«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2010-12-23 | #238, 2010-12-24 | #239, 2010-12-25


ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱԿՆՀԱՅՏ Է

Ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունն ամփոփել է 2010-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի որոշման համար անցկացրած մրցույթի արդյունքները: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2010-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Երեւանի «Փյունիկի» եւ ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, որին «Արամ Խաչատրյան» համերգասրահում անցկացված մրցանակաբաշխության ժամանակ հանձնվեց մրցանակը:

Կառլեն Մկրտչյանն ընթացիկ մրցաշրջանում իրոք աչքի ընկավ իր կայուն ելույթներով թե «Փյունիկում», թե ազգային հավաքականում: Հենակետային կիսապաշտպանի գոտում հանդես եկող այս ֆուտբոլիստն առանձնացավ իր մարտական բնավորությամբ, աշխատասիրությամբ ու պայքարելու անկոտրում կամքով: Պատահական չէ, որ Կառլեն Մկրտչյանը մրցույթում հաղթեց ձայների բացարձակ մեծամասնությամբ: Հարցման մասնակիցներից 38-ը նրա ազգանունը հարցաթերթիկում նշել են 1-ինը, 17-ըՙ 2-րդը, 1-ըՙ 3-րդը: Ընդհանուր առմամբ Կառլենը վաստակել է 242 միավոր: Հիշեցնենք, որ առաջին տեղի համար ֆուտբոլիստին տրվում է 5, 2-րդինՙ 3, 3-րդինՙ 1 միավոր:

Լավագույն ֆուտբոլիստի տիտղոսի համար պայքարում Կառլենի գլխավոր մրցակիցն իր թիմակից, ՀՀ հավաքականի հարձակվող, առաջնության լավագույն ռմբարկու Գեւորգ Ղազարյանն էր: Վերջինիս համար եւս ընթացիկ մրցաշրջանը հաջող էր: Մի շարք հանդիպումներում նա աչքի ընկավ արդյունավետ խաղով, իրեն լավ դրսեւորեց ազգային եւ երիտասարդական հավաքականներում: Գեւորգ Ղազարյանը հարցման արդյունքներով վաստակեց 176 միավոր (19ՙ առաջին, 25ՙ երկրորդ, 6ՙ երրորդ տեղեր):

Մյուս ֆուտբոլիստները զգալիորեն զիջեցին «Փյունիկի» առաջատարներին: Լավագույն եռյակը եզրափակած «Միկայի» պաշտպան Հրայր Մկոյանը վաստակեց ընդամենը 64 միավոր (4+9+17): Գյումրեցի ֆուտբոլիստն էլ հաջող խաղաց ինչպես «Միկայում», այնպես էլ ՀՀ հավաքականումՙ վերջին հանդիպումներում ամրապնդվելով ազգային ընտրանում:

37 միավորով 4-րդ տեղը զբաղեցրեց «Փյունիկի» եւ ՀՀ ազգային հավաքականի հարձակվող, բրազիլացի Մարկոս Պիզելին, որն աչքի ընկավ իր բարձր վարպետությամբ եւ արդյունավետությամբ: Մրցույթի մյուս մասնակիցների ցուցանիշներն այսպիսին են. Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)ՙ 29 միավոր, Դավիթ Մանոյան («Փյունիկ»)ՙ 12, Էդուարդո դոս Սանթոս եւ Հովհաննես Համբարձումյան (երկուսն էլՙ «Բանանց»)ՙ 10-ական, Էդնեյ դե Օլիվեյրա («Միկա»)ՙ 6, Էդգար Մանուչարյան («Փյունիկ»)ՙ 5, Վալտեր Պողոսյան («Բանանց»)ՙ 3:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի ֆեդերացիան լրագրողներին, գործկոմի անդամներին, ակումբների ղեկավարներին, թիմերի գլխավոր մարզիչներին եւ ավագներին, խաղերը սպասարկած տեսուչներին ներկայացրել էր 11 ֆուտբոլիստի ցուցակ, որոնցից պետք է հարցաթերթիկում նշվեին 3-ի ազգանունները: Ընդ որում, ցուցակից դուրս այլ ֆուտբոլիստի նշել չէր թույլատրվում: Ավելացնենք նաեւ, որ մրցույթին մասնակցում են միայն հայաստանյան թիմերում հանդես եկող ֆուտբոլիստները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4