«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2010-12-23 | #238, 2010-12-24 | #239, 2010-12-25


ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՄՓՈՓԵՑ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լրագրողներին ներկայացրեց 2010 թվականին նախարարության կատարած աշխատանքները եւ պատասխանեց իրեն ուղղված հարցերին։ Ինչպես տեղեկացրեց նախարարը. «2010 թվականը կարելի է բնորոշել, որպես Սփյուռքի հինմնախնդիրներին անդրադարձի, հաստատման, վստահության ավելացման տարի։ Սփյուռքը բոլոր ոլորտներում դարձել է ընդմիշտ ներկայություն. բոլորը խոսում են, գրում, անդրադառնում: Հաստատվել են ամուր կապեր շատ կառույցների, նրանց ղեկավարների հետ: Համակարգող խորհուրդներ են ստեղծվել Իսպանիայում, Հոլանդիայում, Լեհաստանում եւ Մերձբալթյան երկրներում:

Սփյուռքի բազմազանությունից ելնելով ծրագրերն իրականացվում են ըստ տարածաշրջանների:

ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության ընթացքում արդեն իսկ նկատելի է Սփյուռքի վերաբերմունքի փոփոխությունը Հայրենիքի, սփյուռքի նախարարության եւ նրա կողմից իրականավող ծրագրերի նկատմամբ:

2010թ.-ը ՀՀ սփյուռքի նախարարությունը հռչակել էր Մայրենիի տարի, որի շրջանակներում փետրվարի 21-ին իրականացվեց խոշոր միջոցառում, որին հաջորդեցին այցը` Օշական, շարադրության մրցույթ, նկարների մրցույթ, գրողների մեծարման երեկո, բաց դասեր եւ այլն: Մայրենիի տարին առանձնապես ոգեշնչված նշեցին Հունաստանի, Սիրիաի, Լիբանանի, ԱՊՀ պետությունների, Վրաստանի հայ համայնքները եւ հանրապետության մարզերը:

ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրում այս տարի ներառված էին Վարդգես Սուրենյանցը, Միսաք Մանուշյանը, Մխիթար Սեբաստացին, Պողոս Նուբարը, Լազարյան եղբայրները, Լեւոն Շանթը: Մեծ շուքով նշվեց նաեւ Ռուբեն Սեւակի ծննդյան 125 ամյակը: 2011 թ. նույն այս ծրագրում կընդգրկվեն Ջիվանին, Մոնթե Մելքոնյանը, Գարեգին Նժդեհը եւ Պետրոս Դուրյանը:

2010 թ. միջոցառումների ցանկում անհրաժեշտ է առանձնացնել լրագրողների համահայկական համաժողովը, շախմատի օլիմպիադան, հայ գրականության օրերը, Մոսկվայի եւ Բեյրութի թատրոնների հյուրախաղերը, կերպարվեստի գործիչների եւ «Արվեստը եւ բիզնեսը, արվեստը եւ համացանցը» համաժողովները, կատարողական արվեստի օրերը, պարուսույցների վարպետության դասերը եւ այլն:

Ամփոփելով եւ վերլուծելով 2010 թ. «Արի տուն» ծրագրի 6 փուլերի իրականացման արդյունքները եւ համեմատելով առաջին տարվա հետ, կարելի է արձանագրել, որ ծրագիրը սփյուռքահայ երիտասարդներին Հայրենիքին կապելու, հայադարձության եւ հայրենադարձության նպատակի իրականացման հաջողված եւ արդեն կայացած պետական ծրագիր է: Գրեթե կրկնակի ավելացել է ծրագրի մասնակիցների թիվը` 2009 թ. 307-ի փոխարեն այս տարվա իրականացված 6 փուլերի արդյունքում Հայաստան այցելել է սփյուռքահայ 560 երիտասարդ, ընդլայնվել է մասնակցության երկրների աշխարհագրությունը` 14-ից հասնելով 26-ի: Հետադարձ արձագանք է գտել սփյուռքահայ երիտասարդների հայաստանյան ընտանիքներում հյուրընկալությունը. մի շարք երկրներից ցանկություն են հայտնել իրենց ընտանիքներում երկու շաբաթ տեւողությամբ ընդունել Հայաստանի հյուրընկալ ընտանիքների երիտասարդների: Դեկտեմբերի 19-ից արդեն Հոլանդիայում է հայաստանյան երիտասարդների խումբը:

Հայաստանյան երիտասարդներին իրենց ընտանիքներում հյուրընկալելու ցանկություն են հայտնել նաեւ Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքից, Ֆրանսիայից: «Արի տուն» ծրագրի հաջորդ տարվա մասնակիցների թիվը նախատեսված է հասցնել 800-ի: Նշենք նաեւ, որ 2011 թ. ծրագիրն իրականացվելու է հյուրընկալ ընտանիքների եւ ճամբարային համակարգի զուգորդմամբ:

Զգալի աշխատանքներ են տարվել հայ համայնքներում կրթամշակութային հիմնախնդիրների լուծման աջակցության ծրագրերի մշակման եւ իրականացման համակարգման ուղղությամբ: Սփյուռքի կրթօջախներից, ուսումնական, մշակութային, համայնքային կազմակերպություններից, այլ հաստատություններից ստացվող հայտերի թիվն աճել է: Եթե մինչեւ 2008 թ. տարեկան միջինը Սփյուռքին տրամադրվում էր 10-15 հազ. կտոր դասագիր, ուսումնաօժանդակ նյութեր, ապա 2008 թ. պահանջարկը կազմել է 25.000 կտոր, 2009 թ.` 75.000, միայն ՀՀ սփյուռքի նախարարության միջոցով փոխանցվել է շուրջ 40.000 կտոր գրքի հայտ: 2010 թ. ՀՀ ԿԳՆ տեղեկանքի համաձայն տրամադրվել է շուրջ 52.000 կտոր գրականություն, ուսումնաօժանդակ նյութեր:

Մինչեւ այժմ լուծված չէր հասցեատերերին գրքերի առաքման հարցը եւ հաշվի չէր առնված Սփյուռքի իրական պահանջները: Այդ խնդրի լուծման նպատակով նախարարությունում մշակվեց ուսումնական եւ գիտահանրամատչելի գրականության հավաքագրմանեւ առաքման ծրագիրը եւ դրվեց գործողության մեջ: Սփյուռքի համար հավաքագրվում է ոչ միայն ուսումնական, այլ գիտահանրամատչելի, գեղարվեստական, մանկական գրականություն, որոնց պահանջը մեծ է: Այս ծրագրով Սփյուռք է առաքվել շուրջ 10.000 կտոր:

Կարեւորագույն խնդիր է Սփյուռքում մեկօրյա դպրոցների ցանցի ընդլայնումը, մեկօրյա դպրոցների ստեղծմանն աջակցությունը: Մեկօրյա դպրոցներ են ստեղծվել ՌԴ Մոսկվայի մարզի Խիմկի, Ռոստովի մարզի Կամենսկ-Շախտինսկ, Վոլոգդայի մարզի Չերեպովեց, Չելյաբինսկ, Վոլգոգրադ, Ուկրաինայի Մերեֆա, Իզյում քաղաքներում եւ Մոլդովայում, նրանց տրամադրվել են դասագրքեր, ուսումնաօժանդակ նյութեր:

Աշխատանքներ են տարվել Սփյուռքի տարբեր հատվածների հայկական եւ հայաստանյան դպրոցների միջեւ «Քույր դպրոցների» ստեղծման ուղղությամբ: Քույրացվել է 12 դպրոց:.

ՀՀ սփյուռքի նախարարությունն ու Համաշխարհային հայկական կոնգրեսը համատեղ անցկացրեցին «Լավագույն հայկական կրթօջախ» եւ «Լավագույն հայկական լրատվամիջոց» մրցույթները: Առաջինին մասնակցեցին 62` 31 մեկօրյա եւ 31 ամենօրյա դպրոցներ, վարժարաններ, քոլեջներ, ճեմարաներ: Երկրորդին հայտ էր ներկայացրել 56 լրատվամիջոց: ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է ՀՀ բուհերի եւ միջնակարգ մասնագիտական հաստատությունների սփյուռքահայ ուսանողների խորհուրդ: Կազմվել են խորհրդի գործողությունների ծրագիրը, խորհրդի աշխատակարգը:

2010 թ. նոյեմբերի 20-ին «Հայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգե-ի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն եւ հավանության արժանացել դեկտեմբերի 9-ի նիստում: Լրամշակման փուլում է «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Իրականացվել է հայերեն-անգլերեն եւ դասական ուղղագրությամբ հայերեն-անգլերեն 3000 օրինակով «Հայկական Սփյուռք տարեգրքի» հրատարակումը, որն առաքվել է շուրջ 50 երկրներ` ավելի քան 500 սփյուռքյան կազմակերպությունների եւ անհատների: Տարեգրքի հրատարակման աշխատանքներն իրականացնելու ընթացքում համագործակցել ենք բոլոր երկրների դեսպանատների, հոգեւոր կառույցների, հայկական կազմակերպությունների հետ:

Պատրաստվել է աշխարհի տարբեր երկրներում, ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում գտնվող Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների պատկերագիրքը եւ ներկայացվել տպագրության:

Տպագրության են ներկայացվել «Արեւմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում» համաժողովի նյութերի ժողովածուն, «Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգը»` երեք լեզվով:

Իրականացվել է աջակցության ծրագիր ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի նոր մագիստրոս-սփյուռքագետների պատրաստման համար (ուսման վճարի տրամադրում)-21 մագիստրոս:

Անցկացվել է «Պետություն-Սփյուռք հարաբերություններ» խորագրով կլոր սեղան` միջազգային փորձագետների մասնակցությամբ (հուլիս 29-30):

Անցկացվել է «Հայրենադարձության հայեցակարգ եւ Հայրենադարձության մասին ՀՀ օրենք» թեմայով միջազգային կլոր սեղան միջազգային փորձագետ ներկայացուցիչների մասնակցությամբ (օգոստոս 2-5):

ՌԴ տարբեր տարածաշրջաններում կազմակերպվել են հավաք-հանդիպումներ հայկական համայնքների եւ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հայ ժողովրդի նվիրյալների հանդեպ հարգանքի եւ երախտիքի դրսեւորման լավագույն օրինակ է «Հայ բարերարների ճեմուղու հիմնադրում» ծրագրի իրականացումը Երեւանի քաղաքապետարանի կողմից հատկացված Օղակաձեւ այգու 4-րդ հատվածում, որտեղ կտեղադրվեն հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող, ինչպես նաեւ հայ ազգային բարերարներ Ալեք Մանուկյանի, Ալեքսանդր Մանթաշյանի, Գալուստ Կյուլպենկյանի, Հովհաննես եւ Հովակիմ Լազարյանների, Միքայել Արամյանցի, Պողոս Նուբարի հուշակոթողները:

Սեպտեմբերի 20-22-ը կազմակերպվել եւ իրականացվել է Հայաստանի բուհերի սփյուռքահայ շրջանավարտների հավաք, որին մասնակցել է 14 երկրներից ժամանած 54 սփյուռքահայ շրջանավարտ:

Կազմվել է Եվրոպայում, ԱՊՀ Մերձավոր Արեւելքի երկրներում գործող շուրջ 100 հայագիտական կենտրոնների անձնագրերը:

Կազմվել է ՀՀ եւ Բելառուսի կառավարությունների միջեւ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների ապահովման բնագավառում համագործակցության Համաձայնագրի նախագիծն ու փաստաթղթերի փաթեթը: ՀՀ կառավարությունը 21.10.2010 թ. թիվ 1366 որոշմամբ համաձայնություն է տվել վերոնշյալ Համաձայնագիրը ստորագրելու Սփյուռքի նախարարության առաջարկությանը:

Նիժնի Նովգորոդի Լոբաչեւսկու անվան պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում 2010-2011 ուսումնական տարում հայոց լեզուն ներառվել է պարտադիր ուսուցման օտար լեզուների ցանկումՙ որպես երկրորդ օտար լեզու: ՌԴ Նիժնի Նովգորոդի հայ համայնքի նախաձեռնությամբ հոկտեմբերի 9-16-ը կազմակերպվել է Լոբաչեւսկու անվան համալսարանի պատվիրակության այցը Հայաստան: Մշակվել է այցի ծրագիրը եւ իրականացվել ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները:

ՀՀ ԳԱԱ ինստիտուտների հետ Մոսկվայում բացվել է «Միջքաղաքակրթական հետազոտությունների կենտրոն», իսկ Եկատերինբուրգի պետական համալսարանում ԵՊՀի սոցիոլոգիայի ամբիոնի հետ ստեղծվել է հայկական հետազոտությունների կենտրոն:

Կազմակերպվել են տեսակոնֆերանսներ Մոսկվայի հայկական երիտասարդական կազմակերպությունների, Եկատերինբուրգի հայ համայնքի եւ Ուրալի համալսարանի հայկական հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչների, Ուկրաինայի հայերի միության եւ Կիեւի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքում հստակեցվել եւ արձանագրվել են տեղի հայ համայնքների հիմնախնդիրներն ու դժվարությունները, դրանց ուղղությամբ մշակվել եւ իրականացվում են միջոցառումների ծրագրեր:

2010 թ. սեպտեմբերի 25-ին «Վոլոգոդդայի մարզի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Չերեպավեցում բացվել է Հայկական կրթամշակութային կենտրոն։

Ապահովվել է Սինգապուրում անցկացված պատանեկան օլիմպիական առաջին խաղերի Հայաստանից մեկնած պատվիրակության ընդունելությունը տեղի համայնքի կողմից, ինչի համար Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը շնորհակալական նամակ է հղել ՀՀ Սփյուռքի նախարարությանը

Նոյեմբերի 21-ին Կրասնոդարի Պաշկովկա թաղամասում օծվեց ու բացվեց նորակառույց, տուֆակերտ Հայկական Առաքելական «Սուրբ Սահակ եւ Մաշտոց» եկեղեցին։

Բլագովեշչենսկում, Իզյումում, Սումիում, Տվերում, Մերեֆայում, Աշգաբատում, Մառիյում, Թուրքմենբաշիում, Էլոտանում բացվել են կիրակնօրյա դպրոցներ։

Իրականացվել է ՀՀ կառավարության կողմից հաստատված «Վրաստանի հայ համայնքի գործունեությանն աջակցության» ծրագիրը:

ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կառավարություն է ներկայացվել 2 օրենքի նախագիծ եւ 18 որոշում:

2010 թ. առաջին 11 ամիսների ընթացքում կազմակերպվել է ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի 11 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է 42 հարց:

ՀՀ սփյուռքի նախարարությանում այս ժամանակամիջոցում ստացվել է 3413 եւ առաքվել է 3329 գրություն: Ստացվել եւ պատասխանվել է 745 նամակ քաղաքացիներից:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ստորաբաժանումներում քննարկման արդյունքում համապատասխան հանձնարարականներով գերատեսչություններ, նախարարություններ եւ պետական այլ կառույցներ են առաքվել 2776 գրություն:

2010 թ. առաքվել է 304 շնորհակալական նամակ, ստացվել 102-ը, առաքվել է 913 շնորհավորական նամակ եւ ստացվել 1123-ը:

Նախարարություն այցելել է 1601 քաղաքացի, որից` նախարարը ընդունել է` 756, համապատասխան ստորաբաժանումները` 845: Նրանցից` ՀՀ քաղաքացիներ - 678 եւ սփյուռքահայեր-923:

Կազմակերպել է նախարարության կազմակերպած 26 միջոցառումների լայն լուսաբանում, որոնցից յուրաքանչյուրին մասնակցել է միջին հաշվով 18-20 տեղական եւ Սփյուռքի զանգվածային լրատվամիջոց: Կազմակերպվել է 9 մամուլի ասուլիս, որոնցից 7-ը` ՀՀ սփյուռքի նախարարի եւ 2-ը նախարարի տեղակալի մասնակցությամբ: Պատրաստվել է շուրջ 2000 տեղեկատվական նյութ եւ էլեկտրոնային փոստով առաքվել տեղական եւ Սփյուռքի լրատվամիջոցներին:

Հայ լրագրողների 5-րդ համահայկական համաժողովի արդյունքում ընդունվել է համաժողովի հայտարարությունը` համազգային հարցերում ընդհանուր մոտեցում ունենալու, կազմվել է աշխատանքային համակարգող մարմին: Մշակվել է երիտասարդ լրագրողների վերապատրաստման դասընթացների եւ համաժողովի ծրագիրը:

Նախարարության ջանքերի շնորհիվ այսօր արդեն տեսակոնֆերանսների կազմակերպումը բարդ խնդրից վերաճել է պարզ աշխատանքային գործունեության, կազմակերպվել է շուրջ 10 տեսակոնֆերանս: Նկարահանվել եւ տարբեր կայքերում տեղադրվել է նախարարության տարբեր ծրագրերի եւ գործունեության վերաբերյալ ավելի քան 30 տեսահոլովակ:

Կատարվել է շուրջ 11 վերլուծություն: Մշակվել է Սփյուռքի ներուժի հաշվառման եւ համախմբան մոդել եւ ծրագիր:

2011 թ. իրականացվելիք ծրագրեր`

1. Մշակվել է «Սփյուռքի զարգացման հեռանկարները գլոբալացվող աշխարհում» միջազգային համաժողովի ծրագրի նախագիծը:

2. Մշակվել է «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների մանրակերտերի պատրաստում եւ տեղադրում» ծրագրի նախագիծը, ըստ որի` արտերկրում գտնվող համապատասխան որոշ հուշարձանների մանրակերտեր տեղադրվելու են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում:

3. Մշակվել է Սփյուռքի համայնքների եւ կազմակերպությունների ղեկավարների համահայկական համաժողովի կազմակերպման ծրագիր-ժամանակացույցը:

4. Մշակվել է Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագետների համահայկական երկրորդ համաժողովի կազմակերպման ծրագիր-ժամանակացույցը:

5. Մշակվել է կիրառական հետազոտությունների թեմատիկ պատվերի նախագիծ 2011 թ. համար:

2011 թվականի ծրագրերից առանձնանում են`

1. «Հայկական սփյուռք-2011 տարեգրքի» հրատարակումը, որը կլինի առավել ընդգրկուն, լրամշակված, կընդլայնվի համայնքների եւ կառույցների աշխարհագրությունը:

2. «Հայկական սփյուռք վիրտուալ թանգարանի» ստեղծումը:

3. «Հայ բարերարների ճեմուղու» համալրման եւ բարեկարգման աշխատանքները:

4. Հայագիտական կենտրոնների նոր տեղեկանքների պատրաստումը:

5. Վիեննայի Մխիթարյան միաբանության 200-ամյակի տոնակատարության հետ կապված միջոցառումներ:

Մ. ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4