«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2010-12-23 | #238, 2010-12-24 | #239, 2010-12-25


ԳԵՎՈՐԳ ՄՈՒԹԱՖՅԱՆ. ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՈՒՄ ԻՆՁ ՇԱՏ ՕԳՆԵՑԻՆ... ԵՐԵԽԱՆԵՐԸ

Սիրիահայ Գեւորգ Մութաֆյանը սովորում է Երեւանի կոնսերվատորիայում, երգում է ազգային օպերային թատրոնում, Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում: Ամուսնացավ Հայաստանում, ծնվեց առաջնեկը` Մարիամը: Այսինքն, գոհ էր համաչափ կյանքից, իր կոչումը տեսնում էր միայն երգի մեջ: Բայց այս տարի նրա կյանքում շեշտակի փոփոխություններ տեղի ունեցան:


- Գեւորգ, հանգիստ քեզ համար ապրում էիր, ի~նչ պատահեց, որ ընկար հեռուստասերիալային նկարահանումների դինամիկ հորձանուտը:

- Հանգիստը հանգիստ չէր, եւ սովորում էի, եւ երգում տարբեր ներկայացումներում, բայց միօրինակություն կար: Մի օր Պարոնյանում «Եթե կանայք ուզենան» ներկայացման` Պոլսում տեղի ունեցած պատմության մեջ խաղում եմ թաղականի դերը: Արդեն կուլիսներում ինձ ասացին, որ իմ խաղը ու «ահռելի» տղամարդու արտաքինս դուր է եկել «Դիմակահանդես» հեռուստասերիալի ներկայացուցչին եւ նա ուզում է ինձ հետ խոսել: Ծանոթացանք, եւ նա ինձ զրույցի հրավիրեց գլխավոր ռեժիսոր Վահե Սայանի մոտ: Սայանը ինձ հավանեց եւ դեր առաջարկեց սերիալում: Սկզբում տարակուսեցի` ես երգիչ եմ, իսկ ինձ առաջարկում են բոլորովին այլ կտրվածքի դեր:

- Մինչ այդ կինոյի հետ ոչ մի առնչություն չէի՞ր ունեցել:

- Բոլորովին: Հետո մտածեցի` իսկ ինչու չփորձել: Թեեւ հասկանում էի, որ մի բան է ինձ արդեն հարազատ դարձած բեմը եւ այլ բան` հայտնվել կինոխցիկի առաջ: Լավ է, որ դերս առաջնային չէր, կարելի էր, ինչպես ասում են, խամությունը տալ: Շեշտը դրված էր իմ արտաքինի վրա` որպես հաղթանդամ, լռակյաց, խստադեմ թիկնապահ-պահապանի:

- Այսինքն, կարող էիր նաեւ Արջ լինել, եւ ոչ թե Արջուկ:

- Դե, դերս երեխայի հետ էր: Մի օր կինոխնամարկյալս`Դանան` չորսամյա համուհոտով Ալլա Սարգսյանը (նա անպայման հիանալի դերասանուհի կդառնա), ցանկություն հայտնեց , որ ես իր համար արջուկ դառնամ: Խաղացի եւ շուտով երեխաներն սկսեցին ինձ փողոցում ճանաչել ու ծնողներից արջուկ պահանջել: Կամաց- կամաց սկսեցի աշխուժություն մտցնել խաղիս մեջ, դերս ընդլայնվեց, նույնիսկ քրեական ֆիլմում որոշ կատակերգական մոտիվներ առաջարկեցի, որոնք ընդունվեցին:

- Բայց դու ֆիլմաշարում որոշ դաժանություններ էլ ես անում, օրինակ, թմրանյութ ես սրսկում հմայիչ հերոսուհիներից մեկին:

- Պատկերացրեք, դրանք էլ չխաթարեցին Արջուկի բարի «իմիջը»: Մեր «քրեական» դերասաններից մեկը մի անգամ պատմեց, որ շուկայում մի երեխա ճանաչել է իրեն ու մատով ցույց տվել տատիկին: Շուռ գալով ու տեսնելով «բանդիտին», տարեց կինը լեղապատառ գոչել է` թաղեմ դրա գլուխը, արի շուտ տուն գնանք: Ինձ հետ նման տխուր բաներ առայժմ չեն պատահել:

- Երեւի խառնվածքով էլ ես բարի:

- Երեւի (ծիծաղում է):

- Դեկտեմբերի վերջին սերիալն ավարտվում է: Նկարահանումները քեզ դուր եկան:

- Շատ, թեեւ ահավոր լարված վիճակի մեջ ընկա:Մասնագիտական-զգացմունքային առումով թատրոնում ավելի դժվար է, որովհետեւ այստեղ անմիջականորեն հանդես ես գալիս հանդիսատեսի առջեւ: Կինոյում կարող ես քեզ մի քիչ ավելի ազատ զգալ, փորձեր անել, բայց դա շատ ժամանակ է խլում: Մի անգամ նույնիսկ այնքան ոգեւորվեցի, որ նկարահանման պահին իմ մեքենայով խփեցի մեզ հետ ոչ մի կապ չունեցող մի այլ մեքենայի: Թեեւ վարորդի հետ բաժանվեցինք բարեկամաբար:

- Ասել է թե պետավտետեսուչներն էլ են արդեն քեզ ճանաչում:

- Ավագ տեսուչը կրտսերին միշտ զգուշացնում է` մեր դերասան ախբոր քեֆին չկպնես:

- Լավ, իսկ դերիդ ընդլայնումը ում նախաձեռնությունն էր:

- Սցենարի հեղինակ Դիանա Գրիգորյանի: Ի դեպ, Պարոնյանում էլ հետաքրքիր ստացվեց: Սկզբում միայն երգում էի, հետո նկատելով, որ դերասանական շնորհք էլ ունեմ, առաջարկեցին նաեւ խաղային դերեր: Կինոյում էլ բարձր գնահատեցին ընդունակություններս եւ ռեժիսորի շնորհիվ «աճելով», սերիալի սկզբի լուռումունջ թիկնապահից վերջում դարձա երկրորդ պլանի դերասան: Մեծ դեր խաղացին հեռուստադիտողների արձագանքները եւ, ինչպես ասացի, երեխաների սերը:

- Լեզվական առումով խնդիրներ չառաջացան:

- Աշխատում էի հարթել արեւմտահայերենիս առոգանությունը, բայց ստացվեց այնպես, որ շատերն ինձ գյումրեցու տեղ դրին: Առարկություններ չունեմ:

- Վատ տարբերակ չէ: Ի վերջո գոհ ես արդյունքից:

- Շատ: Քանի որ ստեղծագործական-դերասանական իմաստով մեծ փորձ ձեռք բերեցի: Կազմվածքս թույլ չի տա Համլետ խաղալ, բայց ... Դե , ճանաչվելու մասին էլ արդեն ասացի : Սերիալը դիտում են եւ՛ Հայաստանում, եւ՛ սփյուռքում: Իսկ իմ հայրենի սիրիահայերը արդեն հպարտանում են ինձանով:

- Որպես «խոշորագույն» կինոդերասանի՞:

- Նաեւ (կանգնում է ողջ հսկա կեցվածքով):

- Նոր առաջարկություններ ունե՞ս:

- Ունեմ, բայց արդեն վարժվել եմ «Արմենիային» ու կուզեի հավատարիմ մնալ նրան: Սիրում եմ Դիանա Գրիգորյանի ֆանտազիան` սցենարի զարգացումները, անսովոր հետաքրքրական լուծումները, ընթացքում նոր կերպարների ներմուծումները: Էլ չեմ ասում Վահե Սայանի մասին: Իմ մեջ հայտնաբերելով կինոդերասանական կայծեր, նա դրանք վերածեց, չասենք` բոցերի, բայց հաստատ` կրակի: Շնորհապարտ եմ նրանց:

- Գեւորգ, այս տարի ավարտում ես կոնսերվատորիան: Ինչպե՞ս ես պատկերացնում հետագա կյանքդ:

- Դա իմ առջեւ ներկայումս հառնած ամենաբարդ հարցն է:Սիրիայում օպերային արվեստը նոր-նոր է երկունք ապրում եւ առայժմ ժողովրդականություն չի վայելում: Ժամանակ է պետք: Եթե վերադառնամ Սիրիա, կապրեմ նյութապես ապահով կյանքով (դրա պայմանները կան), բայց հոգիս հաստատ կկնքի իր մահկանացուն: Մյուս կողմից, ապրելով Հայաստանում, զբաղվում եմ իմ սիրած գործով, կինս ու աղջնակս երեւանցի են, անձնական կյանքում երջանիկ եմ, բայց, ինչ թաքցնեմ, նյութական խնդիրներ ունեմ: Կանգնել եմ երկընտրանքի առջեւ:

- Ինձ թվում է երկրորդ տարբերակը, այնուամենայնիվ, գերադասելի է:

- Իմ միտքն էլ է ծուռ ....

Հարցազրույցը վարեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4