Հայ մեծանուն երաժիշտ, մաեստրո Օհան Դուրյանի մահը ցնցեց ողջ երաժշտական աշխարհը: Վկանՙ այն հեռագրերն ու ցավակցական նամակներն են, որ ստացվել են տարբեր երկրների երաժշտական կոլեկտիվներից ու աշխարհահռչակ երաժիշտներից: Հունվարի 9-ին սիրված մաեստրոյի հոգեհանգստի կարգը կայացավ Կոնդ թաղամասում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հոգեւոր շարականները հնչեցնում էին մաեստրո Օհան Դուրյանի հետ տարբեր տարիների աշխատած երաժիշտներ, երգիչներ: Մոտ 4 ժամ մարդկանց հոսքը չէր դադարում: Եկեղեցու ողջ տարածքում մարդիկ հիացական հիշողություններով էին ներկայացնում մեծ երաժշտին ու ցավում նրա կորստի համար:
Մաեստրոյին հրաժեշտ տալու էին եկել ՀՀ-ում տարբեր դեսպանատների ներկայացուցիչներ, հյուրեր: Վերջին հրաժեշտին ներկա էր նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանըՙ իր թիմակիցներով: Հունվարի 10-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի մոտ բազմահազար ժողովուրդ էր հավաքվել: Ու երբ մաեստրո Օհան Դուրյանի դիակարգը մոտեցավ, բոլորը սկսեցին ծափահարել:
Այնուհետեւ մաեստրոյին վերջին հրաժեշտ տվողները լուռ դիտում էին խոշոր էկրանի վրա ցուցադրվող մաեստրոյի ղեկավարությամբ համերգային կատարումներ: Կեսօրին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը (մաեստրոյի թաղման կառավարական հանձնաժողովի նախագահ), փոխնախարարները եւ փոխքաղաքապետ Կամո Արեյանը պատվո պահակ կանգնեցին ու վերջին հրաժեշտը տվեցին ականավոր երաժշտին: Կոմպոզիտորին, մաեստրոյին, մեծ երաժշտին վերջին հրաժեշտ տվեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, մտավորականներ, արվեստագետներ, երաժիշտներ ու երկրպագուներ:
Հոգեւոր դասի հրաժեշտի կարգից հետո ծափահարությունների ուղեկցությամբ Օհան Դուրյանի դին դուրս բերվեց օպերայից, ու թաղման թափորը ուղեւորվեց Կոմիտասի անվան այգի, ուր հանգչում են մեր մեծերը: Նրանց թիվն ավելացավ եւս մեկով:
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ
Օհան Դուրյանի հիշատակին
Հայոց երաժշտարվեստի երկնակամարից հեռացավ մի լուսավոր աստղ... հեռացավ դեպ անմահություն, դեպ երկնային երանություն... հայ կատարողական արվեստի պատմության մեջ թողնելով իր անունն ու գործը...
Մեծանուն արվեստագետ Օհան Դուրյանը ծնվել է 1922 թ. սեպտեմբերի 8-ին Երուսաղեմում ու այստեղ էլ ավարտել կոնսերվատորիան: Այնուհետեւ Ցյուրիխում ու Փարիզում դիրիժորական արվեստի դասեր է վերցրել տեղի ճանաչված մասնագետներից: Գրեթե հինգ տարի ղեկավարելով ֆրանսիական մի շարք նվագախմբեր` Դուրյանը 35 տարեկան հասակում եկել է Հայաստան` իր երազների երկիրը, կարճ ժամանակահատվածում արժանացել ճանաչման: Տարբեր տարիներ ղեկավարել Է Հայաստանի ֆիլհարմոնիկ, հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբերը, օպերային թատրոնի երաժշտախումբը:
Մեր օպերային թատրոնի տարեգրության էջերում հիշատակելի են ու արժանվույնս կհիշվեն Օհան Դուրյանի «Անուշ»-ն ու «Պողիկտոս»-ը:
Սիմֆոնիկ, օպերային արվեստի հայ երկրպագուները մշտապես կհիշեն նաեւ սիմֆոնիաների դուրյանական մեկնությունները, հատկապես հայ հեղինակների գործերի կատարումները, որոնք մշտապես նրա ուշադրության կենտրոնում էին: Հայաստանի ռադիոյի Ոսկե ֆոնդում պահպանվել են բազում ձայնագրություններ Օհան Դուրյանի մեկնաբանությամբ, իսկ հեռուստատեսության ֆոնդերում իրենց պատվավոր տեղն ունեն Մոցարտի «Ռեքվիեմ»-ի, Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի, Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Ջիվան Տեր-Թադեւոսյանի, Ալեքսանդր Աճեմյանի եւ այլ հեղինակների ստեղծագործությունների դուրյանական ընթերցումները:
Դուրյան անունը լայնորեն ծանոթ է նաեւ Եվրոպայում ու Ամերիկայում: Նա ելույթներ է ունեցել աշխարհի շուրջ 100 քաղաքներում: Սիմֆոնիկ երկերին զուգահեռ տարբեր օպերային բեմերում ղեկավարել է շուրջ 30 օպերային գործեր:
1962-69 թթ. Օհան Դուրյանը հայաստանյան գործունեությունը համատեղել է Լայպցիգի նշանավոր «Գեւանդհաուս» ֆիլհարմոնիկ նվագախմբի, ինչպես նաեւ օպերային թատրոնի դիրիժորի պարտականությունների հետ: Այդ տարիներին Դուրյանը համերգային աշխույժ գործունեություն է ծավալել Ավստրիայի ու Գերմանիայի մի շարք երաժշտական կենտրոններում, արժանանալով մամուլի ու մասնագետների բարձր գնահատանքին: Բեռլինյան մի շարք թերթեր դիրիժորին անվանել են «լիցքավորող դիրիժոր», «հիպնոսող ուժի տեր...», «խոսող ձեռքեր, որոնք համոզում եւ ապշեցնում են ունկնդրին... », «Արեւելյան Եվրոպայի Տոսկանինի...» ու բազում այլ նման գնահատականներ:
Իր Հայաստան Երկիրը սիրող մեծ երաժիշտ էր Օհան Դուրյանը: Աշխարհի ճամփաներով անցած դիրիժորի խռովահույզ հոգին հանգրվանեց իր հայրենի հողում: