«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2010-12-23 | #238, 2010-12-24 | #239, 2010-12-25


Ի՞ՆՉ ՉԼԻՆԻ 2011-ԻՆ

Մերոնք բոլորը հին տարին են ամփոփում այնպիսի եռանդով, կարծես պլան են կատարում: Ահա երեկ էլ Ստեփան Դեմիրճյանը դրանից պակաս չմնաց ու նորից ազատ-արդար-թափանցիկից (ընտրություններից` բնականաբար) խոսեց: Սակայն ես, օրինակ, ուզում եմ առաջ նայել ու հայտնի կենացաբանների հացը մի տասը րոպեով կտրելով, Նոր տարվա դեմ դուռը բացելուց առաջ, նրանից պահանջելու նման խնդրել, որ 2010-ին մեզ զզվեցրած, մեր առօրյան թունավորած, աստծու տված հրաշք կյանքին թրիքի նման կպած վատ բաները 2011-ին, ի՞նչ կլինի, ի չիք դառնան, չկրկնվեն, չլինեն-չգան-գոլորշանան: Իսկ թե ճար չկա-գալու են` գոնե մի քանի վայրկյան երազելու չափ երազենք ու պատրանք ունենանք, որ չե՛ն լինելու. երազելն առողջությանը վնաս չէ, իզուր չէ, որ մեր ժողովուրդն ազգովին կենացաբան է, այսինքն` երազող, դատարկ խոսքին տրվող...

Ուրեմն` ի՞նչ չլինի նոր տարում: Թող չլինի նախ բնության քմահաճույք ու վնասաբեր տարերք` սա աստծո ձեռքում է: Չլինի պատերազմ ու ավեր` սա հարեւանի ձեռքում է: Չլինի թանկացում ու պակասություն` սա մեր օլիգարխների ձեռքում է, քանի որ օրենքով էլ, առանց օրենքի էլ մեր տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դրա դեմն առնել չի կարող, համենայն դեպս` մինչեւ այսօր չի կարողացել առնել... վերեւն աստվա~ծ, ներքեւն` օլիգարխնե~ր: Հուսով եմ` մի քիչ հումոր դրեցի այս մի չուզելու մեջ, բայց էլ ի՞նչ կատակ, որի կեսը գոնե իրականությանը չհամապատասխանի:

Նոր տարում մի հրաշքով ուզում եմ արթնանալ ու աղբամանների մոտ մուրացկանների չտեսնել: Չտեսնել հատկապես «Հենարան» ակումբի եւ Երգի պետական թատրոնի միջակայքում մշտապես սառը քարին նստած, մի քանի վերարկու իրար վրա հագած կնոջը, որ անգամ հոգնել է մուրալուց ու ծպտուն չի հանում` գիտեցողները հենց այնպես, իրենց կամքով են նրան փող տալիս: Չեմ ուզում Ֆիրդուսնոցի մոտակայքում ամառային կոշիկներով եւ ձմեռային հնամաշ մուշտակով կնոջն անտարբեր նստած ու ննջելիս տեսնել երեկոյան ժամերին` այստե՛ղ, փողոցում է նրա գիշերավայրը, ու եթե համարձակվես, մի քիչ խորանաս կեսգիշերին Ֆիրդուսնոցի շուկա` կտեսնես էս ձմեռվա ցրտին ստվարաթղթերի վրա գիշերն անցկացնող մեկ տասնյակից ավելի մարդու. ուզում եմ, որ նրանք նոր տարում կտուր ունենան գլխներին:

Նոր տարում այլեւս չեմ ուզում լսել ոչ մի դատարկ խոսք, հատկապես ազգիս Ազգային ժողովում, հատկապես երկրիս նախարարների կողմից. հերիք է, ի սեր Աստծո, վերջապես խոսեք ըստ էության եւ առանց ընտրաքարոզափառա ենթատեքստերի: Մի գնացեք եթերները ու հաջորդ օրը գլուխ մի գովեք` «Տեսա՞ր ինչ լավ խոսեցի», հենց այդ է, որ խոսեցիր, գործո՛վ զբաղվիր:

Նոր տարում կուզեի, որ ոչ «Գեղանք» մրցանակ լինի, ոչ «Կեղանք» (համարյա` «Կղանք»` մեղա տեր), մրցանակները սահմանվեն ոչ թե քծնելու կամ քննադատելու ուժգնության ասիճանից ելնելով կամ անձնական թշնամիներին կզացնելու համար, այլ ստեղծվելիքի` գեղարվեստական կամ մշակութային արժեք լինելու հանգամանքից բխած:

Նոր տարում կուզեի, որ «արա -ապեն» պակասի մեր առօրյայից, ամեն օր «ռազբորկայի» ու դանակահարության մասին լուրերը չկարդամ մեր լրատվական կայքերում, ամեն օր դիակներ չհայտնաբերվեն բնակարաններում` մենակ մնացած ծերերի, որոնց զավակները արտերկրներում օրվա հացի հետեւից են ընկած եւ վերջին ժամին ծնողի կողքին չեն`այն աշխարհ տեղափոխվելու պահին:

Նոր տարում կուզենայի, որ իմ երկրի մսավաճառը ճանաչի ու հարգի իմ երկրի գյուղնախարարին ու նրան «հոպար» չասի: Այսինքն` ոչ թե «հոպար» բառին եմ դեմ, այլ կողմ եմ նրան, որ գյուղնախարարը ճանաչված ու հարգված մարդ լինի, ու նրա մի երեւալը բան նշանակի: Առհասարակ` ծիծաղելի ու չհարգված պաշտոնյաներից կուզեմ զերծ լինենք` պաշտոնյան մեր «հայաթի Ռուբոյի» չափ չպետք է իմանա, ու ոչ էլ նրա մակարդակին լինի, որ էս երկիրը մի հալի գա:

Նոր տարում կուզեի, որ դատարկ տակառներն այլեւս մի հրաշքով չզնգզնգային, մարդիկ գնահատվեին ըստ արժանիքի եւ աշխատանքի, ոչ ոք չգրավեր ուրիշի տեղը, ոչ ոք չսներ իր ամբիցիաները, հասարակ մարդը չքաշքշվեր դատարաններում, կանտորաներում` չինովնիկը դառնար նրա ծառան, ինչպես որ կարգն է Սահմանադրությամբ եւ օրենքով, եւ ոչ թե հակառակը: Բարեգործը բարեգործություն չաներ հանուն տեսախցիկի, եւ բարեգործվածին մի տաս անգամ հոտնկայս «շնորհակալություն» ասել չտար` իր մանթաշովյան կերպարը կերտելու խաթեր: Օդանավակայանում չտեսնեի երկրից գնալու համար խռնվող երիտասարդների` նրանք առանց ծանոթի, առանց խտրականության ենթարկվելու, իրենց սեփական երկրում արժանի դառնային նրան, ինչին արժանի են: Ոչ ոք չվախենար օրենքի, աղբի ու լույսի մարդուց, ոչ ոք 5 հազար դրամը պատրաստ չպահեր` ավտոտեսուչի համար, նրանք բոլորը վարվեին օրենքով, արդար, արդարացի:

Այս ինչքան բան չեմ ուզում: Աստծո ականջին լսելի լինի: Աշխարհի մեր այս անկյունում բարին ընկնի ճանապարհ:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ. Գ. Քաղաքապետ Կարեն Կարապետյանը երեկ հայտարարեց. «Բոլոր ոլորտները պիտի կարգավորենք: Էդ ո՞նց ա, որ մինչեւ հիմա ոչ մի տնօրեն պրոֆնեպրիգոդնիության համար չի ազատվել աշխատանքից, երբ էդպիսիները շատ են, կաշառակերությունը տարածված է: Ես մյուս տարի այս առումով ուժեղ դխկոց եմ սպասում»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4