Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն այսօր պետք է մեկնարկեին շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց բարձրագույն խմբի առաջնությունները: Սակայն առայժմ պայքարի մեջ կմտնեն միայն կանայք, իսկ տղամարդկանց 71-րդ առաջնության մեկնարկը կտրվի մեկ շաբաթ անցՙ հունվաի 18-ին: Պատճառը մասնակիցներից մեկիՙ գրոսմայստեր Զավեն Անդրեասյանի հիվանդությունն է: Երեկ կայացած բացման արարողության ժամանակ առաջնության մասնակիցների համաձայնությամբ որոշվեց մրցաշարի մեկնարկը հետաձգել մեկ շաբաթով, որպեսզի Զավեն Անդրեասյանը հնարավորություն ունենա մասնակցելու մրցավեճին:
Ինչ վերաբերում է կանանց 66-րդ առաջնությանը, ապա մասնակիցների թվում չեն մեր առաջատար շախմատիստուհիներ Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանն ու Նելլի Աղինյանը: Այնպես որ հանրապետության գործող չեմպիոնուհի Անահիտ Խառատյանին ավելի հեշտ կլինի պայքարել տիտղոսը պահպանելու համար: Նրա մրցակցուհիների թվում են Սիրանուշ Անդրեասյանը, Նաիրա Մովսիսյանը, Լիանա Մարտիրոսյանը, Մարիա Գեւորգյանը, Արմինե Բաբայանը, Նարինե Գասպարյանը, Վարդուհի Քալաշյանը, Շուշան Սարգսյանն ու Աստղիկ Մեսելջյանը: