազանգով. լսափողի միջից լսվում է կնոջ սպառնացող ձայնը. բնակչի հետ խոսելու ոչ մի տակտ, բորբոքված, սուր, նյարդեր սղոցող ճիչ, նույնՙ դատի տալու սպառնալիքով: Երբ հարցնում եմՙ ո՛ր ծառայության համարՙ հաշվապահը արագ հիշում է անցած թե նախանցած տարվա ջրի ծորակի չերեւացող տեղի ջրահոսքը ներքեւ, որի մասին հարեւաններն էին իրազեկել: Բայց երբ հիշեցնում ես, որ ժեկի կողմից ուղարկված վարպետը ընդամենը ռետինե բարակ օղակը փոխելու եւ սիֆոնը ձգելու համար 3000 դրամ է պահանջել, առանց համապատասխան կտրոնի, ձայնդ խլացվում է հեռախոսի մյուս կողմից: Այսպիսի ծառայությունների դիմա՞ց է գոյանում մեր պարտքը: Իսկ հաշվապահը կրկնում է նույն սպառնալիքըՙ դատի տալու: Նման փորձ արվել է մեր շենքի բնակիչներից մեկիՙ ըստ որում սոցիալապես ամենաանապահով ընտանիքի նկատմամբ: Եվ բռնագանձվել է նաեւ դատական ծախսերի գումարը:

Մեր առաջարկն է կոմունալ սպասարկման այս ծառայությունը փոխադրել արդիական պահանջներին բավարարող քաղաքակիրթ մակարդակՙ հաստատված պարտավորությունների եւ իրավունքների երկկողմանի պայմանագրով, դրամական փոխանցումների այսօր գործող մեխանիզմով (որ ոչ մի հսկիչ դուռդ ամենաանպատեհ ժամի չթակի եւ ոչ մի հաշվապահ առավոտդ չթունավորի), ստեղծել մասնավոր կամ ընտրովի հիմունքներով գործող մարմինՙ եղած թաղապետական շենքերի ներսում:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4