Ժամանակը հայերիս բան չի սովորեցնում, իրականության ու փաստերի գնահատման փոխարեն հավատում ենք ամենապոպուլիստական հայտարարություններին, հավատում ենք հույսով, թե ինչ-որ բան կփոխվի դեպի լավը: Վրաստանում հայկականության ու հայ եկեղեցու խնդիրների մասին կարելի է հազարավոր էջեր գրել, բայց արի ու տես, որ ամենաանհիմն, բայց բարի մի խոսք հույսեր ու ակնկալիքներ է ծնում, թե այդ հարցերը մի օր լուծում են ունենալու, մինչդեռ կյանքը քանիցս ապացուցել է, որ քաղցր-մեղցր խոսքերը միայն «փափուկ բարձ» են եւ ոչինչ ավելի:
«Հունվարի 6-ին, Ս. Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնին Թբիլիսիի Ս. Էջմիածին եկեղեցում պատարագ մատուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, պետական այրեր, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ եւ համայնքային գործիչներ: Վրաստանի անկախացումից հետո սա առաջին նախագահական այցն էր Հայ առաքելական եկեղեցի», այս մասին տեղեկացնում է Վիրահայոց թեմը:
Վազգեն եպիսկոպոսը Վրաստանի նախագահի ուշադրությունն է հրավիրել Վրաստանի հայությանը մտահոգող հիմնահարցերի վրա` Վիրահայոց թեմին եւ Վրաստանում գործող ավանդական մյուս կրոնական համայնքներին իրավաբանական կարգավիճակ տալու, հայկական պատմական եկեղեցիները թեմին վերադարձնելու եւ այդ տաճարների պահպանության առնչությամբ: «Իր ողջույնի խոսքն ու Ս. Ծննդյան շնորհավորանքները հայ ժողովրդին եւ Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու հովվապետին ուղղեց Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլինՙ կարեւորելով երկու եկեղեցիների դարավոր բարեկամությունն ու փոխհամագործակցությունը», նշված է հաղորդագրության մեջ` Սաակաշվիլուն Դավիթ Շինարարի հետ համեմատելու «համալրմամբ»:
Տոնական հանդիսությունը շարունակվել է Թբիլիսիի առաջնորդանիստ Ս. Գեւորգ եկեղեցում, որին ներկա են եղել Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան, այլ պաշտոնատար անձինք: Ներկաներին ողջունել է, ի թիվս այլոց, նաեւ Գիգի Ուգուլավան, որի քաղաքապետությունն ընթանում է անգամ քաղաքային խորհրդում որեւէ մեկ հայի բացակայությամբ:
Եվ նույն այս օրերին Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանթաձեն հայտարարություն է անում, թե հավանական է, որ վրացական կողմը ձեռնարկի Վրաստանում թուրքական պատմական հուշարձանների վերականգնումը, եւ դա այն ժամանակ, երբ հայկական ամեն ինչ այդ երկրում եթե ոչ վրացականացնելու, ապա հողին հավասարեցնելու քաղաքականությունը իրագործվում է բացահայտ` առանց քողարկումների:
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ