«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2011-01-11 | #2, 2011-01-12 | #3, 2011-01-13


ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՐԿՆՎՈ՞ՒՄ Է

Ըստ երեւույթին, քաղաքականության մեջ էլ «մոր բախտն աղջկա փեշում է» լինում: Թեեւ այս դեպքում պիտի ասել` «հոր», քանի որ խոսքը վերաբերում է Իլհամ Ալիեւին:

Անցյալ դարի 90-ական թվականներին Ադրբեջանում «շրջում էր զինված հեղաշրջման» ուրվականը: Իրականում, սակայն, Հեյդար Ալիեւը քայլ առ քայլ «տարածություն էր մաքրում»: Այդ մասին է, մանավանդ, պատմում նախկին թուրք դիվանագետ Թուգութ Էրի «Ժողովրդավարությունից` բռնապետություն» գիրքը, որ հատվածաբար տպագրվում է ընդդիմադիր «Ազադլըղ» թերթում` հարուցելով իշխանությունների զայրույթը:

Թե ինչո՞ւ հատկապես հիմա է Թուրքիայում լույս տեսել այդ գիրքը` բոլորովին այլ հարց է: Թռուցիկ նկատենք միայն, որ, ի հակակշիռ ավելի վաղ արված հավաստիացումների, Թուրքիայի վարչապետը մոտ ժամանկներս չի այցելի Ադրբեջան, եւ չի ստորագրվի երկու երկրների միջեւ անցագրային ռեժիմը վերացնելու համաձայնագիրը:

Իրավիճակն Ադրբեջանում, հավանաբար, ավելի բարդ է: Լուրջ խմորումներ կան ընդդիմադիր դաշտում: Ավելի ու ավելի է զգալ տալիս Իսլամական կուսակցությունը, որն այդպես էլ պետական գրանցում չի ստանում:

Նոր տարին նշանավորվեց այդ կուսակցության առաջնորդ Մովսում Սամադովի ձերբակալությամբ: Այդ առթիվ Ադրբեջանի ՆԳՆ եւ դատախազության համատեղ հայտարարության մեջ խոսվում է «հանրապետության քաղաքական կայունությունը վտանգելու եւ ահաբեկչական գործողություններ իրականացնելու» ծրագրի մասին: Հարուցված է քրեական գործ` քր-օրի 288 հոդվածի (ապօրինի զենք եւ զինամթերք ձեռք բերելու եւ պահելու) հատկանիշներով:

Պատկան մարմինները զանգվածային խուզարկություններ են անցկացրել Սամադովի եւ վերջինիս հարազատների բնակարաններում եւ «հայտնաբերել 10 հատ F-1 տիպի նռնակ, ինչպես նաեւ ավտոմատ զենքի 4 պահունակ եւ 40 փամփուշտ»:

Նշված քանակի զենքն ու զինամթերքը բավարա՞ր են Ադրբեջանում «ահաբեկչական գործողությունների միջոցով վտանգելու քաղաքական կայունությունը», թե՞ ոչ` այլ հարց է: Փաստն այն է, որ Իսլամական կուսակցությունը ենթարկվում է բռնությունների, եւ դա, ամենայն հավանականությամբ, ունի իր տրամաբանությունը:

«Բոլոր ադրբեջանցիների առաջնորդ» լինելու մասին Իլհամ Ալիեւի ամանորյա «կատակն», ըստ երեւույթին, չափազանց խիստ անհանգստություն է պատճառել Իրանի իշխանություններին: Այնքան, որ վերջիններս արդեն մի քանի օր, առանց որեւէ պատճառաբանության, միակողմանիորեն փակել են Աստարայի անցակետը, ինչի հետեւանքով, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, «հազարավոր մարդիկ հայտնվել են անելանելի կացության մեջ»:

Իսլամական կուսակցությունն Ադրբեջանում անթաքույց համարում են «իրանական պրոեկտ»: Եվ երբ վերջինս մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու եւ ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ, ապա, ինչպես ասում են, «ակնարկը չափազանց թափանցիկ է»:

Իրանական կողմը դեպքերին արձագանքել է շատ զուսպ` հայտարարելով, որ «դպրոցներում հիջաբ կրելու արգելքն Ադրբեջանի ներքին գործն է»: Իրանն այս կերպ իրեն տարանջատում է ադրբեջանական հասարակության մեջ սուր բանավեճի առիթ հանդիսացող թեմայից: Կամ` առհասարակ Ադրբեջանի «ներքին խնդիրներից», ինչը նշանակում է, որ Թեհրանը Բաքվի իշխանություններին զգուշացնում է զսպել հակաիրանական ելույթներն ու «Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու» մասին մեղադրանքները:

Այստեղ թերեւս արժե նկատել, որ օրերս Բաքվում ձերբակալվել է Նեյմաթ Փանահովը-Փանահլին («Ազգ»-ը երեկ տեղեկացրել էր այդ մասին:-Խմբ): Վերջինս բավական սկանդալային անձնավորություն է: Նա եղել է Ադրբեջանի խորհրդային իշխանությունների կողմից հովանավորվող թիվ մեկ սադրիչը, հատկապես 1990 թ. Բաքվի դեպքերում: Փանահովն անցած խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր պատգամավորության թեկնածու եւ «պարտվել»: Ծնունդով «հարավային շրջաններից»` Փանահովը նույնպես ունի այսպես կոչված «իրանական օրիենտացիայի» գործչի համարում: Նա ձերբակալվել է մի քաղաքացու դիմումի հիման վրա եւ ենթարկվել երկամսյա կալանքի` «նախաքննության վրա չազդելու» պատճառաբանությամբ:

Գրեթե կասկածից դուրս է, որ ե՛ւ Մովսում Սամադովը, ե՛ւ Փանահ Հուսեյնովը դատարանի կողմից կենթարկվեն «համապատասխան պատժի եւ կմեկուսացվեն հասարակությունից»: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Ադրբեջանում վերստին հառնում է «զինված հեղաշրջումների» ուրվականը:

Նախկինում դա ծառայեցվում էր Հեյդար Ալիեւի իշխանությունն ամրապնդելու եւ «հաջորդայնությունն ապահովելու» նպատակին: Մինչ այդ տպավորություն կար, որ Իլհամ Ալիեւին հաջողվել է ինքնահաստատվել, եւ նա տիրապետում է իրավճակին: Վերջին դեպքերը գալիս են ենթադրել տալու, որ կամ դա այդպես չէ, կամ Իլհամ Ալիեւն ինչ-որ ծրագրեր ունի, որոնք իրականացնելու համար նրան նույնպես պետք է ստեղծել «պետականության փլուզման վտանգի» իմիտացիա, հետեւողականորեն «ասպարեզ բացել»: Բայց` ո՞ւմ կամ ինչի՞ համար: Մի՞թե Ադրբեջանը վերստին հայտնվում է «օրիենտացիա որդեգրելու» երկընտրանքի առաջ: Իսկ գուցե նաեւ դրանո՞վ էր պայմանավորված Բաքվում դեսպան նշանակելու մասին ԱՄՆ նախագահի շուտափույթ ընդունված որոշումը:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4