«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2010-12-23 | #238, 2010-12-24 | #239, 2010-12-25


ԱՅՍ ՏԱՐԻ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՍՑԵԱԳՐՎԵԼ Է 10 ՀԱԶԱՐ ՆԱՄԱԿ, ՈՐՈՆՑԻՑ 28 ՏՈԿՈՍԸ ԴՐԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ Է ՍՏԱՑԵԼ

Այս մասին երեկ տեղեկացրեց հանրապետության նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը : Ընդ որումՙ 2007-ին հանրապետության նախագահին նամակներ են գրել 4000 հոգի, 2008-ին` 13 հազար, 2009-ին` 15 հազար: Նախորդ տարվա համեմատ նամակ-դիմումների նվազումը Հովսեփյանը պայմանավորեց այն հանգամանքով, որ «բազմաթիվ խնդիրների տրվել են համակարգային լուծումներ` կանխելով նմանատիպ խնդիրների առաջացումը հետագայում»: «Այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ նախագահի ստացած 10 հազար նամակներից 28 նոկոսը ստացել է դրական լուծում, ինչը ես համարում եմ լավ ցուցանիշ` հաշվի առնելով, որ ոչ բոլոր դիմումներն են համապատասխանում իրականությանը, դրանց մի մասը լուծման ենթակա չէ, որոշների վաղեմության ժամկետն է անցած, մի մասն էլ պարզապես օգնության խնդրանքներ են», ասաց Հովսեփյանը: Իսկ թվերի տեսքով` այս տարի ընդհանուր նամակների 18,4 տոկոսը չեն համապատասխանում իրականությանը, դիմումների մոտ 24 տոկոսը` քաղաքացիաիրավական բնույթի են, եւս 24 տոկոսը ֆինանսական մեծ օգնությունների խնդրանքներ են, որոնցից, ընդ որում, 10,5 տոկոսի հեղինակները նախագահին խնդրել են ապահովել իրենց կացարանով: Նամակագիրների 5,7 տոկոսի «թեման» ավանդների վերադարձն է, 7,7 տոկոսի խնդրանք-պահանջները վերաբերում են առողջապահության, կրթության եւ գիտության ոլորտներին: «Իսկ 5,2 տոկոսը նախագահին ուղղված շնորհակալական նամակներ են` իրենց բարձրացրած խնդիրներին լուծում տալու եւ ոտնահարված իրավունքների վերականգնման համար», ասաց Հովսեփյանը` նկատելով, որ այս տարի նմանօրինակ նամակների թիվն աճել է: «Բազմաթիվ դիմումների վերաբերյալ խնդիրների ուսումնասիրություններն էլ դեռ ընթացքի մեջ են», եզրափակեց ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավարը` ընդգծելով, որ անցնող տարվա ընթացքում ինքն անձամբ ընդունել է 4200 քաղաքացու:

Վերջում հավելենք, որ նախագահին հասցեագրված դիմումներից 41 տոկոսը Երեւանից է, 21 տոկոսը` Շիրակի մարզից, 7 տոկոսը` Լոռիից, 4,9 տոկոսը` Արմավիրից եւ 3,7 տոկոսը` արտերկրի մեր հայրենակիցներից:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4