«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2010-12-24 | #239, 2010-12-25 | #1, 2011-01-11


ՀԵՏԱՄԱՆՈՐՅԱ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ձյան տեսքով Նոր տարվա անձրեւից թրջված անմայթ փողոցի մշտական լռությունը երբեմն խախտում են մեքենաներիՙ տների մեջ թույլ լսվող աղմուկը ու մեկ էլՙ մոտակա ինչ-որ եկեղեցու զանգերըՙ օրվա տարբեր ժամերին հնչող (հավանաբար, ավետարանչական): Փողոցը անմասն մնաց ամանորյա լուսային տոնականությունից ու շարունակում է երեկոներն անցկացնել լապտերների թույլ ժպիտի մեջ, որքան էլ քաղաքի շքեղ առանձնատներից շատերը իրեն են ընտրել բնակատեղի (փոխարենը խոշոր աղբամանները միջշենքային չերեւացող տեղում անգամ, որ գրեթե մշտապես զարմացնում էին պարունակության առատությամբ, նախատոնական ու հետտոնական այս օրերին միշտ դատարկ ենՙ մաքուր):

Հայկական Նոր տարին այս անգամ էլ կուլ տվեց ամենքիս. նորից նույն իրարանցումը, փողերը օդի մեջ հալվում-թռչում էին: Իզուր: Մեր անմիտ սովորությունները շարունակում են հետապնդել մեզ, հալածել, ինչպես գինարբուքից հետո սուր գլխացավն ու սրտխառնոցը: Գիտակցելով անգամ այս ամենըՙ գրեթե անկարող ես լինում շրջանցել դրանք. ծուղակը լավ են սարքելՙ վարպետորեն. ավանդույթը ամուր է բռնել մեր կոկորդից: Հետեւանքը հուսահատեցնող է: Մեր ընտանիքներից, ավագներից սովորույթները փոխանցվում են մեր զավակներին, փաթաթվում վզներինՙ ակամա:

Առեւտրավազքի ու սպառողականության այս մարաթոնը կրքերի, բախումների, նյարդային լարվածության մի շղթա է, որի ավարտին մշտապես հոգնածությունն ու դեպրեսիոն վիճակներն են ուղեկցում, եւ այս ամենը պատճառ են տոնականությունը նյութապաշտության վերածելու մեր թյուր սովորության: Ավելի հուսահատեցնողըՙ հոգեւոր տոնի, Սուրբ Ծնունդի խորհրդին անգիտակից լինելը շատերին հաճախ անհեթեթության մեջ է գցում: Սեղանին դրվելիքը լավ գիտենք, բայց մի մասը այդ օրը շփոթում ու Սբ Զատիկ է շնորհավորում:

Տարեմուտի օրերին միշտ մի ծպտված վախ վատ նախազգացում է պատրաստումՙ հանրածանոթ մի անձի (կամ ոմանց) կյանքից հեռացման եւ դա օրինաչափություն է դարձել ու... սպասում ես նույնիսկ: Գույժը չուշացավՙ առաջինը Լոս Անջելեսից էրՙ գրող Ստեփան Ալաջաջյանի մահը, հետո սիրված դերասան Կիմ Երիցյանը, Տաթեւիկ Ղափլանյանը: Նոր տարվա առաջին օրերից գույժը շարունակվում էՙ սիրելի մաեստրոնՙ Օհան Դուրյանը, պատմաբան, թարգմանիչ Սիմոն Կրքյաշարյանը, թարգմանչուհի Անահիտ Բայանդուրը, նկարիչ Դավիթ Կարեյանը, որի երիտասարդ կյանքը ընդհատվեց ավտովթարից: Ու էլի շատերը, պարզ մարդիկ:

Տխուր է: Մահվան մանգաղը իր գործը հենց առաջին օրերից տեսավ:

... Մի տաքսու վարորդ Երեւանի սուպերմարկետներից մեկի մոտ նախատոնական օրերի եռուզեռից զարմացած, նայում էր խանութից դուրս եկող հայերի դեմքերին. «Ոնց որ աշխարհի վերջը լինի: Էս ի՞նչ են անում». տեսնե՞ս ինքը չի մասնակցելու էս մարաթոնին:

Գները օր-օրի բարձրանում ու հպարտ նայում էին իրենց տերերին: Գնային տենդը հոգեբանական շոկ էր առաջացնումՙ առեւտուրը ազարտի վերածում: Մի երիտասարդ առաջարկ արեց. «Եկեք միակամ լինենք, այս անգամ չառնենք դրանց ապրանքները. խնձորը թող փչանա, գինին թթվի, բանանը փտի»: Իսկ Բելգիայից նոր վերադարձած կինը պատմում էր տեղի բնակիչների հանգիստ վիճակների ու Ծննդյան տոների կապակցությամբ արված զեղչերի (նաեւ մթերային ապրանքների) մասին:

Շարունակե՞նք ապրել այսպես, հայերՙ իրար թալանենք ու չխնայենք, չարախոսենք ու զազրախոսենք, եղծվենք ու կեղծենք, եկեղեցուց ճրագալույցին կրակ տուն բերենք ու չիմանանք ինչն-ինչոց է: Ապրենք այսպեսՙ հեթանոս ամբոխի պես:

Հետամանորյա շուկան դատարկ է, մի քանի տեղ սառած-սեւացած բանջարեղենը անհրապույր է, մեկն էլ շարունակում է առիթից օգտվել նորից, բայց ժամանակը լրացել է, վաճառականը պատվանդանից ցած է իջել, գները խելամիտ սահմաններում տեղավորել. ժամանակավոր հաղթանակից հոգնած 1200-1300 դրամանոց բանանը 600-700-ով է իրեն վաճառում, իսկ ձուն, սովորական այդ հավկիթը համեստորեն 50-55 դրամ է նորից: Ձու չածելու ինչ-որ մեկի հրամանը տեղական հավերը պարզվում է լուրջ են ընդունել ու արհեստական վիճակ ստեղծել. տեղական թռչնաբուծական ֆիրմաները փակել էին դռները տեղացի գնորդի առաջ: Ստեղծված դեֆիցիտը գնի արհեստական աճ էր առաջացրելՙ 100-120 դրամ: «Ինչ-որ մեկին շտապ փող էր պետք, ասում էր ձվավաճառը, 1-2 օրումՙ մի քանի միլիոն. վատ է՞»:

Հիմա տեսնում եքՙ առեւտրի այս մեծ տոնը ում համար է, էլ ո՞ւր ենք մեզ կոտորում: Որքան համեստ ընտանիքներ այս օրերին ֆինանսական ճգնաժամ են ապրում: Հոգեբանական վակուում ու տխրություն կա հանրային վայրերում: Ժամանակը չէ՞ արդյոք փոխելու մեր մտածելակերպը եւ հրաժարվելու մեր մի շարք սովորույթներից, որոնք ոչ միայն անիմաստ, նաեւ վնասակար են: Զորօրինակՙ դրամի անտեղի կորուստը, նյարդային լարումները, ավելորդ հոգնածությունը, անառողջ ապրելակերպը, աննորմալ սննդակարգը, ալկոհոլի չարաշահումըՙ ավա՜ղ երբեմն էլ ողբերգական հետեւանքներով: Որքան ավտովթարներ եղան այս օրերին:

... Պսպղացող լույսերի մեջ թաղված քաղաքի ամենատոնականորեն լուսավորված փողոցների խորքում, այնուամենայնիվ, տխրությունն է թափառում, սառը անորոշ մի բան հուշում է, որ մարդը կորցրել է իրեն, կորցրել իր դեմքը:

Ձնախառն անձրեւից նեղացած քաղաքի շները շարունակում են նախկին կյանքըՙ խեթ հայացքով նայելով աղբատարների վերեւում թառած կատուներին: Իսկ մուրացկաններն ու բոմժերն այս օրերին գոհ են, կարծես:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4