ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը հունվարի 18-ին այցելելու է Հայաստան եւ ամենայն հավանականությամբ կհանդիպի խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ, հանդիպումների օրակարգում կլինեն ԵԽԽՎ վերջին բանաձեւերի կատարումները, մարտի 1-ի հետեւանքների վերացումը եւ այլն: Երեկ լրագրողներին հանդիպած ԱԺ եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը իրազեկված չէր հանձնակատարի օրակարգից, բայց ենթադրում էր, որ բազմաթիվ մտահոգություններ արձանագրած ԵԽԽՎ բանաձեւերի հետ է հենց կապվելու այդ օրակարգը: Հունվարի վերջին ԵԽԽՎ նստաշրջանում Հայաստանին վերաբերող հարց չկա, բայց քանի որ նախարարների կոմիտեն ղեկավարում է Ահմեդ Դավութօղլուն, իսկ ԵԽԽՎ նախագահը Մովլութ Չավուշօղլուն է, եւ այդ տանդեմն ամեն կերպ սպասարկելու է թուրք-ադրբեջանական լոբբիին, հայկական պատվիրակությունը պետք է պատրաստ լինի դիմագրավելու ամեն անակնկալի, մանավանդ հունվարյան նստաշրջանում ելույթ ունեն ե՛ւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ե՛ւ Դավութօղլուն: Ն. Զոհրաբյանը նրանց ելույթների ժամանակ հանդես է գալու հարցապնդումներով: Չի բացառվում, որ Դավութօղլու-Չավուշօղլու զույգը հունվարյան նստաշրջանում փորձի իրականություն դարձնել ԼՂՀ հարցով ենթահանձնաժողովի ստեղծումը: Կոնկրետ Ն. Զոհրաբյանը հերթագրվել է երեք ելույթի համար` փախստականների եւ միգրացիայի վերաբերյալ հարցերի քննարկման ժամանակ, որտեղ խոսք կգնա ԼՂՀ-ի մասին: Իսկ եթե ԼՂ հարցով ենթահանձնաժողովը փորձեն վերակենդանացնել, ապա հայկական պատվիրակությունն, ըստ Ն. Զոհրաբյանի, պետք է բոյկոտի դա: