Առաջին անգամ Հորն հրվանդանին ծանոթացել եմ մոտավորապես տասնչորս տարեկանում: Եվ իհարկե, հենց Ժյուլ Վեռնի միջոցով: «Ջոնաթան»-ի նավաբեկությունը». այդ վերնագիրն ուներ քրքրվելու աստիճան մաշված գրադարանային գիրքը: Իսկ հետո արդենՙ ռազմածովային ուսումնարանը, որտեղ սաների համար ճանաչողական դասախոսություններ էին կարդում ծովագնացության եւ մեծ ծովագնացների մասին: Այդ ժամանակ էլ իմացա Ատլանտյան եւ Խաղաղ օվկիանոսները ոչ այն է միացնող, ոչ այն է անջատող Հորն հրվանդանի չոր «բնավորության» մասին:
Վաթսունական թվականներին, երբ ողջ աշխարհը հիացմունքով հետեւում էր անգլիացի Ֆրենսիս Չիչեստերի անօրինակ շուրջերկրյա նավարկություններին, լեգենդար հրվանդանի մասին խոսում էին ամենուր: Միաժամանակ մամուլում չէին հապաղում ընդգծել եւ այն, որ այդ հրվանդանը «վատ համբավ» ունի, որ «տխրահռչակ» է եւ ողբերգականորեն հանրաճանաչ: Ահա թե ինչպիսին է հարավային լայնության 59 աստիճան 59 րոպեում եւ արեւմտյան երկայնության 67 աստիճան 16 րոպեում գտնվող այդ աշխարհագրական կետը: Դե, իսկ որպեսզի հասկանալի լիներ, թե ինչի մասին է խոսքը, ներկայացվում էին ոմանց խոսքերը. «Ջրասույզ նավերի գերեզմանոց», «Զոհերի տխրահռչակ ռեկորդը պատկանում է Հորն հրվանդանինՙ մոտ քսան հազար մարդ եւ մոտ ութ հարյուր նավ»:
Իմ առջեւ, նավախցիկիս փոքրիկ սեղանին մի քարտեզ կա, որը տպագրվել է 1984 թվականին Արգենտինայում: Վրան Հրո Երկիր արշիպելագի բոլոր կղզիներն են: Իսկ ամենահարավումՙ Հորն կղզին, ներքեւից ցցվածքով: Եվ շուրջը խորհրդանշական պատկերներն են առագաստանավերի, որոնց նավախելերն արդեն ջրի տակ են, իսկ քթերըՙ վեր ցցված: Քարտեզի աջ կողմի հսկայական սյունակներում նշված են առավել հայտնի եւ մեծ նավերը, որոնք կործանվել են Հորն հրվանդանի մոտ 1643 թվականից: Ո՛չ, քարտեզագիրները դրանից հաճույք չեն ստանում: Քարտեզը կոչվում է «Պատմական»: Հեղինակները հետազոտական ահռելի աշխատանք են կատարել եւ հրատարակել գիտական, պատմա-աշխարհագրական քարտեզ: Չէ՞ որ այստեղ պատմությունն է, առաջին հերթինՙ անուններ, անվանումներ եւ տարեթվեր:
Դժվար թե ես ամեն ինչ կարդացած լինեմ նավարկությունների մասին, եւ մասնավորապեսՙ Հորն հրվանդանի, բայց համարձակորեն կասեմ, որ շատ բան եմ կարդացել: Եվ կարծում եմ, լավ գիտեմ, թե ինչու, անկախ այդ նույն «վատ համբավից», ծովայինները ձգտում են դեպի այդ վայրը, որտեղ եղանակային պայմանները պարզապես բնության թելադրանքով անտանելի են: Այնտեղ, թվում է, միահյուսվում են բոլոր աշխարհագրական, օդերեւութաբանական անվանումները, չափումների միավորներըՙ բալերը, ուղղությունները, աստիճանները եւ այլն: Նույնիսկ այն, որ հենց այս, թե՛ պայմանական, թե՛ կոնկրետ կետում ճակատներով բախվում են Խաղաղ եւ Ատլանտյան օվկիանոսները: Հերթականությունը ճիշտ է բերված, քանզի բոլոր ուղղությունները (ծովային հոսանքներ, քամիներ եւ ցիկլոններՙ ձնաբքերով) շարժվում են արեւմուտքից դեպի արեւելք: Ինչ վերաբերում է ծովարշավներին, նախագծերին ու ծրագրերին, որտեղ նախատեսվում են սպորտի տարրեր նույնպես եւ աշխարհաշուրջներՙ ընդհանրապես, ապա այստեղ վաղուց արդեն կենսական որոշակի բանաձեւ է գործում. «Շուրջերկրյան լիարժեք չի համարվում, եթե չես շրջանցել Հորն հրվանդանը»: Կամ ավելի սարսափելի. «Միայն նա կարող է իրեն իսկական ծովային համարել, ով շրջանցել է Հորն հրվանդանը»: Խեղճ Մագելլան, խեղճ Հեյերդալ, խեղճ Բոմբար... Եվ էլի ահռելի թվով մեծ ծովագնացների կարող եմ թվարկել, որոնք մեծ են համարվում առանց շրջանցելու Հորն հրվանդանը: Ուրեմն ո՞րն է Հորն հրվանդանն անցնելու հետ կապված զանգվածային ահ ու սարսափի բարդության պատճառը, եթե դա նույնն է, թե Դրեյքի նեղուցն անցնես: Ուսումնասիրելով այս հարցըՙ ես եկա այն եզրակացության, որ պատճառը որակի ու քանակի փիլիսոփայական կատեգորիայի մեջ է: Ի տարբերություն իսկական փիլիսոփաների, ես առաջին տեղում դնում եմ որակը: Որակը դա կատաղի, անխիղճ մրրկալից քամին է, մոլեգին ոռնացող բազմահարկ ալիքները, Անտարկտիդայի սառցե շունչը, իսկ քանակը, ըստ եղանակի տեսության, քամու արագությունն էՙ քսանհինգ հանգույց (չհաշված արեւմուտքից դեպի արեւելք իր բնական պասսատային արագությունը) եւ պոռթկումներովՙ երկու անգամ ավելի: Դա նշանակում էՙ վայրկյանում ավելի քան քսան մետր, այսինքնՙ մոտավորապես ակադեմիական մրրիկի ուժգնություն: Եվ բացի այդ, երբեք չի պատահում, որ այստեղ, Դրեյքի նեղուցի ողջ երկայնքով մեկ հանգիստ ու խաղաղ նավարկես: Ճիշտ է, փորձառու ծովայիններն ու հետազոտողներն ապացուցելի ընդգծում են, որ անցումը շատ ավելի սարսափելի է արեւելքից դեպի արեւմուտք (հենց այնպես, ինչպես անցավ Մագելլանը), Մագելլանի նեղուցով: Բայց դա արդեն ոչ միայն ուրիշ, այլեւ առանձնահատուկ խոսակցություն է, որին մենք անպայման կվերադառնանք, նույնիսկ կասեիՙ ցանկանում ենք, թե ոչ: Պարտավոր կլինենք:
Անցնելով փաստաթղթերի ձեւակերպման, իրենց էությամբ նողկալի ու անհավատալի դժվարությունների միջով, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն Հորն հրվանդանի հետ, «Արմենիա»-ն վերջապես մտավ Բիգլ ջրանցք: Հիմա արդեն գնում ենք հակառակ ուղղությամբ: Ճիշտ է, սահմանապահ ծառայության գրասենյակում, որտեղ ելքի ու մուտքի փաստաթղթեր են ձեւակերպում, մեզ ասացին, որ եթե Հորն հրվանդանից հետո նորից պետք է Ուշուայա վերադառնանք, այսինքնՙ Արգենտինայի տարածք, ապա չիլիական գրասենյակում չպետք է ձեւակերպվենք, հակառակ դեպքում մեր վիզաները ուժը կկորցնեն: Եվ մենք, բնականաբար, չմոտեցանք չիլիական ձեւակերպման կետին, այսինքնՙ Վիլյամս նավահանգստին: Բանն այն է, որ ոչ մի կերպ չէինք կարող բացառել վերադարձը Ուշուայա, քանի որ ծրագրել ենք Հորնից հետո Խաղաղ օվկիանոս դուրս գալ Մագելլանի նեղուցով, հենց այն տեղով, որտեղով ինքըՙ Մագելլանը մտնելով Անանուն օվկիանոսը, որի մակերեւույթը հազվադեպ է խաղաղվում, այն անվանեց Խաղաղ: Դա հանճարի հանճարեղ սխալն էր:
Այն, ինչ կատարվեց մեզ հետ գիշերվա ժամը երկուսին, ոչ մի բանի հետ չի կարելի համեմատել: Բավական է ասել, որ իմ մշտական բրադիկարդիայի պայմաններում, երբ զարկերակս րոպեում հիսուն հարվածից ավելի չի բարձրանում, թիվս թռավ մինչեւ յոթանասուն: Նման բան ինձ հետ կատարվում է, եթե երեսունինը-քառասուն աստիճան ջերմություն եմ ունենում: Իսկ ճնշման մասին չեմ էլ ուզում ասել: Գիշերվա ժամը երկուսին կատաղի արագությամբ «Արմենիա»-ին մոտեցավ չիլիական սահմանապահ ռազմանավակը: Հերթափոխի էին կանգնած Վահագնը եւ Արիկը: Աստված իմ, ինչպե՜ս էին կարմրել եւ մեր փոխարեն տառապում չիլիացիները, տեսնելով իրավիճակի ողջ անհեթեթությունը: Բանն այն է, որ Ուշուայայից արգենտինացիները ռադիոկապով հաղորդել էին իրենց չիլիացի գործընկերներին, թե անհրաժեշտ է մեր նավը վերադարձնել, քանզի փաստաթղթերը ձեւակերպվել են ոչ այնպես, ինչպես պետք է: Արիկը, որն զբաղվում է մեր ողջ փաստաթղթերով եւ այդ հարցում թրծված է, մատը դնելով այս կամ այն տողի վրա, ապացուցում էր խնդրի անիմաստությունը: Սկզբում ինձ թվաց, թե փաստաթղթերի սխալ ձեւակերպման մեջ Արիկն է մեղավոր, որն, ի դեպ, հիանալի գլուխ է հանում այդ գործից, եւ չկարողանալով ինձ զսպել, գոռացի նրա վրա: Բարեկիրթ Արիկը լռեց: Ես էլ սսկվեցի: Բայց խեղճ չիլիացիք ոչինչ չէին կարող անել: Հրամանը հրաման է: Իսկ մենք էլ հաշվարկել էինք, որ հենց հունվարի 3-ի առավոտյան մոտենալու ենք Հորն կղզուն: Օդերեւութաբանները միայն ու միայն այդ օրն էին տանելի եղանակ խոստացել: Ամեն դեպքում Հորնից վեց մղոն հեռավորության վրա երեքմետրանոց ալիքներ են երեւում: Բայց թափահարումը նույնիսկ չափից ավելի զգալի է: Բայց չէ՞ որ մեզ դեռ պետք է խարիսխ նետել, ռետինե նավակով մոտենալ ափին եւ բարձրանալ կղզի: Գործ կա: Ծրագիր կա: Մի խոսքով, չիլիացի տղաները մեղք չունեն: Մենք այդպես ենք կարծում:
Հետ վերադարձանք լիովին ընկճված: Նախՙ ահավոր ցավալի էր եւ վիրավորական, երկրորդՙ ձեռքներիս էր եղանակի թարմ տեսությունը, որտեղ նշվում էր, որ համեմատաբար լուսավոր պատուհան է կանխատեսվում միայն հունվարի 3-ին:
Նավապետ Սամվել Կարապետյանի եւ շտուրման Հայկ Բադալյանի հետ (Արիկն այդ ժամանակ խոր քուն էր մտել տանջալից հերթափոխից հետո) հաշվում էինք մղոնները, հանգույցները, ժամերը, անընդհատ հայացք նետելով եղանակի տեսության թվերով ծածկված թղթին, որն, ի դեպ, վերջինն ուղարկել էր Արիկի կինըՙ Ռուզաննան: Կարող ենք հասցնել շատ հանգամանքների իդեալական զուգորդման դեպքում. եթե համընթաց քամին, որով վերադառնում ենք Ուշայա, փչի մինչեւ վերջ եւ համընթաց լինի Հորն հրվանդան վերադառնալիս: Իսկ դա տասներկու հանգույց է միայն մեկՙ դրոշ առագաստի վրա (ի դեպ, մեր կարմիր-կապույտ-նարնջագույն առագաստը հաճախ հրաշքներ է գործում): Անհրաժեշտ էր, որ արգենտինյան գրասենյակում փաստաթղթերը ճիշտ ձեւակերպեին մեկ րոպեում, իսկ հետո նույնքան ժամանակումՙ Պուերտո Վիլյամսում: Իսկ դրա համար պետք էին ցուցումներ վերեւից: Իմանալով, որ հենց այդ օրն է Բուենոս Այրես ժամանել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, սկսեցի փորփրել բլոկնոտներս: Գտա նախարարի փարիզյան հեռախոսահամարը: Զանգում եմ, չի պատասխանում: Արգենտինայում մեր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը նույնպես չի պատասխանում: Զանգեցի Երեւան, նախարարի առաջին տեղակալ Արման Ջոնի Կիրակոսյանին (հայրանունը հատուկ եմ ընդգծել), որն ասաց, թե ավելի լավ է փարիզյան համարով զանգել: Ընկա՜: Ամեն ինչ բացատրում եմ: Նա հասկացավ ինչն ինչոց է: Մի քանի րոպե անց զանգեց դեսպան Կարմիրշալյանը: Արդեն տեղյակ էր: Խոստացավ անել ամեն հնարավորն ու անհնարինը: Նրան միացավ նույնիսկ Հայաստանում Չիլիի պատվավոր հյուպատոս Էդուարդո Ռոդրիգեսը, որը շուտով կապվեց չիլիական ծովակալի հետ: Մենք ուրախությունից ծափ էինք զարկում: Շուտով կմտնենք Բիգլ ջրանցք: Բայց այստեղ կատարվեց ամենասարսափելին: Ասես մի ինչ-որ տիեզերական Գուլիվեր փչեց-հանգցրեց մոմը: Մեր համընթաց քամուց հետք չմնաց: Այնպիսի տպավորություն է, թե մանկական փուչիկը ծակել են եւ օդը սվվոցով դուրս է գալիս նրանից: Հենց այդպես. դրոշ-առագաստը սմքեց, կախ ընկնելով երկար թեւքերի պես: Մեկ ժամ անց զանգեց Հայաստանի դեսպանը եւ ասաց. «Իսկական պատերազմ է սկսվել Արգենտինայի եւ Չիլիի գրասենյակների միջեւ: Մեղադրում են միմյանց: Հիմա պատրաստ են ամեն ինչի, որպեսզի ներողություն խնդրեն: Բայց ինչ-որ մեկի թույլ տված սխալն այլեւս ուղղել չի լինի»:
Աստված իմ, ինչպե՜ս էի սպասում, թե երբ կարթնանա Արիկը: Ինչպե՜ս էի շտապում ներողություն խնդրել, որ գոռացել եմ նրա վրա, գիտենալով, որ չի պատասխանի ինձ: Եվ ես, պահը որսալով, արդեն սկսել էի աստվածաշնչյան ապաշխարանքի գործընթացը, բայց Արիկը լայն ժպտաց, հասկանալ տալով, որ օվկիանոսը միմյանցից նեղանալու տեղը չէ: Ու հանկարծ հիշեցիՙ գրողը տանի, չէ՞ որ նա համարյա իմ հասակակիցն է: Վեց տարուց մի քիչ էլ պակաս է մեր տարիքային տարբերությունը: Եվ բացի այդ էլ տոնը քթի տակ է: Բառացիորեն օրերս, հունվարի 19-ին, տա Աստված, որ նշենք մեր հավերժական ավագ օգնականի, համակարգչային ասի, հայկական առագաստային սպորտի մանուկ սաների պապիկի 70-ամյակը: Իսկ գուցե մեր «Արմենիա»-ն վերցնի ու անգին նվեր անի նրան, անցնելով Հորն հրվանդանը:
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ, Ատլանտյան օվկիանոս