«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2010-12-23 | #238, 2010-12-24 | #239, 2010-12-25


ԻԲՐԵՎ ՋԵՌՈՒՑՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐ` ԿՕԳՏԱԳՈՐԾՎԻ ԲԻՈԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ

Էներգետիկ անկախության հասնելը կառավարության կարեւորագույն խնդիրներից մեկն է. այս մասին երեկ տեղի ունեցած տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտարարեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը : Այդ շրջանակում, մասնավորապես, նախատեսվում է 2011 թվականին ամբողջական նորոգման ենթարկել Սարսանգի ՀԷԿ-ը, որը հնարավորություն կտա 2012 թվականից անցնել էներգետիկ անկախության: Միեւնույն ժամանակ, ըստ վարչապետի, հանրապետությունում համատարած գազիֆիկացումն իրեն չի արդարացրել, համակարգը փաստացի անարդյունավետ է աշխատում եւ անհրաժեշտություն կա գտնել ջեռուցման այլընտրանքային աղբյուրներ: Դրա մի ուղին բիոէներգետիկայի կիրառումն է, ինչը մի շարք երկրներում արդյունավետ կիրառություն ունի: Այդ ծրագիրն Արցախի ծայրամասային բնակավայրերում արդեն իսկ գործում է, եւ առաջիկայում հնարավոր կլինի բիոզանգվածի օգտագործմամբ ջեռուցում ստանալ նաեւ մայրաքաղաք Ստեփանակերտում ու շրջաններում:

Էներգետիկայի բնագավառում առկա խնդիրների արմատական լուծման համար նախատեսվում է միավորել գազի եւ էլեկտրաէներգիայի վարչական կառույցներն ու կառավարման տալ մասնավոր ընկերության: Տվյալ ընկերության հետ, որը վարչապետի բնութագրմամբ` ՀՀ-ում նման գործունեության բավարար փորձ ունի, բանակցությունները ընթանում են: Հավանական է, դեկտեմբերի վերջին կայանալիք կառավարության հերթական նիստում համապատասխան որոշում կընդունվի:

Անցնող տարում ԼՂՀ կառավարության ուշադրության կենտրոնում էր գտնվում նաեւ ապրանքների գնաճը: Թանկացման պատճառներից մեկն էլ մի շարք գյուղմթերքների, որոնք կարելի է նաեւ տեղում արտադրել, ներմուծման հանգամանքով է պայմանավորված: Կառավարությունն աջակցելու է տեղական արտադրանքն ավելացնելու նախաձեռնություններին` նպատակ ունենալով մրցակցային դաշտի ստեղծմամբ ազդել գնային քաղաքականության վրա, խոստացավ վարչապետը:

Լրագրողների խնդրանքով Արա Հարությունյանն անդրադարձավ նաեւ միգրացիոն խնդիրներին: Անցյալ տաեվերջին անցկացված ասուլիսի ժամանակ վարչապետն ասել էր, որ 2010 թվականին առնվազն 200 ընտանիքներ են վերաբնակեցվելու Արցախում: Այս կապակցությամբ նա տեղեկացրեց, որ միայն Քաշաթաղի շրջանում նշվածից ավելի ընտանիքներ են արդեն վերաբնակեցվել: Կառավարությունը չի խնդրում որեւէ մեկին գալ Արցախում ապրել, այլ ձգտում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կարող են հնարավորինս գայթակղիչ լինել վերաբնակության համար:

Փախստականների բնակարանային խնդիրը չի կարող պատշաճ լուծում ստանալ, եթե վիճակը հիմնովին չի ուսումնասիրված, նշեց վարչապետը: Ուստի բնակարանային հանձնաժողովը կկատարի անհրաժեշտ ուսումնասիրություններ, որից հետո միայն ձեռնամուխ կլինեն փախստականների բնակարանային խնդիրների լիարժեք լուծմանը: Իսկ մինչ այդ, հավելեց գործադիրի ղեկավարը, պետք է ավարտին հասցնել զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններով ապահովման ծրագիրը:

Անցնող տարում արտաքին քաղաքական բնագավառում էական հաջողություններ չեն արձանագրվել: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարճ ժամանակում հնարավոր չէ, դրա համար տասնյակ տարիներ են պետք: Իսկ ժամանակը միայն մեր օգտին է գործում, համոզմունք հայտնեց ԼՂՀ կառավարության ղեկավարը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4