«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2011-01-12 | #3, 2011-01-13 | #4, 2011-01-14


ԼԵՀ ԱՆՋԵՅ ԿԱՍՊՐՇԻԿԸ ԻՆՉՊԵ՞Ս Է ԳՆԱԼՈՒ ՂԱՐԱԲԱՂ

Միգուցե ներքոհիշյալ երկու իրադարձությունների միջեւ որեւէ կապ չկա, բայց դրանց հերթականությունը բավական հետաքրքրական է: Նախՙ Եվրոմիության հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն երեկ ԵՄ էներգետիկայի հարցերով կոմիսար Հյունտեր Օտտինգերի հետ ժամանեց Բաքու, այնտեղից էլ եվրոպացիները պետք է մեկնեն Թուրքմենստան:

Այցի ընթացքում եվրոպացի պաշտոնյաները կհանդիպեն Իլհամ Ալիեւին եւ Թուրքմենստանի նախագահ Գյուրբանօղլի Բերդիմուհամմեդովին. «Ադրբեջանն ու Թուրքմենստանը ԵՄ-ի համար առանցքային գործընկեր են ինչպես «Արեւելյան գործընկերության» շրջանակներում, այնպես էլ Եվրոպայի ռազմավարության առումով Միջին Ասիայում: Եվրոպան շահագրգռված է մեր հարաբերությունների ամրապնդմամբ, մասնավորապեսՙ մենք մեծապես հետաքրքրված ենք այս տարածաշրջանից եկող էներգառեսուրսների անվտանգությամբ եւ ծավալի մեծացմամբ: Այս կտրվածքում ես կցանկանայի ընդգծել «Հարավային հոսքի» կառուցման նշանակությունը, որով գազը Կասպյան տարածաշրջանից անմիջապես կհասնի եվրոպացի սպառողներին», այս հայտարարությամբ հանդես է եկել Բարոզուն նախքան Բաքու հասնելը` հավելելով, որ «Ադրբեջանի եւ Թուրքմենստանի հետ ջանքեր կգործադրեն, որպեսզի իրենց ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերը իրականություն դառնան»:

Նշենք նաեւ, որ Բարոզուն Բաքվում Իլհամ Ալիեւի հետ համաձայնեցրեց «ԵՄ-Ադրբեջան. համագործակցություն հանուն արդիականացման» համաձայնագիրը, ըստ որի Ադրբեջանը պարտավորված կլինի քաղաքական ու տնտեսական լուրջ ռեֆորմներ իրականացնել, իսկ հունվարի 13-ին ստորագրեցին ԵՄ-Ադրբեջան համատեղ արձանագրություն` էներգառեսուրսների «Հարավային միջանցքի» ստեղծման առնչությամբ:

Իսկ այժմ այս իրադարձություններին նախորդած «փոքրիկ քայլի» մասին: Հունվարի առաջին օրերին Եվրոմիության «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության, որի անդամ են ինչպես Ադրբեջանը, այնպես էլՙ Հայաստանը, նախաձեռնողներից Լեհաստանի արտգործնախարարությունը հանդես եկավ բավական տարօրինակ հայտարարությամբ»:

Այսպես, Լեհաստանի ԱԳՆ-ն ոչ թե կոչ է անում, ոչ թե հորդորում է, առաջարկում է ձեռնպահ մնալ, այլ հենց «պահանջում է» իր քաղաքացիներից չմեկնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ինչո՞ւ. «Քանի որ այն ադրբեջանական տարածք է եւ, համաձայն միջազգային իրավունքի, պետք է ձեռք բերել Բաքվի համաձայնությունը»: Ուրեմն, եթե մի պահ մոռանանք դիվանագիտական բառապաշարը, իսկ այնտեղ անգամ «պահանջում է» տերմինը դժվար թե օգտագործվի, ապա զավեշտալի է անգամ այն «միամիտ լեհերի» վիճակը, որոնք ԼՂՀ մեկնելու համար ձեռք կբերեն Բաքվի համաձայնությունը, հետո՞, իսկ մեկնո՞ւմը, իսկ որտեղի՞ց...

Ինչպես վերը նշեցինք, հնարավոր է, որ «էներգակիրների ապահով ու ամրապնդվող միջանցք» ստեղծելու համար ԵՄ-ն` ի դեմս ոչ պատահականորեն ընտրված Լեհաստանի, փորձում է այս կերպ սիրաշահել Բաքվին: Ինչեւէ, Լեհաստանի ԱԳՆ-ի հայտարարության կապակցությամբ արդեն իսկ իրենց տարակուսանքն ու դժգոհությունն են հայտնել հայաստանյան 26 երիտասարդական կազմակերպություններ:

Վարշավային պատասխանող հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Եթե Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն իրեն համարում է միջազգային իրավունքի գիտակ, ապա կցանկանայինք հիշեցնել, որ Արցախի ժողովուրդը ինքնորոշվել ու անկախ է ապրում հենց այդ նույն միջազգային իրավունքներին համահունչ»:

Երեկ Լեհաստանի ԱԳՆ-ի հայտարարության կապակցությամբ տարակուսանք հայտնեց նաեւ ԼՂՀ արտգործնախարարությունը. «Վերջին ժամանակներս Բաքվի քարոզչամեքենայի շահարկումների առարկա է դարձել Ադրբեջանում Լեհաստանի դեսպանության կայքէջում տեղադրված Լեհաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունը, որի առիթը 2010 թվականի դեկտեմբերին Եվրոխորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Թոմաշ Պորեբայի այցն էր ԼՂՀ:

Անտարակույս, ԼՂՀ այցելությունների անցանկալիության վերաբերյալ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունը երաշխավորական-տեղեկատվական բնույթ է կրում, ինչի մասին մասնավորապես վկայում է այն, որ Լեհաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջում նշված տեղեկատվությունը բացակայում է: Սակայն հավատարիմ մնալով իրեն` պաշտոնական Բաքուն ուռճացնում է հիշյալ թեման:

Այդուհանդերձ, տարօրինակ է մնում Լեհաստանի իշխանությունների դիրքորոշումը, քանի որ նաեւ այդ երկիրն է նախաձեռնել ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը, որը հիմնված է ժողովրդավարության եւ միջազգային իրավունքի սկզբունքների վրա: Արդյոք լեհական իշխանությունները դրանով իսկ չե՞ն ոտնահարում իրենց քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Չէ՞ որ դեռ ոչ մեկը չի բեկանել ազատ տեղաշարժվելու եւ ճշմարտացի տեղեկատվություն ստանալու իրավունքի միջազգային համաձայնագիրը:

Միանգամայն տեղին կլինի հարց ուղղել Լեհաստանի արտաքին գործերի նախարար պան Ռադոսլավ Սիկորսկուն, թե արդյոք տվյալ սահմանափակումը տարածվո՞ւմ է նաեւ լեհ քաղաքացի Անջեյ Կասպրշիկի վրա: Ի դեպ, ամեն ինչից դատելով, Բաքվի չինովնիկների սպառնալիքները հազիվ թե տպավորություն թողնեն որեւէ մեկի մեջ:

Չնայած արտասահմանցիների այցերը Արցախ Բաքվում համարում են քրեորեն պատժելի հանցանք, անկախության հռչակումից ի վեր ԼՂՀ են այցելել տասնյակհազարավոր օտարերկրացիներ` զբոսաշրջիկներ, քաղաքագետներ, գործարարներ, դերասաններ, լրագրողներ, այդ թվում` Ադրբեջանի ամենաբարեկամ երկրների, օրինակ, Թուրքիայի ներկայացուցիչներ:

Ավելին, Արցախ այցելող արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը, այդ թվում` ԵՄ երկրներից, տարեցտարի կայուն կերպով ավելանում է: Բազմաթիվ օտարերկրացիներ ԼՂՀ են այցելում մի քանի անգամ: Ընդլայնվում է այն երկրների աշխարհագրությունը, որտեղից զբոսաշրջիկներ են ժամանում: 2010 թվականին առաջին անգամ ԼՂՀ են այցելել Գաբոնի եւ Կոտ դ՚ Իվուարի քաղաքացիներ: Այդ ամենը վկայում է, որ աշխարհում տարեցտարի աճում է հետաքրքրությունը Արցախի նկատմամբ, չնայած Ադրբեջանի ակտիվ հակազդեցությանը եւ այն բանին, որ ԼՂՀ այցելող օտարերկրյա քաղաքացիները հայտարարվում են «նոն գրատա» անձինք:

Զբոսաշրջիկներին հրապուրում են հինավուրց պատմական հուշարձանները, շքեղ բնությունը, առողջ բնապահպանական միջավայրը եւ այլն: Սակայն, նրանց խոսքերով, երկրի հիմնական հարստությունը կազմում են նրա բարյացակամ եւ հյուրասեր մարդիկ: Անկասկած, այսուհետեւ, ԼՂՀ-ում առանձնահատուկ ուշադրությամբ կվերաբերվեն Լեհաստանի քաղաքացիներին, որոնք անտեսելով արհեստական արգելքներըՙ կայցելեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն», ասված է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4