Առանց մեծ գումարներ ծախսելու
Վերջերս եւս մեկ ցավալի դեպք գրանցվեց երեւանյան փոխանակման կետերից մեկում: Հանցագործները սպանեցին փոխանակման կետի աշխատակցին եւ տարան նրա մոտ եղած գումարը: Փաստորեն, մարդկային կյանք արժեցավ ամսական 60-90 հազար խնայած դրամը, որը եթե վճարվեր ինկասացիոն ծառայության համար, հնարավոր կլիներ խուսափել ողբերգությունից: Իսկ որ այսօր Հայաստանում իրականացվում են որակյալ ինկասացիոն ծառայություններ, համոզվեցինքՙ լինելով «Հայինկասացիա» ընկերության գրասենյակում, տեսնելով նրանց տեխնիկական զինվածության, մասնագիտական պատրաստվածության, հաճախորդների հետ աշխատանքի մակարդակը: Ընկերության գործունեության մանրամասների մասին մեզ պատմեց ընկերության ինկասացիայի վարչության պետ Գագիկ Հովհաննիսյանը:
«Հայինկասացիան» համագործակցում է բազմաթիվ կազմակերպություններիՙ բանկերի, գրավատների, առեւտրային կազմակերպությունների, փոխանակման կետերի, պետական հաստատությունների հետ, որոնց թիվը շարունակաբար աճում է: Բնականաբար, նրանց գլխավոր մտահոգությունը հանցագործներից ապահովագրվելն է, որոնք գտնում են խոցելի եւ անպաշտպան օբյեկտներ իրենց նպատակներն իրագործելու համար: «Այսինքն, նրանք իմանում են, որ տվյալ օբյեկտում ինկասացիա չի արվում, դրա համար էլ հարձակվում են», նշեց Գագիկ Հովհաննիսյանը, ավելացնելով, որ տվյալ դեպքում փոխանակման կետերի տերերը, ռիսկի են ենթարկում իրենց եւ իրենց աշխատակիցների կյանքը, գումարները, փոխանակ ամսական մի քանի տասնյակ հազար գումար վճարելով կարգավորեն այս հարցը: Մյուս կողմից, նա չբացառեց այն տարբերակը, որ շատերը տեղյակ չեն ինկասացիոն ծառայությունների մասին եւ գուցե դրա համար էլ չեն դիմում:
Ի՞նչ է անում «Հայինկասացիան»: Նախ պայմանավորվում են կազմակերպությունների հետ գումարը պայմանավորված ժամերին նրանցից վերցնելու, ապահով տեղափոխելու եւ վերադարձնելու շուրջը: Պայմանները կարող են տարբեր լինելՙ կախված ընկերությունների հետ աշխատանքի ծավալից, օբյեկտի հեռավորությունից, ուղերթերի հեռավորությունից: Սակայն բոլոր դեպքերում գումարը տեղափոխում են զրահապատ մեքենաներով (ընկերությունը 38 այդպիսի մեքենաներ ունի), որտեղ գտնվում են տարբեր տեսակի զենքերով զինված, անհրաժեշտ զինամթերքով, զրահաբաճկոններով ապահովված փորձառու ինկասատորները: Զրահապատ մեքենայի վրա հարձակման դեպքում նրանք կարող են երկարատեւ պաշտպանություն կազմակերպել: Բացի այդ, եթե մեքենան կանգ է առնում ճանապարհի ինչ-որ հատվածում, դա անմիջապես արձանագրվում է ընկերության նավիգացիոն կենտրոնի կողմից, եւ եթե այդ կանգառը հետեւանք է հնարավոր հարձակման, անմիջապես ձեռնարկվում են համապատասխան քայլերըՙ տեղեկացվում է տվյալ բաժնի ոստիկանությունը: Բացի լավ զինված լինելուց, ինկասատորները ապահովված են նաեւ կապի մի քանի տեսակներով, եւ նրանք եւս արագ կարող են տեղեկացնել վտանգի առկայության ժամանակ: Կան կազմակերպություններ, որոնց գումարների տեղափոխումը զրահապատ մեքենաներով հավելյալ ուղեկցվում է նաեւ այլ մեքենաներով, որտեղ նույնպես գտնվում են «Հայինկասացիայի» զինված աշխատակիցներ:
Գագիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ «Հայինկասացիան» ծառայություններ է մատուցում Հայաստանի տարածքով մեկ: Ընկերության մատուցած ծառայություններն ունեն այլ առավելություններ եւս: Մասնավորապես երաշխավորվում է տեղափոխվող գումարների գաղտնիությունը, ըստ ընկերության ցանկությանՙ կարելի է դրանք տեղափոխել անգամ գիշերվա ժամերին, տեղափոխվող գումարները ապահովագրվում են: Այսինքն, եթե անգամ դրանց հետ ինչ-որ բան պատահի, ապա տվյալ կազմակերպությունն անպայման կստանա իր գումարները: Մեր զրուցակիցը նաեւ հայտնեց, որ «Հայինկասացիա»-ի ծառայությունները մանրամասնորեն շարադրված են ընկերության կայքում` www.incasso.info.am: Նա մեկ անգամ եւս շեշետեց ֆինանսական միջոցների հետ գործ ունեցող կազմակերպությունների համար ինկասացիոն ծառայություններից օգտվելու անհրաժեշտությունը, որոնց որակի ու մակարդակի համեմատ արժեքը բավականին մատչելի է:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ