Եվրոպայի խորհրդում Հունգարիայի մեկնարկած նախագահության օրոք առաջնահերթություններից է լինելու նաեւ Արեւելյան գործընկերության ծրագրի խթանումը: Այս մասին հունվարի մեկից նախագահությունը ստանձնած Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարեց անցյալ շաբաթ: Ըստ Եվրոմիության խորհրդի պաշտոնական կայքէջում տեղակայված հարցազրույցի, Հունգարիայի վարչապետը հայտարարել է, որ Արեւելյան գործընկերության նախագծի հաջողությունը այնպիսի միջոց է, որ կարող է մեծապես խթանել եվրոպական համայնքի զարգացումը:
«ԵՄ հունգարական նախագահությունն այս տարվա առաջին կեսի համար մեծապես կարեւորում է Արեւելյան գործընկերության խթանումը` որպես արտաքին քաղաքականության ամենակարեւոր նպատակներից մեկը. մենք կկազմակերպենք Արեւելյան գործընկերության գագաթաժողով, որ տեղի կունենա մայիսին», հայտարարել է Վիկտոր Օրբանը:
Վերջինս տեղեկացրել է, որ իր երկրի նախագահության ընթացքն առավել լավ նախապատրաստելու համար քննարկումներ է ունեցել ոչ միայն Եվրոմիության երկրների վարչապետների, այլեւ Արեւելյան գործընկերության երկրների ղեկավարների հետ: «Իմ տպավորությամբ, բոլորն էլ հետաքրքրված են ուժեղ Եվրոպա ունենալու հարցում, քանի որ դա է բոլոր ժողովուրդների աջակցության աղբյուրն ու հիմնարար ռեսուրսը», ասել է Օրբանը:
Եվրոմիության նախագահությունը Հունգարիան ստանձնել է 18 ամիս ժամկետով` Իսպանիայի (նախագահությունը ստանձնել է 2010-ի հունվարից) եւ Բելգիայի (նախագահությունը ստանձնել է 2010-ի հուլիսից) հետ համատեղ` եռանախագահության ձեւաչափով:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ