«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2011-01-12 | #3, 2011-01-13 | #4, 2011-01-14


ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԼՐԱՑՈՒՄ

Հայաստանում հնագիտական բացահայտումների մի այնպիսի բում է մեր օրերում, որ խելացի եւ նպատակային օգտագործելով դրանց արդյունքները` հայերս կարող ենք երկար ճառերի ու անօգուտ բանավեճերի փոխարեն հնագիտական անգին նյութն օգտագործել հայկական ինքնության դեմ հարձակումներին ի պատասխան: Այդ առումով, օրինակ, Արենիի քարանձավի շուրջը ստեղծված աշխուժությունն իր գործն անում է. ավելի վաղ հայտնագործված քարանձավի հազվագյուտ գտածոների պարբերական հայտնագործումն ու նկարագրությունը անընդհատ աշխարհը սնում են գիտական այնպիսի խոսուն փաստերով, որ դրանց դեմ չի կարող առարկել եւ ոչ մի կեղծարար, ու այստեղ դեր ունի նաեւ այն, որ հնագիտական արշավախումբը արտերկրի մասնագետներով եւս հագեցած է: 2007-ից ի վեր աշխարհի մակարդակով Արենիի մասին ինչ ասես իմացվել է` էլ 5500-ամյա կոշիկ, էլ նույն տարիքի գույները պահպանած գործվածք, հյուսվածքնրը պահպանած այծ: Հիմա էլ միջազգային լրատվամիջոցները պատմում են, որ Արենիում 6000-ամյա գինեգործարան է հայտնաբերվել` մինչեւ հիմա հայտնաբերվածներից ամենահինը, ինչը Փենսիլվանիայի համալսարանի թանգարանի կենսամոլեկուլյար հնագիտության փորձարանի տնօրեն Պատրիկ Մաքհովերին ենթադրել է տալիս, որ գինու մշակույթն ու եվրասիական խաղողի տարածումը սկսվել են այժմյան Հայաստանից եւ նրան հարակից լեռնային շրջաններից: Ահա այսպիսի գիտական գնահատականների դեմ անզոր են հայերի պատմությունն ու անցյալը յուրացնելուն եւ պատմությունը կեղծելուն զինվորագրված մեր մոտակա հարեւանների ջանքերը:

Մեր ասածն այն է, որ Արենին բոլորովին էլ եզակի վկայարան չէ Հայաստանի տարածքում գոյություն ունեցած կազմակերպված հանրույթների մասին, եւ հնագիտական արշավախմբերի նպատակային ֆինանսավորման եւ կազմավորման, պետական կառույցների` այս ուղղությամբ նպատակաուղղված գործողությունների պարագայում շատ դեպքերում մենք ինքնին կարող ենք ստանալ մեր թշնամիների կողմից միջազգային ասպարեզում հրահրված շատ արհեստական բանավեճերի պատասխան- հերքումը` անվիճելի հնագիտական գտածոներով եւ դրանց գիտական արժեւորման տեսքով:

Ահա այդպիսի մի հնարավորություն կլիներ նաեւ Երեւան քաղաքի հյուսիս- արեւելքում Ավան եւ Ավան-Առինջ թաղամասերի շուրջը պարփակված Արտաշիսյանների շրջանի քաղաքատիպ բնակավայրի հնավայրի լիարժեք հետազոտումը, որի մեծ մասն այժմ, իհարկե, նոր կառուցապատումների տակ է, թեեւ տարածքն արգելոց է եղել: Տիգրան Մեծի ժամանակների քաղաքի մնացորդները եւ հարակից հնավայրի մի փոքրիկ հատված պեղելով միայն հնագետ Արա Դեմիրխանյանի ղեկավարած արշավախումբը ժամանակին մոտ 5 հազար հնագիտական նմուշ էր հայտնաբերել, եւ այդ հնավայրը մի անգին գանձ է հենց Երեւանի համար, քանի որ կարող է դառնալ Երեւանի անձնագիրը: Դեմիրխանյանը երկար տարիներ ուսումնասիրելով տարածքի` ժամանակագրական առումով երեք խումբ հուշարձանները` 250-ից ավելի գունավոր ներդիրներով մենագրություն էր պատրաստել. երեք պատմական ժամանակաշրջան արտացոլող հուշարձանախմբի մի մասը Տիգրան Մեծի ժամանակաշրջանի զարգացած մշակույթով քաղաքի մնացորդներին է վերաբերում, որոնք հայոց հնագույն պատմության եւ միջնադարյան ժամանակների միջեւ ընկած 200 եւ ավելի տարվա պատմությունն են լրացնում, իսկ կոնկրետ անտիկ քաղաքի հուշարձանից 1000-ից ավելի առարկաներ են հայտնաբերվել:

Հնագետի` Երեւան քաղաքի պատմության այդ ժամանակի վերաբերյալ ուսումնասիրությունը տվյալ բնակավայրի հնագիտական նյութի միջոցով հասարակությանը եւ մասնագետներին անցած տարեվերջին գրքի տեսքով հասցրեց Երեւանի քաղաքապետարանը` հովանավորելով Դեմիրխանյանի տարիների աշխատանք «Երեւան քաղաքի հյուիս-արեւելքը Արտաշիսյաննների դարաշրջանում» մենագրության տպագրությունը բազմաթիվ ներդիրներով, ճիշտ է` ոչ բոլորը գունավոր, բայց խիստ հետաքրքրական, ու հատկապես հնագիտության ոլորտ նոր ոտք դնողի եւ ընդհանրապես ուսումնասիրողների համար` դասագրքային նշանակությամբ: Եթե քաղաքապետարանը շարունակեր սկսած գործն ու Արա Դեմիրխանյանի առաջարկներին անսալով` մի փոքրիկ թանգարան կազմակերպեր հնավայրին հարակից որեւէ տարածքում, որը կարող էր դառնալ ուրարտական քաղաքի, եւ ինչու չէ, նույն տարածքի ավելի վաղ եւ ավելի ուշ ժամանակի մասին պատմող նյութերի մի զետեղարան, հասցեագրված հատկապես ուրարտական պատմությունը կեղծող մեր հարեւաններին եւ այլ կեղծարարների, սա կարելի կլիներ մայրաքաղաքի ղեկավարների` ճիշտ հիմքի վրա դրված գործի ճիշտ շարունակության համարել, քաղաքի անձնագիրը դրսին եւ ներսին մատուցելու խելացի եւ շնորհակալ գործ: Միայն մի օրինակով հիշեցնենք, որ հենց վերջերս թուրքերը Վան-Տոսպի պատմությունը կեղծող բուկլետներ էին հրապարակել եւ Աղթամարի Ս. Խաչի պատարագի օրերին բաժանում էին զբոսաշրջիկներին` Տոսպի ուրարտական պատմությունը վերագրելով եզդիներին եւ այլ ազգերի, մինչդեռ աշխարհին ներկայացված եւ գիտական շրջանակների կողմից ընդունված հնագիտական նյութը ուրարտական քաղաքի մասին, Երեւանի տարածքում, նույն այդ կեղծարարներին կարող է ծիծաղելի դարձնել աշխարհի աչքում:

Վերադառնալով երկլեզու` ռուսերեն եւ հայերեն ամփոփում ունեցող «Երեւան քաղաքի հյուսիս-արեւելքը Արտաշիսյանների դարաշրջանում» գրքին` մենագրության առիթով հնագետի երջանկությունը հասցնենք հասարակությանը` մի փոքր մատուցելով մենագրության նյութը:

Ավանի եւ նրան հարող Առինջի բնակավայրը բացառիկ է իր պատմության եւ մշակույթի շարունակականությամբ` սկսած վաղ բրոնզի դարաշրջանից (մ.թ.ա 4-3-րդ հազարամյակների սահմանագլխից)` մինչեւ անտիկ ժամանակշրջան եւ միջնադար: Ավանի հելենիստական շրջանի հնավայրը սկզբնապես ոչ մեծ չափի բլուր էր, տեղանքն ուներ նպաստավոր աշխարհագրական դիրք` բնականից պաշտպանված այլ բլուրներով եւ աշխուժանալով Գետառի բարեբեր հովտի ջրերով, երկրագործներին եւ անասնապահներին գրավելով բնական պաշարների առատությամբ: Ավանի որակյալ կավն էլ խթանել է խեցեգործության զարգացումը: Բնակավայրը տարանցիկ առեւտրի մայրուղուն մոտ է գտնվել, մայրուղին էլ ավելի մեծ առեւտրաշահ կենտրոնների է կապվել Հայաստանում եւ նրա տարածքից դուրս, այնպես որ այստեղ վաղ ժամանակներից բզզացել է կյանքը: Պեղումներից գտնված իրերը խոսուն վկաներն են գրեթե երեք դար` մ. թ. ա. 2-1-ին դարերում գոյատեւած աշխույժ, առեւտրաշահ, ծաղկած մշակույթ եւ ավելի շատ քաղաքային կենցաղ ունեցող բնակավայրի: Պեղումներն ի հայտ են բերել անմիջական բնակարանների մոտ կատարած թաղումներ` կարասների մեջ (դիադրում), դամբարաններում գտնվել են դրամներ, հոգեւոր մշակույթի նմուշներ: Շատ գտածոներ արժեքավոր են նրանով, որ արտացոլում են տեղական հավատալիքներն ու ծեսերը: Դրանք եւ բնական քարերից ու ապակուց պատրաստված զարդարանքներ են, եւ պերճանքի առարկաներ, եւ ծիսական իրեր, եւ կենցաղային օգտագործման առարկաներ, եւ գործիքներ, ընդ որում` ճաշակով եւ ժամանակի մշակութային ընկալմամբ ձեւավորված: Դրանց պատկերները կգտնեք 500 օրինակով լույս տեսած գրքում, ով գիտե` գուցե մոտ ապագայում այդ հիմքով ձեւավորված թանգարանում:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4