Այսպիսի խոսք կա` ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես կանցնի ամբողջ տարին: Հենց այսպես մտածելով էլ ամեն տարի պատրաստվում ենք, սեղան գցում, պատրաստում «պլանով նախատեսված» ճաշատեսակները, աղցանները, նվերներ գնում: Վերջին տարիներին Ամանորի հանդեպ հետաքրքրությունը նվազել է: Տպավորությունն այնպիսին է, որ շատերը պարտավորված են պատրաստվում Ամանորին, որովհետեւ Ամանորը հիմա նույնացվում է ծախսերի ու պարտքերի հետ: Որոշեցի այս թեմայով զրուցել անծանոթների հետ:
51-ամյա Մնացական Ստեփանյանը անկեղծացավ. «Նոր տարվան ձեւի համար ենք պատրաստվում.. ո՛չ փող կա, ո՛չ էլ հետաքրքրություն»: Բողոքում ենք ծախսերից, ապրանքների թանկությունից, բայց ի՞նչ գնով էլ լինի, Նոր տարվա սեղանը պետք է պատշաճ լինի:
59-ամյա Լյովան ասում է, որ Նոր տարվա առեւտուրը դեռ չի սկսել. «Եթե գումարս չբավականացնի, պարտք եմ անելու: Դե հյուր ենք գնում, նվերներ էլ պետք է առնենք: Առաջ տոպրակի մեջ մի հատ մանդարին, կոնֆետ ու չիր էինք գցում, տալիս էինք երեխաներին, ուրախանում էին էդ նվերով, բայց հիմա ո՞ր երեխային կարող ես Էդպիսի նվեր տալ, իսկ մի հատ նորմալ խաղալիքը 3000 դրամ արժե»: Մարդիկ այնքան սրտնեղած են, որ ուղղակի դժգոհելու առիթ է պետք, եւ այսօր բողոքելու թերեւս ամենամեծ առիթը հենց Նոր տարվա ծախսերն են:
35-ամյա Արթուրը Ֆիրդուսու շուկայի մոտ առեւտուր է անում, Նոր տարվա սեղանի համար նախատեսում է ծախսել մոտավորապես 150 հազար դրամ, ասում էՙ տանը 6 հոգով են ապրում: «Բացի սննդի ծախսերից` երեխաներին դեռ կրկես կամ տիկնիկային թատրոն պետք է տանեմ, նվերներ գնեմ, էդ ամեն ինչի համար էլ առանձին 20-25 հազար եմ նախատեսել»: Արթուրը դժգոհում է, բայց միեւնույն ժամանակ ասում, որ ուրախությամբ է սպասում Ամանորին. «Էս մի տոնն է մնացել, մի քիչ ուրախանանք: Հետո բարեկամներ ունենք, որոնց տարվա մեջ միայն Նոր տարվան ենք տեսնում: Լավ է, որ գոնե Նոր տարվան գնում ենք իրար տներ»:
Ամենալավը տրամադրված էին ուսանողները, որոնց հանդիպեցի Մանկավարժական համալսարանի դիմաց, նույն համալսարանի ուսանողներից էին: Տոնածառ զարդարելը, հյուր գնալը եւ տանը մաքրություն անելը, ուսանողների խոսքով, այս օրերին հաճելի գործեր են:
Ամանորի հանդեպ շատերի դժգոհ վերաբերմունքն իհարկե պայմանավորված է սոցիալական խնդիրներով, բայց պատճառը դա չէ միայն: Միտքը, թե Նոր տարին գա, որ մի կուշտ փորով հաց ուտենք, փաստում է, որ կորել է Նոր տարվա խորհուրդը, այնինչ սա ոչ թե ուտել-խմելու, այլ ջերմության ու բարության տոն է: Նախկինում նույնիսկ մինչեւ Սուրբ Ծնունդը մարդիկ պաս են պահել, այլ ոչ թե ծախսել իրենց գրպանի պարունակությունից ավելին, որպեսզի ծանոթ-բարեկամների առջեւ ամոթով չմնան ու մի կուշտ փորով էլ հաց ուտեն:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ