«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2010-12-24 | #239, 2010-12-25 | #1, 2011-01-11


ԳՅՈՒՂՈԼՈՐՏ. ՀԱՊԱՂՈՂ ԿԱԴՐԵՐ ԵՎ ԱՄԼԱՑՈՂ ՀՈՂԵՐ

Գյուղատնտեսության բարեփոխումների մասին խոսելը ՀՀ-ում վերածվել է նախարարափոխության քաղաքականության

2008 թվականի այս օրը ՀՀ գյուղատնտեսության նախարարը Դավիթ Լոքյանն էր: 2009-ի նույն այս օրը նախարարի պաշտոնում արդեն Արամայիս Գրիգորյանն էր: 2010-ի դարձյալ այս օրը գյուղնախարարը Գերասիմ Ալավերդյանն էր: 2011-ին արդեն նույն օրը պետական այս կառույցը նոր ղեկավար ունի, նախարարը Սերգո Կարապետյանն է: Երեք օրացուցային տարիների ընթացքում գյուղնախում 4-րդ բարձրագույն պաշտոնյայի ի հայտ գալը արդյոք հարկ է տրամաբանվա՞ծ համարել, ներկայացնել որպես բարեփոխումների իրականացման պարտադրված անհրաժեշտությո՞ւն: Առաջիկա մեկ տարում նորանշանակ նախարարը ամենայն հավանականությամբ կպահպանի իր պաշտոնը, որը վստահաբար չի կարելի ասել եկող գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո: Բարձրագույն այս պաշտոնի քաղաքականացումը, որն առնչվում է 3 մլն հայաստանցի ու դրա գրեթե եռակին կազմող արտերկրներում բնակվող հայազգի շահառուների ակնկալիքներին: ՀՀ իրենց հարազատներին ուղարկվող միլիարդավոր արտարժույթները շատ շուտ հայտնվում են ներմուծողների ձեռքերում, որի մի մասը օգտագործվում է նոր ներմուծումների նպատակով: Երկրի առեւտրային խիստ բացասական հաշվեկշռի մեջ զգալի է գյուղոլորտի դերը, որը պարզապես չի բխում հայության սպասումներից: Ասվածի մասնակի ապացույցն է 2007-ին եւ 2008-ի գարնանը գյուղոլորտում ծավալված գործընթացի պայմաններում, որոնք շոշափում էին գյուղքաղաքականության հիմնախնդիրը, հացահատիկային մշակաբույսերի ու դրանց որոշակի մասի որպես լիարժեք անասնակեր օգտագործումը, գյուղնախարարի հրաժարականի անհասկանալի ընդունումը: Խնդրով մտահոգ հանրությանը տրամաբանված ոչինչ չներկայացվեց, իսկ պետական բարձրագույն պաշտոնի պատասխանատվության արդյունքը հայ մարդը տեսնում ու զգում է ամեն պահի. հողային, ջերմային ու ջրային լավագույն կարողունակության պայմաններում Հայաստան երկիրը դառնում է պարենային ապրանքների գրեթե բոլոր տեսակներով ներկրումների հաշվին գոյատեւող պետություն, դրանց կասկածելի որակի ու գների անվերջ բարձրացման պարագայում:

Բարի պաշտոնավարում մաղթենք նորանշանակ գյուղնախարարին, քանզի շահառուներս այլ ընտրություն չունենք: Սակայն հարցեր առաջադրելու հանրային իրավունքը պարտադրում է որոշակի պատասխաններ` ի՞նչ պահանջ է դրել ՀՀ նախագահը պարոն Ս. Կարապետյանի առջեւ եւ փոխադարձաբար ի՞նչ պայմաններով է վերջինս համաձայնել ստանձնել անչափ պատասխանատու եւ պարտավորեցնող նախարարական պաշտոնը: Միամիտ չգտնվենք տրվելու այն կարծիքին, թե այստեղ որոշիչ է եղել կուսակցության հանդեպ պարտքը: Այնքանով, որքանով ՀՀ գյուղոլորտում հիմնական խնդիր համարվում է հացահատիկային մշակաբույսերի ու կենդանական ծագման սննդատեսակների բավարար եւ մատչելի արտադրությունը, փորձենք հանրային ակնկալիքը ներկայացնել այս առումներով:

ՀՀ գյուղնախարարությունը, որը մշտապես է գտնվում երկրի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, իր բազմանդամ անձնակազմով, որը նախարարից զատ ղեկավարում են 5 փոխնախարարներ ու շուրջ 10 գիտության թեկնածու ու դոկտոր վարչությունների պետեր, այս ներուժով երբեւէ հանրային տեսադաշտում չի գտնվում: Ընթերցողներն իրոք կտարակուսեն եւ կասկածի տակ կառնեն բարձր պաշտոններ զբաղեցնողների վերաբերյալ ներկայացվող փաստերը, քանզի նրանցից հազիվ 1-2-ին են տարվա ընթացքում հասցնում տեսնել: Էլ ավելի անորոշ են նրանց այցերը ՀՀ գյուղական համայնքներ, ուր ոչ հաճախ կարելի է ունկնդրել նախարարության գործունեության հասցեին դրական խոսքեր: Այցելություններից խուսափելը բացատրվում է մեկ հիմնական արդարացումով` հողի սեփականաշնորհումից հետո իրենք գյուղացուն հիմնարար ասելիքի իրավասություն չունեն: Փոխարենն ուրիշ հարց է փորձի փոխանակման պատրվակով արտերկրներ մեկնելը, միջազգային փորձագետների հետ սեմինարներ կազմակերպելը, ցուցահանդեսներ բացելը, վերամշակողներին պարգեւատրելը, տարաբնույթ միջոցառումներին նախագահելը: Համաշխարհային բանկի ու Հազարամյակի մարտահրավերների միջոցներով, ԱՄՆ-ի դեսպանատան ու ամենահաս Ռալֆ Յիրիկյանի օժանդակությամբ ծավալվող աշխատանքներում այնքան գործ կա անելու, որ պետականորեն տրամադրված մեքենաների վառելիքն էլ չի հերիքում: Այսօրինակ պայմաններում թե ինչի է զորու նախարարը, հանրությունը կտեսնի առաջիկայում:

ՀՀ գյուղնախում էլ է ընդունված առաջնորդվել պատճառաբանությունների օգնությամբ: Գործելու համար որպես լուրջ խոչընդոտ նշվում է հողերի մասնատվածությունը: Սակայն ոչ մի պատասխան չկա, ասենք, բազմիցս հնչած այն հարցին, թե ինչպես են ճապոնացի հողագործները համանման մասնատվածության պայմաններում կարողանում իրենց ապահովել անհրաժեշտ 10-12 մլն տոննա բրնձով: Հայաստան երկիրը գյուղմասնագետները սակավահող են հռչակում, երբ 1 բնակչի հաշվով մեր վարելահողային կես կարողունակությունն ունեցող մի խումբ երկրներ միլիարդավոր դոլարների գյուղարտադրանք են արտահանում: Կամ. երբ է գյուղնախարարությունը պատրաստվում կատարել ՀՀ կառավարության որոշումը անասնագլխաքանակի հաշվառման ուղղությամբ: Նորանշանակ նախարարը որ թվականի համար է նախատեսում իր ճյուղային փոխնախարարներից պահանջել հացահատիկային մշակաբույսերի հեկտարից 6-7 տոննա բերք եւ 1 կովից տարեկան 7-8 հզ. տոննա կաթնատվություն: Կրկնվելո՞ւ է արդյոք իրողությունը, երբ նախորդ նախարարների օրոք կազմված ռազմավարական հռչակված փաստաթղթերում 2015-ի համար ցորենի միջին բերքատվություն հեկտարից կանխատեսվում է մոտ 3 տոննա, կովերի կաթնատվությունըՙ 2,5 տոննա: Նման ցուցանիշների համար հայոց մայրաքաղաքի կենտրոնում նման մասնագիտացված հաստատություն ունենալը աններելի շռայլություն է: Հայաստանաբնակներս տեղյակ ենք, որ այսօրվա բյուջեն հավաքվում է նաեւ մի կերպ գոյատեւող փոքր ու միջին գործարարների հաշվին, որի որոշակի մաս ծախսում է գյուղնախարարությունը: Տարերային աղետներից առավել հայ հողագործն ու անասնապահը տուժում են անելիքի անորոշությունից. մեկ կարտոֆիլի գերարտադրություն կա, եւ գնանկում է տեղի ունենում, մյուս անգամ խաղողն է շատ, եւ մթերելու համար պահանջվում է անձամբ ՀՀ նախագահի միջամտությունը եւ այսպես շարունակ: Թե ՀՀ որերորդ գյուղնախարարն է նախապայմաններ ստեղծելու երկրում բուսական յուղի արտադրություն ծավալելու ուղղությամբ, որպիսի հարց հետաքրքրում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, մնում է օդում կախված: Չենք ասում ձիթապտղի, այլՙ արեւածաղկի ու եգիպտացորենի յուղերի: Վերջին այս մշակաբույսը Հայաստանում աճեցնողները հեկտարից առավելագույն արդյունավետություն են ապահովում, որը գյուղոլորտի պատասխանատուները չեն նկատում, այն խրախուսելը իրենց իրավասությունների շրջանակից դուրս խնդիր են համարում: Գերզարգացած գյուղոլորտ ունեցող ԱՄՆ-ում 1 միավոր ցորենի դիմաց 5-6 միավոր եգիպտացորենի հատիկ են արտադրում եւ դրա որոշակի քանակներ անասնակերի լիարժեք բաղադրիչ օգտագործելու արդյունքում անասնապահությունում աննախադեպ մթերատվություն են ապահովում, որում մենք համոզվում ենք նաեւ «Բուշի տոտիկներ» գնելիս: Մեկ տասնյակի է հասնում այն երկրների ցանկը, որտեղից տավարի ու խոզի միս է ՀՀ ներկրվում ու ամբողջ երշիկեղենն ու մսամթերքները պատրաստվում: Հայ հանրությունն այսօրինակ հարցերի պատասխան է ակնկալում, հույս տածելով, թե մշտապես հնչեցվող «նախարարության աշխատակազմում հիանալի մասնագետներ են ընդգրկված» գնահատականը կոնկրետ հիմնավորումներ է պարունակում: Առայժմ ցավալի է նշել, որ 3 օրացուցային տարում 4-րդ նախարարի պաշտոնավարումը այս կարծիքի օգտին չի խոսում, որից եզրակացություն անելը այսօրվա պահանջն ու հրամայականն է:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հ.Գ. Հոդվածը գրվել է մինչ նոր նախարար նշանակելը, մասնակի լրացում է կատարվել Ս. Կարապետյանի նշանակվելուց հետո:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4