Միացյալ Նահանգների քաղաքացին (Հալ Թալայանը) ապահով է եւ գտնվում է Իրանից դուրս: Հունվարի 10-ին տեղի ունեցած ամենօրյա ճեպազրույցում այս մասին տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Քրոուլին ՙ այդ քաղաքացու անունը չտալով: Օրեր շարունակ ամերիկացի քաղաքացու մասին հրապարակումների առնչությամբ Քրոուլին նշել է, որ Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսական ծառայությունները կապ են հաստատել նշված քաղաքացու հետ եւ տեղեկացրել են, որ նա գտնվում է ապահով վայրում, այդուհետեւ մանրամասնելով, որ ԱՄՆ քաղաքացին Թուրքիայում է առանց հյուպատոսական աջակցություն խնդրելու:
Քրոուլին հավատացրել է, որ այս միջադեպն ավարտված կարելի է համարել: Այդուհետեւ, տարբեր հարցադրումներին ի պատասխան, միայն բավարարվել է արձագանքելով, որ չի կարող նշել տվյալ անձի անուն-ազգանունը, չի կարող նշել գտնվելու վայրը, ձերբակալված լինել-չլինելը, միայն Քրոուլի խոսքերից հստակ է, որ Թալայանն այլեւս Իրանում չէ: Այլ մանրամասների համար Քրոուլին ընդգծել է, որ կարող է տեղեկություններ տալ միայն ինքը` ԱՄՆ քաղաքացին, եթե ցանկանա:
Նշենք, որ խոսքը, հունվարի 6-ին տարածված տեղեկության համաձայն, վերաբերում է ԱՄՆ քաղաքացի 55-ամյա Հալ Թալայանին լրտեսության կասկածանքով ձերբակալելուն: Տեղեկացվում էր, թե խուզարկությամբ Թալայանի մոտ հայտնաբերվել էին իբր լրտեսական սարքավորումներ: Նշվում էր նաեւ, թե Թալայանին ձերբակալել են Հայաստանի սահմանի մոտ` իբր Իրան մուտք գործելու փորձ անելիս: Հայաստանի ԱԱ ծառայությունը հայտարարել էր, որ նման անուն-ազգանունով անձնավորություն Հայաստան ոչ մուտք էր գործել եւ ոչ էլ դուրս եկել Հայաստանից:
Ա. Հ.