ԵԱՀԿ տարածաշրջանում չլուծված խնդիրների առնչությամբ այս կազմակերպության անելիք անհրաժեշտ քայլերի մասին երեկ խոսել է այժմ այս կառույցում նախագահող Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Ազուբալիսը: «ԵԱՀԿ տարածքում գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորումը խաղաղ եւ բանակցային ճանապարհով պետք է լինի ամենակարեւոր պարտավորությունը», հայտարարել է լիտվական արտաքին գերատեսչության ղեկավարը:
Նրա խոսքերով, ԵԱՀԿ լիտվական նախագահությունն աշխատելու է խթանել Մոլդովայի առնչությամբ «5+2» ձեւաչափով ընթացող բանակցությունները, օգտագործել ժնեւյան գործընթացը` վերականգնելու վստահությունն ու աշխատելու վերականգնել նաեւ ԵԱՀԿ ներկայությունը Վրաստանում: Աուդրոնիուս Ազուբալիսը, ըստ ԵԱՀԿ պաշտոնական կայքէջի, նաեւ հայտարարել է, թե Լիտվան աջակցելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` նոր լիցք հաղորդելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման «քաղաքական բանակցություններին»:
Լիտվայի ԱԳ նախարարը ելույթ ունենալով Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդում նախագահությունը ստանձնելու արարողությանը` անդրադարձել է նաեւ Բելառուսում ընտրությունների անհաջող ընթացքին, խոսել է մամուլի ազատության կարեւորությունից: Իսկ որպես ԵԱՀԿ-ում լիտվական նախագահության առաջնահերթություններ են նշվել աջակցությունը հակամարտությունների կարգավորմանը, ԵԱՀԿ տարածքի անդրազգային սպառնալիքների դեմ պայքարի ջանքերի մեծացումը, հանդուրժողականության խթանումը կրթության միջոցով, էներգետիկ անվտանգության ոլորտում ընդհանուր սկզբունքների մշակումը եւ ենթատարածաշրջանային համագործակցության խթանումը:
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ