Հայերս փոքր ազգ ենք. այս արտահայտությունը հայ հանրությունը հաճախ է ունկնդրում: Առանց որեւէ փաստարկման հնչող նման գնահատականը, արտահայտողը լինի բակում բլոտ խաղացող մեկը, թե գիտական կոչում ունեցող, պատկառանք ներշնչող մասնագետ, թող ներվի ասել, ոչինչ չարժե եւ հարկ է, որ շարունակություն չունենա: Սակայն ինչքան էլ տարօրինակ է, հիշյալ արտահայտությունը հնչում է գրեթե ամեն օր, տնտեսական ու քաղաքական, մշակութային ու մարզական, այլեւայլ հավաքույթների ու միջոցառումների ընթացքում, ռադիոալիքներով ու հեռուստաէկրաններից, տպագիր մամուլի էջերից, ուրախության սեղաններին ու բազմամարդ միտինգներին: Երբ փոքր ազգը օգտագործվում է հայ շախմատիստների իրոք աննախադեպ հաջողությունների պարագայում, օրինական հպարտություն է ներշնչում, իսկ ահա տնտեսության պարագայում, պարզվում է, փոքր լինելը բանի պետք չէ, միայն խեղճություն ու աղքատություն է բնորոշում: Վերջին մոտեցումը աստիճանաբար նկատվում ու կարծես խորանալու նշաններ է դրսեւորում մեր կյանքը տնօրինող ազգային վերնախավի մեջ, որ փոքրության ու դրանից եկող անզորության մտայնության է տրվում: Վտանգավոր մի գործընթաց, որը մեզ ավելի շատ հիասթափություն է պարտադրում, քան վիճակից ելքեր փնտրելու վճռականութուն:
Տողերիս հեղինակն այս ընդհանրական դատողություններից հետո ձեռքն առավ ԱՄՆ-ում 1868 թվականից տպագրվող «Համաշխարհային փաստեր. 2010» տեղեկատուն, ուր հատուկ բաժին կա Երկիր մոլորակի ազգերի յուրօրինակ վիճակագրության մասին: Բաժիններից մեկում նշվում է, որ ուսումնասիրությունները վերաբերում են 2 մլն-ից ավելի թվաքանակով ազգային լեզուներով խոսող ազգերին: Հաշվարկելով ցուցակներըՙ արձանագրում ենք, որ դրանց թիվը Երկիր մոլորակի վրա 254-ն է: Շուրջ 40 ազգային լեզուներով են խոսում Հնդկաստանի 2 մլն-ից մինչեւ 70 մլն բնակչություն ունեցող ազգությունները, իսկ Չինաստանում նրանց թիվը 18 է: Առավել հետաքրքրություն է ներկայացնում տեղեկատուի այն բաժինը, ուր նշվում է այն պետությունների թիվը, որոնցում առավել հաճախ են խոսում ազգային այս կամ այն լեզվով: Այստեղ անվիճելի առաջատարը անգլիախոսներն են, որոնց 328 մլն ներկայացուցիչները հանդիպում են 112 երկրներում: Գրեթե նույնքան են իսպանախոսները, միայն թեՙ 44 երկրներում: 7,5 մլն բնակչություն ունեցող Իսրայելի պետական իվրիտ լեզվով ողջ աշխարհում խոսում են 5 մլն հրեաներ:
Հիմա փորձենք ինչ-որ ձեւով դիտարկել մեր փոքր ազգ լինելու խնդիրը: Հեղինակն այստեղ առաջարկում է հիշատակված 254 լեզուներով ազգերին 2 հավասար մասերի բաժանել` 127-ական, առաջինը պայմանականորեն համարել հարաբերականորեն մեծեր, երկրորդներըՙ փոքրեր: Ի՞նչ ենք նկատում հայերիս պարագայում:
Ըստ նշված տեղեկատուիՙ ազգային լեզվով խոսող հայերի թիվը 6 մլն է, որոնց կարելի է հանդիպել տարբեր մայրցամաքների 30 երկրներում: Եթե նկատի ունենանք ռուսա, անգլիախոս, ֆրանսա ու անգամ թուրքախոս ու արաբախոս հայերի ահռելի քանակությունը, որի ականատեսն ենք պարբերաբար հանդիպող պարագաներում ու հանգամանքներում, 10 մլն մեր հայրենակիցների գոյությունն անառարկելի է: Արդեն նշված 254 լեզուների շարքում, որտեղ 845 մլն-ով առանձնանում է չինարենը, 6 մլն հայախոսները 123-րդն են, ասել է թեՙ 131 ազգեր մեզնից պակաս ազգային լեզվով խոսողների թվաքանակ ունեն: Այստեղ են մեր հարեւան վրացիները, որոնց 4 մլն-ն է խոսում մայրենի լեզվով, 13 երկրներում: Անպատեհ ու անհարկի ոգեւորվող ադրբեջանցիներից ազերիով խոսողները 7 մլն են, որոնց կարելի է հանդիպել ընդամենը 10 երկրներում: Հարավային հարեւան Թուրքիայի 77 մլն բնակիչներից թուրքախոս են 51 մլն-ը, հազիվ երկու երրորդը: Այս թիվը այլեւայլ մտորումների տեղիք է տալիս կապված այլ ազգերի հարկադիր թրքացման եւ իրենց ազգային ինքնությունը կասկածի տակ դնող թուրքական հանրության մի որոշակի հատվածում ծավալվող գործընթացների հետ: Արդյոք այս երկիրն այն կարողունակությունն ունի՞ որ փորձում է ներկայացնել, եւ արդյոք ընդամենը սիմվոլի՞կ էր միլիոնանոց երթի մասնակիցների «Մենք բոլորս Դինք ենք, մենք բոլորս հայ ենք» վանկարկումը: Թերեւս այլ զարգացումներ կան Թուրքիայում, որոնք այստեղ փորձում են չնկատելու տալ: Հենց միայն այն, որ այս երկրի հուսալի գործընկեր ԱՄՆ-ում տպագրվող տեղեկատուն Թուրքիայում 9 մլն քրդերի մասին է նշում, ինչ-որ բան հուշում է, թեեւ երկրի վիճակագրությունը առկա բնակչության 99,8 տոկոսը սուննի մուսուլման է ներկայացնում:
Տեղեկատուն նաեւ նշում է, որ ԱՄՆ-ում 1 մլն-ից մի փոքր ավելի են հայ առաքելական եկեղեցու հավատացյալները, ովքեր հաճախում են երկրում գործող 108 եկեղեցիներ ու աղոթատեղիներ: Նրանցից 230 հազարը հավաստել են, որ տներում խոսում են միայն մայրենի հայերենով: Հարազատ իվրիտով խոսում են հազիվ 213 հազար հրեաներ: Թերեւս այնքան էլ անհավանական չեն այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ-ում տարբեր ազգերի ներկայացուցիչներ սիրահոժար հայերեն են սովորում հայազգիների հետ լիարժեք շփվելու նպատակով: Այնպես որ հայերիս մասին «փոքր ազգ» արտահայտությունը հնչեցնելուց առաջ գուցե մի պահ արժե խորհել:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ