«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2010-12-24 | #239, 2010-12-25 | #1, 2011-01-11


ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ... ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՀԵՏԱՄՈՒՏ

2010 թվականի վերջին շաբաթն է, սովորական նախատոնական կամ տոնական մի օր: Հեռատեսիլն, ինչպես միշտ, շտապում է տեղեկացնել աշխարհի այս թե այն մասում տեղի ունեցող աղետների ու արհավիրքների մասին: Եվ փառք Աստծո, որ մեր երկրում այդպիսիք չկան. ոչ երկրաշարժ, ոչ ջրհեղեղ, ոչ էլ` պատերազմ...:

...Ոչ էլ «չոմուլակ» անվամբ համաճարակն է մեկ օրում սրբել-տարել հանրապետության բոլոր հավերին, եւ կամ ընտանի այդ թռչնատեսակը համատարած գործադուլ ծավալել` կերակրային կամ վանդակային պայմանները բարելավելու արդարացի պահանջով: Ու չնայած այս ամենին, մայրաքաղաքի բոլոր խանութներում մատակարարման ընդհատման պատճառով ամբողջ օրվա ընթացքում դադարեցված էր ձվի վաճառքը, իսկ մարդիկ, գիտակցելով սպասվող հերթական թանկացումը, անասելի վրդովված էին: «Դե, ամեն ինչ պարզ է,- խոսում էր նրանցից մեկը,- սկզբում «մարկետինգ» են անում, այսինքն` նստում, հաշվում են, թե երկրում օրական որքան ձու է սպառվում ու հետո արդեն հաշվում են, որ եթե դրա գինը այսքան դրամով բարձրացնեն` ուրեմն ամեն մեկին այսքան լրացուցիչ փող կմնա: Հետո արդեն «մշակում» են «բիզնես-պլան», թե ոնց անեն, որ ձվի շուկան ամբողջությամբ վերցնեն իրենց վերահսկողության ներքո եւ դուրս մղեն մանր ու միջին արտադրողներին` ինչն էլ արհեստականորեն գին իջեցնելու միջոցով իրականացվեց վերջերս: Ու հիմա ինչ գին ուզեն, կդնեն, ասենք` հատը 1000 դրամ...»:

Դե, սպասենք, թե եվրոինտեգրվող մեր երկրի սննդամթերքի հերթական անկանխատեսելի թանկացման հավանաբար դարձյալ երկնիշ տոկոսը որքան կկազմի: Մենք, ի տարբերություն եվրոպացիների, արդեն վարժվել ենք բոլոր անակնկալներին: Մեր մեջ նվաղել են հույսն ու հավատը, եւ ենթադրաբար այս է պատճառը, որ մեր փողոցների զարդարանքներն ու ամանորյա առօրյան, դարձյալ ի տարաբերություն եվրոպականի, բացարձակապես չեն առնչվում տոնի միակ եւ հիմնական թեմային` Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդին:

Սակայն կուզենայի խնդրո առարկան դիտարկել այլ տեսանկյունից: Փաստորեն Հայաստանում առկա է մի այնպիսի կառույց կամ ուժ, որն ի զորու է արգելել սննդամթերքի կամ կենսագործունեության համար անհրաժեշտ այլ միջոցների մատակարարումը ազգաբնակչությանը: Ու եթե երեկ դա ձուն էր, ապա չի բացառվում, որ վաղը կլինի հացը կամ... ջրամատակարարումը, գազամատակարարումը, էլեկտրամատակարարումը, դեղավաճառքը: Փաստորեն հանրապետությունում կա հնարավորություն կազմալուծելու եւ ջլատելու ողջ պետությունը, որի համար առիթը կարող է բաց չթողնել նաեւ թշնամին` նավթադոլարներ տրամադրելով դոլարապաշտ մեր անկուշտներին:

Վստահ եմ, որ հարցն ազգային անվտանգության պետական կառույցների ուշադրության տիրույթում է, իսկ եթե ոչ, ուրեմն նրանց պրպտող հայացքից չի կարող վրիպել այս հոդվածը: Ուստի ակնկալում ենք համապատասխան գործողություններ եւ իրազեկում հանրությանը:

Քաղաքացիների վստահությունը արդարության եւ պետության հանդեպ` ազգային անվտանգության կարեւորագույն խնդիրներից է:

...Եգիպտոսի Հանրապետության առաջին վարչապետ, պետական ականավոր գործիչ, դատաիրավական բարեփոխիչ, Սուեզի ջրանցքի նախագիծն իրագործող, հայության նվիրյալ, հայազգի Նուբար Փաշային են պատկանում եւ Ալեքսանդրիայի Հայ առաքելական եկեղեցու անմիջական հարեւանությամբ կանգնեցված նրա հուշարձանին են սեպված սույն խոսքերը.

«Արդարությունը հիմքն է ամեն պետության»:

ԱՇՈՏ ՎԱՎՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4