Երեկ «Հայելի» ակումբի հյուրերըՙ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը եւ «Աշխարհը ձեր խոհանոցում» շարքի հեղինակ Սոնիա Թաշչյանը խոսեցին ավանդական ճաշատեսակների, դրանցով տոնական սեղանները զարդարելու ու տոնի խորհրդի մասին: Պրն Մամուլյանն ընդգծեց, որ Ամանորը ընտանեկան տոն է եւ այն տոնում են ընտանիքով: Չգիտես թե ինչու մեզանում սովորույթ է դարձել Նոր տարվա սեղանին անպայման խոզի գոճի եւ խոշոր կտորներով մսեղեն դնելը, ու չգիտես ինչու խուսափում են հայկական ավանդական կերակրատեսակներից: Հայտնի խոհարար պրն Մամուլյանը խորհուրդ տվեց հրաժարվել «վատ» սովորույթից ու ինչպես եղել է հնում, համակարգել տոնական օրերին սնունդը, օգտագործել հատուկ ցուցումով, որպեսզի ավելորդ ծանրաբեռնվածություն, թունավորում կամ ստամոքսի խանգարման երեւույթներ չլինեն: Տոնական սեղանին հնում իրենց տեղն են ունեցել փոխինձից պատրաստված կլորակներ (փոխինձ, մեղր, ընկույզ), չրեղեն, ընդեղեն, պասուց տոլմա, հարիսա մսով եւ առանց մսի (ըստ տարածաշրջանների), անուշապուրներ (չրերի խառնուրդը ջրում եռացրած), խնձորը կամ սերկեւիլը լցոնած մեղրով, ընկույզով, դարչինով, որոնք եղել են սեղանի զարդը:
Սոնիա Թաշչյանն ավելացրեց, որ հնում ու նաեւ այժմ շատ ընտանիքներում տոնական սեղանի զարդն էր համարվում ղափաման, լցոնած հավը, տարեհացը, հալվան, աղանձը, խաշիլը, մրգեր, ընդեղենով հարուստ կերակուրներ:
Մասնագետ խոհարարները նշում էին, որ մեր օրգանիզմը օտար կերակրատեսակներ ընդունում է, բայց դրանից շատ օգուտ չկա, այլ շատ վնասակար ազդեցություն կարող են թողնել մեր բնաշխարհում չաճող մթերքներն ու բանջարեղենը, քանզի մեր օրգանիզմը ադապտացվել է մեր կլիմայում աճող մթերքներին: Ուստի խորհուրդ էին տալիս ավելի շատ օգտվել մեր ազգային ուտեստներից, հնարավորինս զերծ մնալ օտար սննդից: Բարի ախորժակ, ուրախ Ամանոր եւ Սուրբ ծնունդ:
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ