«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2010-12-23 | #238, 2010-12-24 | #239, 2010-12-25


ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ԸՆԾԱ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ

Սուքիաս Թորոսյանն իր վերջին ցուցահանդեսովՙ երեկ Թեքեյան կենտրոնի ցուցասրահում բացված, աստվածաշնչյան թեմաների մեկնաբանության իր անհատական մոտեցումներն է բերում: Բոլոր ժամանակներին բնորոշ արվեստագետների ստեղծագործական ներշնչանքի աղբյուր հանդիսացող սուրբգրային թեմաներըՙ ավելի վաղ շրջանի բնագրային հարազատության մեկնաբանություններից աստիճանաբար անցել են ավելի անհատականացմանՙ սեփական ձեռագրի ու ընկալման մակարդակներ: Այս տեսանկյունից է պետք մոտենալ Սուքիաս Թորոսյանի նկարաշարի առանձնահատկություններին եւ քրիստոնեական սիմվոլիկայի նրա մեկնաբանություններին:

Սուքիաս Թորոսյանի տարեվերջյան այս ցուցահանդեսը կարելի է ընծա համարել Ծննդյան տոներինՙ ոչ միայն խորհրդանշական, նաեւ անհրաժեշտ նախատոնական իրարանցման ֆոնինՙ վերհիշեցնելու մեր հոգեւոր կերպը, գոյութենականության հոգեւոր սկիզբը:

Ցուցադրված շուրջ երկու տասնյակից ավելի կտավներին ծանոթ դրվագների նկարչական արտահայտություններ ենՙ գունային բավական հարուստ երեւակայության: Դրանց մի մասը զուտ արտաքին, նկարագրական գունապատկերային ինֆորմացիա է հաղորդում («Ահեղ դատաստան», «Սալոմե»), իսկ մի շարք գործեր ակնհայտորեն արվեստագետի հոգեւոր կյանքի վերարտադրություն-վերապրումներ են:

Գեղանկարչության մեջ, տարիների ստեղծագործական փորձը, իսկ երգիծանքի ժանրում արդեն իր ուրույն ձեռագիրն ու մտածողությունը հաստատած նկարիչը, այդուհանդերձ, ցուցահանդեսը ծանր քննություն համարեց: Եվ այս խոսքերը պատահական չէին: Դժվար է, իհարկե, երբ արվեստագետը փորձում է իր հոգեւոր ինքնությունը բացահայտել-թարգմանել եւ թեմատիկ առումով չկրկնվել, չանցնել նախորդների ճանապարհով, կամ գոնե մասնակիորեն շրջանցել այն: Եվ ինքնահարցադրումըՙ նման ցուցահանդեսի իրավունք ունենալու կամ չունենալու, արդեն իսկ լուրջ մոտեցում է: Թերեւս անորոշ մնաց, թե ինչ էր ակնարկում նկարիչը «արվեստը գնահատող չկա, կա ճշմարտությունը գնահատող» ասելով, բայց երբ արվեստագետը հայտնվում է ճշմարտություն փնտրելու ճանապարհին, սա հոգեւոր հասունության նշան է: Եվ նա, ահավասիկ, գեղանկարչության լեզվով մտնելով հոգեւոր տեքստային աշխարհ, փորձում է գնալ հենց բացարձակիՙ ճշմարտության հետեւից, որպես ինքնարարման, ինքնաբացահայտման միակ ուղիՙ ի խորհուրդՙ «Ճանաչիր ճշմարտությունը, եւ նա քեզ կդարձնի ազատ»:

Եվ ահա այն աշխատանքները, որ ստեղծել է Սուքիաս Թորոսյանը սեփական հոգեւոր փորձառությամբ նաեւ, հաջողել են կտավի մակերեսներին հոգեւոր-հաղորդական մթնոլորտ գոյացնելՙ թե՛ գունային համոզիչ լուծումներով, թե՛ պատկերի արտահայտչաձեւերով: Ասվածը փաստել կարելի է մի շարք գործերով. ահավասիկՙ «Շողակաթ», «Հռիփսիմե», «Գայանե»ՙ նահատակ երեք կույսերի նկարաշարը, ջրաներկի ֆոնի թափանցիկ-թրթռուն արտահայտությամբ, պատկերների մշուշային, տեսիլային տպավորությամբ: Նրանց հարեւանությամբ «Տիրամայրն» էՙ սրբապատկերի հայտնի նմանությամբ, որ թարմության անսպասելի շունչ ունի, առերեւույթ չերեւացող կերպարով: «Խորհրդավոր ընթրիքը» Սուքիաս Թորոսյանը բնության մեջ բացօթյա վիճակում է տեսնում, գունային, թափանցիկ ներդաշնակության մեջ, առանձին դետալների շատ նուրբ ընդգծմամբ եւ Հիսուսիՙ սեփական խաչելության տեսիլքով:

Ամենատպավորիչը կենտրոնական դիրքում նկարակալին տեղադրված Հիսուս Քրիստոսի դիմապատկերիՙ մարդկային տառապանքի սրբագործված ցոլարձակումներն են:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4