Համագումարին ընդառաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր անդամների դատին կներկայացնի ծրագրային փոփոխություններ եւ հավելումներ, որոնք ավելի հստակ են դարձնում կուսակցության դիրքորոշումը եվրոպական ինտեգրման եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ: Տնտեսական, կրթական, մշակութային եւ սոցիալական հարաբերությունների բոլոր ոլորտներում ծրագիրը նախատեսում է եվրոպական չափանիշների եւ կանոնների ներդրման անհրաժեշտությունը, իսկ անվտանգության, ռազմական եւ առեւտրային համագործակցության հարցում Հայաստանի թիվ մեկ գործընկերը Ռուսաստանն է:
«Բարգավաճ Հայաստանը» քայլ առ քայլ կկիրառի Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) չափորոշիչները: Մյուս կողմիցՙ կուսակցության կառուցվածքային հնարավոր փոփոխությունները պետք է լինեն համահունչ իրականությանը եւ պետք է համապատասխանեն բոլոր տարածքային ստորաբաժանումների, քաղաքական խորհրդի իրական աշխատաոճին եւ առանձին դերակատարների շահերին:
ՎԻԿՏՈՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի խորհրդական