Կառավարության շենքի մոտ երեկ բողոքի ցույց էին անցկացնում արդեն 8-րդ տարին Երեւանի իրացման գոտի համարվող Կոզեռն թաղամասի բնակիչները: «Պահանջում ենք արդար փոխհատուցում», «Կոզեռնը միասնական է» եւ այլ կարգախոսներով 100-150 բնակիչներ իրենց դժգոհությունն էին հայտնում նախօրեին գնահատող կազմակերպության արած փոխհատուցման գնային առաջարկից: Բնակիչները արդար փոխհատուցում ստանալու իրենց պահանջը հայտնեցին կառավարության նիստից դուրս եկող քաղաքապետ Կարեն Կարապետյանին, որը խոստացավ զբաղվել այդ հարցով: