«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2010-12-24 | #239, 2010-12-25 | #1, 2011-01-11


ԱՄԵՆԱՄԵԾ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

Հիմա հայաստանյան որոշ արվեստախառն պետական այրեր կսկսեն ցավակցություն եւ ափսոսանք հայտնել, իսկ գուցե եւ լան, մազեր փետտեն, թաշկինակներ քամեն (աման-աման) տեսակ-տեսակ ճառերով պատմեն Դուրյանի մեծության, անգամ իրենց փայլուն հարաբերությունների մասին Մեծն Մաեստրոի հետ:

Ո՞ւր ես, Շիրազ. նորից ասաՙ «Գնա մեռի, արի սիրեմ»...

Բայց այդ մարդկանցից եւ ոչ մեկը իր վրա չի վերցնելու մեղքի այն բաժինը, որի պատճառով Մեծ hայը լքեց իր Հայրենիքը եւ մեկնեց Մոսկվաՙ կրթելու այլոց, այն դեպքում, երբ կարող էր դիրիժորության վարպետության մի ամբողջ փունջ դասեր պարգեւել արվեստի մեջ դեռ երեկվա, իսկ այսօր արդեն բիրդան աղա դարձած, հետն էլ Արվեստի վաստակավոր գործիչ անվանումը առած, գնած, գողացած, շրջապատի հաշվին յուրացրած, բայց ոչ ձեռք բերված կոչումը: Ու կհանդիպի Մաեստրոն նրանց, վերեւում, ու կթքի նրանց երեսներին, եւ իհարկե նրանք էլ կասեն, վայ, տես, անձրեւ է գալիս...

1992 թվի ցուրտ ձմեռն էր: Օպերային թատրոնի դահլիճը լեփ լեցուն էր ԻՍԿԱԿԱՆ արվեստագետներով եւ արվեստասերներով: Պատճառըՙ Օհան Դուրյանը կատարում էր Բեթհովենի թիվ 9 անմահ սիմֆոնիան: Ցուրտ էր, շատ ցուրտ, բայց ոչ ոք դահլիճը չլքեց: Հերոսներ էին նաեւ կատարող երաժիշտները երգչախմբով հանդերձ: Համերգի հիանալի ավարտից հետո ինձ մոտեցավ Ռադիոյի երաժշտական խմբագրության մեկնաբանը (Վալիկը) համերգի առթիվ տպավորության հարցազրույցի խնդրանքով: Եվ ահա թե ինչ ասացի,- Ես չէ, որ պիտի գնահատեմ Օհան Դուրյանի արվեստը, ամենամեծ գնահատականը այս ցուրտ, չտաքացվող դահլիճի լեփ լեցուն լինելն է...

ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ, Հայֆա, Իսրայել


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4