Դե, երկրագնդի ծովայիններից էլ ո՞վ է նման բան տեսել: «Արմենիա»-ի անձնակազմից բացիՙ էլ ո՞վ: Քամին համընթաց է (փա՜ռք քեզ, Աստված): Նավը դանդաղ խրվում է ահռելի ալիքի մեջ, որը ծանրորեն բարձրացնում է միանգամից ողջ քթամասը: Ապա, հսկայական փուչիկի պես, ալիքը ոչ թե պայթում, այլ լողացրիվ է լինում, եւ նավի քիթը շրմփոցով ընկնում է առաջացած փոսը: Հիշեցնենք, որ այդ ժամանակ նավն ընթանում է (տվյալ դեպքում) աջ թեքումով, մինչեւ «ամենաթույլատրելի» անկյան տակ: Եվ այդ բոլոր շարժումները առագաստանավի հետ կրկնում է մարմինդ, հաճելի զգացողություն ստանալով ողնուցային ռիթմիկ ճոճքից: Լավ տեսանելի ու լսելի է, թե ինչպես են ոռնացող քամու եւ թավագլոր ալիքների թնդյունի մեջ, համարյա սեղմված երկու նավակողերին, սրընթաց հրթիռների պես լողում դարչնագույն դելֆինների խմբերը:
Դե, ի՞նչ կա որ: Այդ ամենը դարեր շարունակ բազմիցս դիտարկել են ծովագնացները: Բայց ես ասելիքս չեմ ավարտել: Հաճույքով եմ ձգում այդ պահը, քանզի այն, ինչ մենք ենք տեսնում հիմա, երբեք ոչ ոք չի տեսել: Ես կանգնած եմ կոկպիտում (հիշեցնենք, որ դա միակ հարթ, ճիշտ էՙ փոքր, տեղն է ընդհանուր նավասենյակի եւ նավախելի ղեկային տարածքի միջեւ) եւ ուշադիր հետեւում եմ այդ ողջ կախարդանքին: Առջեւում, կայմի ստորին մասից այն կողմ, քթամասի ողջ տախտակամածը ներկված է նարնջավարդագույնով: Ամեն ինչ: Ե՛վ կնեխտները, ե՛ւ լյուկերի պլաստիկե թափանցիկ կափարիչները, ե՛ւ կապույտ ծածկոցի տակ գտնվող ռետինե մակույկը, նավախելին հենված սպիտակ շարժիչով: Եվ այդ ամենն իրոք կախարդական վրձնով ներկված է ասես մայրամուտի ներկապնակից վերցված գույնով: Եվ այդ ողջ պատկերը, երկու կողմից շրջանակված ճոպանազարդ կողերով, անսովոր ձեւ է ստանում: Ողջ առջեւի մասը կտրուկ նեղանում է, հենց քթի մոտ կազմելով սուր անկյուն: Հենց այդ պատճառով էլ տախտակամածի ընդհանուր մակերեսը քսան մետրով փոքր է «Կիլիկիա»-ից: Ահա այդպիսի սուրանկյուն կտավ է փռված մեր առջեւ, ժամանակ առ ժամանակ երփներանգ գույներ ստանալով: Եվ իրոք, բոլոր ժամանակների բոլոր ծովայիններից էլ ո՞վ կարող էր նման բան տեսնել: Վերջիվերջո, այդ ամենը մի ինչ-որ տեսողական խաբկանք չէ: Դա մեր կյանքի իրողությունն է: Անտեսանելի նկարիչը ինքը Արեգակն է, անտեսանելի վրձինըՙ կարմիր-կապույտ-նարնջագույն, քսանվեցմետրանոց առագաստը, որը «Արմենիա»-ի վրա խորհրդանշում է Հայաստանի դրոշը: Ասեմ, թե այդ ամենն ինչպես է կատարվում եւ ինչ պայմաններում: Դրա համար պետք է, որ նավը շարժվի խստիվ դեպի արեւմուտք, այսինքնՙ ուղիղ դեպի մայր մտնող արեւը: Լավագույն դեպքում ամպի պատառիկ չպետք է լինի կապույտ երկնքում, եւ փչի սառը, համընթաց քամի, բացառելով մեգ ու մառախուղ: Պետք է, որ արեւի թեք ճառագայթները տախտակամած թափանցեն եռագույն առագաստի միջով: Բայց թափանցելով, նրանքՙ ինչպես կինոխցիկում, տախտակամած-էկրան են տեղափոխում չտեսնված մի ներկապնակի վառ կարմիրը, վառ կապույտը, վառ նարնջագույնը: Մի խոսքով, պետք է ունենալ այնպիսի դրոշ, ինչպիսին մենք ունենք, պետք է ունենալ այնպիսի առագաստ, ինչպիսին մենք ունենք, ստեղծելու համար, ինչպես Բալզակն է գրելՙ «չտեսնված գլուխգործոց»: Գուցե դրա պես ինչ-որ մի բան էր փորձել մարդկային պատմության մեջ տեսնել զարմանալիորեն քնարական արձակագիր Ալեքսանդր Գրինը, ստեղծելով անկրկնելի «Ալ առագաստներ»-ը: Բայց դա արդեն հանճարի երեւակայության մեջ էր:
Այնպես որՙ իրոք մեզանից բաց ոչ ոք չէր կարող տեսնել «դա»: Հայկն այդ ամենը լուսանկարում էր: Բայց կինոխցիկ էր հարկավոր: Եվ ես այդ րոպեներին չէի կարող չարթնացնել մեր օպերատոր Սամվել Բաբասյանին, թեեւ հերթափոխից հետո քնածին կարելի է արթնացնել միայն համականչի դեպքում: Իսկ ո՞վ ասաց, թե գլուխգործոցի ստեղծումը ավրալային առիթ չէ: Բաբասը սկզբում քնկոտ աչքերով շուրջը նայեց, ապա ինձՙ երախտագիտությամբ, եւ վազեց յիրիկյանական խցիկը բերելու (ի թիվս մեծաքանակ լուսանկարչական եւ տեսասարքավորումների, այդ հեռուստախցիկը «Արմենիա»-ի անձնակազմին է նվիրել «Վիվասելի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը): Երկար դեսուդեն էր քայլում տախտակամածով: Հաճախ Պուշկոյին (Մուշեղ Բարսեղյանին) խնդրում էր փոքր-ինչ փոխել հալսը մեկ այս, մեկ այն կողմի վրա: Եվ Հայկի հետ միասին սկսեց «գեղանկարչական» աշխատանքը: Ես նայեցի ժամացույցին: 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ժամը 17-ն անց է քսան րոպե: Ամենաերկար օրը Հարավային կիսագնդում: Հայաստանում դեկտեմբերի 23-ին 0 ժամ երեսուն րոպեին ամենաերկար գիշերն է Հյուսիսային կիսագնդում: Չէ՞ որ սա էլ հետաքրքրական ու եզակի զուգադիպություն է: Մի ինչ-որ պահ ես աշխատեցի, այսպես ասածՙ միանգամից ամբողջացնել այդ տիեզերա-մոլորակային պատկերը եւ մտածեցի. «Գուցե հենց սա է երջանկությունը»: Սակայն, ինչպես հաճախ է մեզ բոլորիս հետ պատահում, հենց նման րոպեներին ինչ-որ մի բան սկսում է կեղեքել սիրտդ ու հոգիդ: Պարզվում էՙ անհարմար է, անպատեհ եւ նույնիսկ անազնիվՙ երջանիկ լինել այն ժամանակ, երբ շոշափելիորեն հիշում ես, որ դեռ չեն սպիացել հազարավոր ու հազարավոր մայրերի ու այրիների հոգու վերքերը, եւ որոնք սեւ զգեստները չհանեցին Արցախյան պատերազմից հետո:
Արդեն քանի՜ տարի ես ճամփորդում եմ ողջ աշխարհով, այցելելով հայկական օջախներ, համայնքներ, գաղութներ, մանավանդ լիբանանյան պատերազմի ժամանակ եւ միշտ ակնբախորեն տեսնում, որ ցեղասպանություն վերապրած մարդկանց երրորդ, նույնիսկ չորրորդ սերնդի վերքերն այդպես էլ չեն սպիանում: Այո, ուրախ ու աղմկոտ հարսանիքներ են անում, նշում են Մայրության, սիրո եւ գեղեցկության, Վարդանանց, Շուշիի եւ Անկախության օրվա տոները, բայց միեւնույնն է, երբ խոսում են «հայի աչքեր» երեւույթի ու հանելուկի մասին, բոլորովին էլ նկատի չունեն անատոմիան կամ ֆիզիոլոգիան, այլ միայն հոգին ու պատմությունը, հիշողությունն ու հույսը: Մենք այդպիսին ենք: Ու դրա դեմ ճար չկա: Մեզ պետք են հաղթանակներ: Նոր հաղթանակներ: Մենք պետք է նորից սովորենք դառնալ մեր ճակատագրի ու ազատության, մեր անկախության ու, գլխավորըՙ մեր հաղթանակի տերերը: Պետք է թափ տանք մեզ ու սթափվենք: Պետք է սովորենք մեր դրոշի գույներում տեսնել ոչ թե պարզապես ծիածանի մասնիկներ, այլ գործուն հաղթանակի խորհրդանիշ: Մեզ օլիմպիական շքանշաններ են պետք նույնիսկ նրա համար, որպեսզի տեսնենք, թե ինչպես են մեր հայրենիքից հեռու բարձրացնում հարազատ դրոշը եւ հնչեցնում հարազատ օրհներգի մեղեդին: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր երկիրը բարի ճանաչելիություն ձեռք բերի: Մենք պետք է հիշենք, որ բոլորովին էլ պատահական չէր, որ Հայրենական պատերազմի ամենածանր օրերին հենց հոգեբաններն առաջարկեցին վերականգնել ֆուտբոլի եւ այլ մարզաձեւերի երկրի առաջնությունները, բացել նկարչական ցուցահանդեսներ, հիմնել գիտությունների ազգային ակադեմիաներ: Այդ ամենն անհրաժեշտ էր, որպեսզի առարկայանա հաղթանակի հավատը համաժողովրդական հրեշավոր վշտի խորապատկերին: Ես չեմ հասկանում, երբ հայ բանաստեղծն իր սիրեցյալին գրում է. «Առանց քեզ ես թուղթ եմՙ առանց գրիչ, ես հարսանիք եմՙ առանց գինի, ես Բյուրական եմՙ առանց աստղադիտակի, ես սոխակ եմՙ առանց երգի, ես նկար եմՙ առանց շրջանակի...»: Եվ այլն, եւ այլն: Եվ հանկարծՙ «Առանց քեզ նույնն եմ, ինչ հայն առանց վշտի»: Այո, դա այդպես է: Եվ դա բոլորովին չի նսեմացնում, չի ստորացնում հային: Խոսքը ճակատագրի մասին է, անխուսափելիության մասին: Խոսքը նույնիսկ այն որոշակի փիլիսոփայության մասին է, որը պարտավորեցնում է գիտակցել. արա ամեն ինչ, որպեսզի երջանկությունը գա, բայց քանի դեռ չի եկել, պատրաստ եղիր ապրել առանց դրա: Կգա՛: Անպայման կգա, եթե գիտակցում ես, որ արեւը մայր է մտնում միայն նրա համար, որ նորից ծագի: Օվկիանոսում մենք ոչ միայն պարզապես համոզվում ենք դրանում ամեն օր: Ամեն առավոտ դիմավորում ու ամեն երեկո հրաժեշտ ենք տալիս, իմանալով, որ այն ծագելու է: Մենք հասկանում ենք, որ դա պետք է: Մենք պետք է առաջին հերթին համոզենք ինքներս մեզ, իսկ դա նշանակում էՙ մեր ժողովրդին, որ մենք կարող ենք: Ինչպես դա եղել է ոչ մեկ անգամ: Մոտենում ենք Հորն հրվանդանին, գիտենալով, որ մեզ սպասում են դժվարություններ: Բայց գնում ենք հենց այդ ուղիով, որովհետեւ մեզ համար չկա ուրիշը: Ուրեմն պետք է գնալ: Մենք հույսը չենք վերածում միայն ուղեցույցի: Այն մեզ համար պարզապես անգին ուղեկից է: Երբ գլխավերեւումդ ծածանվում է երկրիդ դրոշը, դու չես մտածում հույսի մասին, որը վերջինն է մեռնում, այլՙ պատասխանատվության զգացումի մասին: Հայրենիքի դրոշի միջով «Արմենիա»-ի տախտակամածին սփռված մայրամուտը մի տեսակ ուժգնացրեց պատասխանատվության այդ մեծ զգացումը: Դա նշանակում էՙ եթե ճանապարհիդ հանդիպում են արգելքներ, պետք է մտածել ոչ թե երազանքի եւ հույսի մասին, այլ նավի ու անձնակազմի ամրության ու պատրաստվածության վիճակի: Ոչ մի առանձին փուլ մեզ համար չի եղել առանձին նպատակ: Առավելեւսՙ ինքնանպատակ: Նպատակը մեկն է. մինչեւ վերջ կատարել դժվարին աշխատանքը Մեսրոպ Մաշտոցի անունը կրող ծովարշավի շրջանակներում: Մենք երջանիկ ենք արդեն նրանով, որ մեզ բաժին ընկավ հենց այդ երթուղին: Եվ երջանիկ ենք նույնիսկ նրանով, որ գույների հենց այդպիսի հիասքանչ ու հեքիաթային համադրություն ունի մեր դրոշը, որի տակ պատմական հաղթանակ ենք տարել եւ փրկել մեր հայրենիքը: Երջանիկ ենք նրանով, որ հիմա Ատլանտյան օվկիանոսում, ոռնացող քառասնական լայնություններում ուղիղ դեպի արեւն է լողում մեր «Արմենիա»-ն: Չէ՞ որ տպավորությունն այնպիսին է, թե հորիզոնի գծից մինչեւ մեր միակայմ առագաստանավի քիթն ընդառաջ է հոսում Ամազոնի պես ահռելի մի գետՙ արծաթագույն եւ արեւ ճառագայթների բյուր անդրադարձումներով եւ կապարա-արճճային ափերով: Ահա այսպիսի արեւային արահետ ունի այս պահերին մեր «Արմենիա»-ն:
...Մինչեւ Հորն հրվանդան հազար մղոնից քիչ ավելի է մնացել: Ես չեմ կարող ճշգրիտ ասել, թե երբ կլինենք այնտեղ: Բայց ասեմ, որ հրվանդանից հարյուր մղոն հեռավորության վրա է գտնվում մեր մոլորակի ամենահարավային քաղաքըՙ Ուշուայան:
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ, «Արմենիա» առագաստանավ, Ատլանտյան օվկիանոս